mercredi 4 avril 2012

ՍՈՒՐԲ ԽՈՐՀՈՒՐԴԻՆ ԶԳՈՒՇՈՒԹՅԱՄԲ ՈՒ ԵՐԿՅՈՒՂՈՎ ՄՈՏԵՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Սբ. Հովհան Մանդակունի


  Երբ հիշում եմ ահագին և մեծ Խորհուրդին մերձենալու մասին, ոսկորներս սոսկում են դողալով, հոգիս սարսափում է ահից, միտքս, երկու կողմ ընթանալով, ալեկոծվում է հանապազ. կամենում եմ մոտենալ Փափագելիին, բայց անարժան լինելս արգելում է, իսկ այն մերժելն ու հեռանալը կորուստ է հոգուս:
Տերունական  Ընթրիք
    Շատերն են մոտենում վատաբար, [շատերն էլ] հեռու են մնում անօրինաբար. երկուսն էլ սատանայից են. որովհետև մեկը, չիմանալով ահեղ Խորհուրդի զորությունը, ընտելացած սովորությամբ մոտենում է խղճմտանքով ոչ թե փրկության, այլ դատապարտության, ոչ թե մեղքերի թողության, այլ իր անօրենությունն ավելացնելու համար: Իսկ մյուսը հեռանում է` արհամարհելով, կարևոր չհամարելով այն, որովհետև չի ճանաչում մեծ Խորհուրդի զորությունն ու շնորհները: Կամ էլ, Խորհուրդը պատիվ համարելով, հաճախ չի մոտենում:
    Կյանքից հեռանալը և խավարն ու մահը փափագելը ո՛չ թե պատիվ են, այլ հիմարություն ու ծուլություն: Այդ մասին Տերն Ինքն է ասում, թե` «Ես եմ կենդանի հացը. եթե մեկն այս հացից ուտի, հավիտյան կապրի, և այն հացը, որ ես տալիս եմ, իմ մարմինն է, որ ես տալիս եմ, որպեսզի աշխարհը կյանք ունենա» [Հովհ. Զ 51-52]:
    Եվ արդ, ամեն ոք, ով հեռանում է Քրիստոսի մարմնից ու արյունից, ինչպես որ առավել հաստատելու համար ավելացնում է «ճշմարիտ»ը. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե չուտեք մարդու Որդու մարմինը և չխմեք Նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա» [Հովհ. Զ 54]: Իսկ ովքեր չունեն հավիտենական կյանք, նրանց ժառանգությունը մութ խավարն է և գեհենի հուրը: Որովհետև ամեն ոք, ով հեռու է սուրբ Խորհուրդից, հեշտությամբ է ընդունում սատանայական ախտը և մշտապես օթևան է լինում նրա համար: Մարդը պետք է կա՛մ Հոգու շնորհներից վայելի, կա՛մ պիղծ հոգուց ընդունի: «Տիրոջ Հոգին վերացավ Սավուղից, և չար այսը նեղում էր նրան» [տե՛ս Ա Թագ. ԺԶ 14]: Ապականող գազաններն ու անտառի խոզերն են մտնում այն այգին, որը չունի պարիսպ, և ապականում են այն:
   Եվ նրանք, ովքեր չեն պարսպվում սուրբ Խորհուրդով, դևերի բնակարան են. փախչելով հրեշտակների ժողովից` դևերի բանակն են ընկնում, դևերը հեշտությամբ բռնում են նրանց, տանջում են նրանց հոգին և չարաչար լլկում են նրանց մարմինները երբեմն հրով, երբեմն ջրով: Եվ արդ, տե՛ս և ձերբազատվի՛ր հիմարությունիցդ, ուղղի՛ր թերահավատությունդ, ծուլությունդ փութկոտությա՛ն վերածիր, շտապի՛ր սրբվել մեղքերիցդ և մեծ փափագով փութա՛ դեպի հոգևոր սուրբ սեղանը, որպեսզի չհեռանաս քրիստոնյա անունիցդ: Քանզի քրիստոնեական հավատքը մկրտությունն ու սուրբ Խորհուրդի վայելումն են, իսկ ով հեռու և թերի է նրանցից, թերի է քրիստոնեությունից, որովհետև Քրիստոս չի բնակվում նրա մեջ, ոչ էլ ինքը` Քրիստոսի մեջ, քանզի. «Ով ուտում է իմ մարմնից, ասում է, նա բնակվում է իմ մեջ, և ես` նրա մեջ» [Հովհ. Զ 57]:
    Եվ արդ, ով կամենում է բնակվել Նրա մեջ, պետք է գնա այնպես, ինչպես որ Նա գնաց: Եվ ով ունենա այն հույսը, թե Աստված կբնակվի իր մեջ, և ինքը` Աստծու մեջ, պետք է լինի այնպես սուրբ (մարդկային տկարության չափով), ինչպես որ Նա է սուրբ, ապա միայն մոտենա: Իսկ նա, ով այդպես չի մոտենում, հայտնի է, որ մոտենում է իր անձի դատապարտությանը: Քանզի տերունական սուրբ մարմնին մոտենալը սուրբերի համար լույս է և լուսավորում է հոգու մերձաւորութեամբ, իսկ անմաքուրների համար կրակ է, այրում ու ապականում է խղճմտանքով մոտենալու համար: Քանզի երբ քո միտքը չի վկայում քո սրբության մասին, հայտնի է, որ քո` սուրբ Խորհուրդին մոտենալը Աստծու կամքով չէ: Ինչպես Պողոսն է ասում, թե` «Աստծու կամքը ձեր մտքի վկայությունն է» [հմմտ. Բ Կոր. Ա 12, Ա Թեսաղ. Դ 3]: Եվ եթե քո միտքը վկայում է քո սրբության մասին, ուրեմն քո` [սուրբ Խորհուրդին] մոտենալը Աստծու կամքով է: Բայց եթե անմաքրությամբ ես մոտենում, իմացի՛ր, որ դատապարտված կելնես և բոլոր անօրեններից առավել անօրեն [կլինես], որովհետև սա ավելի մեծ անօրենություն է, քան մարդասպանների, արյուն թափողների չար[ագործ]ությունը: Որովհետև եթե մարդը մարդ է սպանում, մարդասպան է անվանվում, իսկ Տիրոջ մարմնին անարժանաբար հաղորդվողը աստվածասպան է, որովհետև. «Վերստին խաչ է հանում Աստծու Որդուն» [Եբր. Զ 6]:
    Եվ արդ, տե՛ս թե ո՜ր սեղանին ես անօրենությամբ մոտենում. որից սոսկում ու սարսափում են վերին զորությունները, իսկ դու հանդգնում ես մոտենալ պիղծ շրթունքներովդ: Եթե քեզնից վատ հոտ գար, չէիր համարձակվի մոտենալ որևէ թագավորի, իսկ հոտած հոգումդ ընդունում ես երկնավոր Թագավորին և մեծ սարսափով չես սարսափում. ցեխոտ ձեռքերով չես ուզում կերակուրին մոտենալ, իսկ տղմաթաթախ հոգովդ համարձակ հաղորդվում ես: Ո՜վ խորք անօրենության, ո՜վ ահեղ արհավիրք, ո՜վ անամոթ լրբություն և սաստիկ ամբարշտություն. անմաքրությամբ և աղտեղի հոգով գնում մոտենում ես մեծ Խորհուրդի սրբությանը: Չկա և հնարավոր չէ տեսնել մի մարդու, որ ավելի մեծ անօրենություն հանդգնի գործել: «Եթե մարդը մեղանչում է մարդու դեմ, ապա պետք է աղաչի Աստծուն, իսկ եթե Աստծու դեմ է մեղանչում, ո՞ւմ պիտի աղաչի» [տե՛ս Ա Թագ. Բ 25], քանզի ոչ թե մարդու արյան պարտական եղան, այլ Աստծու Որդու մարմնին ու արյանը: Լա՛վ մտածիր և տե՛ս, թե ինչպես ես հաղորդվում սուրբ Խորհուրդին. քանզի եթե վստահ ես, որ Աստծու արքայությունն ես մտնելու, առանց տարակուսելու հաղորդվի՛ր Խորհուրդին, իսկ եթե թերահավատ ես երկնային արքայություն [մտնելուդ հանդեպ], ապա ուրեմն արժանի չես Խորհուրդի սրբությանը: Քանի որ հնարավոր չէ սուրբ Խորհուրդին արժանի լինել, իսկ արքայությանը` ոչ, որովհետև երկուսին էլ միևնույն սրբությամբ ենք արժանի լինում:
    Թեև ոմանք խղճմտանքի պատճառով չեն հաղորդվում, սակայն կեղծավորելով մնում են [եկեղեցու] ներսում` դրսում եղողներին կարծել տալով, թե հաղորդվողների մեջ են: Քանզի բոլոր նրանք, ովքեր արժանի չեն Խորհուրդին, [արժանի չեն] նաև ներսում մնալու, աղոթքների և հաղորդության, այլ դուրս ելնելու անարժանների հետ (1): Մի՛ կեղծավորիր` արժանավորի նման ներսում մնալով և անարժանների նման չհաղորդվելով: Ինչո՞ւ ես արհամարհում ահավոր և մեծ Խորհուրդը. չգիտե՞ս, որ երբ Սուրբ Խորհուրդը սուրբ սեղանին է ելնում, այնժամ ի վերուստ բացվում է երկինքը, և Քրիստոս իջնելով` հասնում է այնտեղ, հրեշտակների զորքերը ծավալվում են երկնքից երկիր և բոլորում են սեղանի շուրջը, ուր տերունական ահավոր Խորհուրդն է, և բոլորը լցվում են Սուրբ Հոգով: Այնժամ խղճմտանք ունեցողները արժանի չեն հաղորդվելու այդպիսի Խորհուրդին, մինչև որ ապաշխարությամբ չուղղվեն: Լսի՛ր քարոզչի ձայնը. «Ոչ ոք երախաներից (1), ոչ ոք թերահավատներից և ոչ ոք անհույսներից, ովքեր պատրաստ չեն սրբությամբ», նրանց դուրս է ուղարկում և ներսում մնացողներին ասում է. «Նայեցե՛ք ձեր անձերին և քննեցե՛ք ձեր սրտերը. թող ոչ ոք մեղքով, նենգությամբ, խորամանկությամբ, պատրանքով, երկմտությամբ և թերահավատությամբ չմոտենա՛», որովհետև Խորհուրդի սրբությունը վայել է սուրբերին ու անարատներին: Եվ այս լսելով` չենք դողում ու սոսկում ահավոր և մեծ Խորհուրդից, որից սարսափում են սերովբեները, իսկ քերովբեները չեն համարձակվում մերձենալ, հրեշտակներն ու հրեշտակապետները սոսկում են դողալով, և վերնային բոլոր զորությունները հիացած սարսում են: Իսկ նա, ով հանցավոր խղճով մոտենա նրան, որքա՜ն սաստիկ տանջանքով պիտի մաշվի, ինչպես չոր ճյուղ, որ հրին հպուելով այրվում ու ոչնչանում է, քանի որ փոքր բան համարելով Քրիստոսի մարմինը` անարգեց այն:
    Նաև իբրև լոկ հացի մի՛ նայիր և [լոկ] իբրև գինի մի՛ համարիր և տես. որովհետև սուրբ Խորհուրդի ահավորությունը տեսանելի չէ, այլ իմանալի զորություն է այն: Քանզի Քրիստոս [սուրբ] Խորհուրդի և մկրտության մեջ տեսանելի ոչինչ չավանդեց մեզ, այլ իմանալի: Տեսնում ենք ջուր, բայց և հավատում ենք աստվածային այն խոսքին, որ ասում է, թե` «Սա իմ մարմինն ու արյունն է, ով ուտի իմ մարմնից և խմի իմ արյունից, նա կբնակվի իմ մեջ, և ես` նրա մեջ: Եվ վերջին օրը ես նրան հարություն առնել կտամ» [Հովհ. Զ 55, 57]: Եվ մենք ճշմարիտ հավատով հավատում ենք, որ Քրիստո՛սն է [սուրբ] սեղանի վրա. Նրա՛ն ենք մոտենում, Նրա՛ն ենք տեսնում, Նրա՛ն ենք շոշափում, Նրա՛ն ենք համբուրում, Նրա՛ն ենք մեր ներսն ընդունում և դառնում մարմին, անդամ և որդիներ Աստծու:
    Արդ, նա, ով այսպիսի հավատով չի հավատում և չի ընդունում, որ Աստծու Որդու մարմինն է այն, հեռու է Աստծու օգնությունից, հեռու է Սուրբ Հոգու շնորհներից, հեռու է մեղքերի թողությունից և հավիտենական կյանքից, չի ակնկալում հարություն և փրկության հույս չունի, զուրկ է քրիստոնեական հավատքից, որով` Քրիստոսի արյան հեղումով, մեզ փրկություն եղավ: Եվ արդ, ոչ ոք թող խղճմտանքով չմոտենա՛ Նրան, ոչ ոք թող թերահավատությամբ թող չմոտենա՛ Նրան, ոչ ոք թող անտարբերությամբ չմոտենա՛ Նրան, այլ ճշմարտապես թող հավատա, որ մեծ ու ահեղ խորհուրդի ժամանակ եկեղեցին երկինք է դառնում, Խորհուրդի սեղանը` փառքի աթոռ, որի վրա իջնում և բազմում է Քրիստոս, որ միշտ բաշխվում է բոլորի փրկության համար:
    Եվ արդ, ո՛վ մարդ, նայի՛ր քեզ և տե՛ս, թե որտե՞ղ ես, Ո՞ւմ ես տեսնում, Ո՞ւմ ես համբուրում և քո ներսն ընդունում. երկնային զորությունների հետ ես, հրեշտակների հետ օրհնում, սերովբեների հետ բարեբանում ես, Քրիստոսի՛ն ես տեսնում, Քրիստոսի՛ն ես համբուրում, Քրիստոսի՛ն ես առնում ու ճաշակում և Սուրբ Հոգով լցված և աստվածային շնորհներով պայծառացած` զորանում հանապազ: Ուստիև դուք, քահանանե՛ր և սպասավորնե՛ր` սուրբ Խորհուրդի մատակարարնե՛ր, ահո՛վ մոտեցեք, երկյուղո՛վ պահեցեք, սրբությա՛մբ սպասավորեցեք և զգուշությա՛մբ մատակարարեցեք. արքունական գանձ ունեք, մեծ երկյուղով զգուշացե՛ք պահպանել, քանզի ձեզ դաժան տանջանքներ են [սպասում], եթե գիտեք մեկի չարագործությունները, և նա եկած լինի և հանդգնի մոտենալ Քրիստոսի սուրբ մարմնին, իսկ դու վախենաս խրատել, մերժել ու հանդիմանել նրան: Այլ ծուլության ու երեսպաշտության պատճառով Քրիստոսի սուրբ մարմինը բաշխեք անօրեններին ու անարժաններին, ինչպես շներին ու խոզերին եք նետում, ինչպիսի՜ ներում ու թողություն պիտի ունենաք, որքա՜ն պատիժների ու սարսափելի տանջանքների պիտի մատնվեք, որ տերունական մարմնի մատնիչներ ու հանցապարտներ եղաք: Ահա Քրիստոսի համար եք իշխում, Քրիստոսի համար եք կերակրվում, իսկ Քրիստոսին անօրեններին եք մատնում և անօրենների պիղծ վարքով չարչարում:
    Արդ, նայի՛ր քո անձին, ո՛վ քահանա, և ճանաչի՛ր ինքդ քեզ. թե որն է քահանայությանդ գործը, և ինչ գործ ունես ստացած: Ո՛չ ժողովրդիդ սերմնացանն ես, ո՛չ նրա արտը հնձողն ու կալսողը, այլ կարգվեցիր ուսուցանելու և խրատելու, մերժելու և հանդիմանելու: Ա՛յդ է քահանայության գործը և ամենօրյա պարտականությունը: Որովհետև այդպիսի պատվով պատվվեցիք և իշխում եք բոլորին այն բանի համար, որ քննեք այնպիսիներին և հանդիմանելով մերժեք: Իսկ այն, որ չգիտեն քահանաները, նրանք առավել դաժան տանջանքների են պարտապան, ինչպես Պողոսն է ասում. «Ով ուտում և խմում է անարժանորեն, պարտական պիտի լինի Տիրոջ մարմնին ու արյանը» [տե՛ս Ա Կոր. ԺԱ 27]: [Առաքյալը] շատերին է խմեցնում դատաստանի դատապարտությունը, չարաչար ախտերով ու հիվանդությունների դառնությամբ հեռացնում այս աշխարհից, ինչպես որ ասում է. «Տիրոջ մարմնին արարժանորեն հաղորդվելու պատճառով ձեր մեջ շատ հիվանդներ ու ցավագարներ կան, և նաև շատ են նրանք, ովքեր տարաժամ մեռան» [տե՛ս Ա Կոր. ԺԱ 29-30]: Քանզի Խորհուրդին անարժանաբար մոտենալու պատճառով լլկվում են չարորակ հիվանդություններից, նույն պատճառով ոմանք խեղանդամ ու անդամալույծ են [իրենց կյանքի] բոլոր օրերում, ոմանք նույն պատճառով հարվածների և անբժշկելի ցավերի մեջ են, ոմանք նույն պատճառով բանտերի ու կապանքների մեջ են մտնում, ոմանք նույն պատճառով անզավակ են ելնում այս աշխարհից: Տիրոջ մարմնին և արյանը անարժանաբար հաղորդվելու պատճառով բազում բնական աղետներ, պտուղների կորուստ, մարդկանց և անասունների տարաժամ մահեր էլ են լինում:
    Ուստիև մոտեցեք մե՛ծ երկյուղով. մեծ զգուշությամբ քննե՛նք մեր սրտերը, ծուլության պատճառով հաղորդության համար [միայն] տոները չնշանակենք, որովհետև ուրբաթ, կիրակի ու Պենտեկոստեին և Զատիկներին միևնույն զոհաբերությունն է, և նույն Խորհուրդն է կատարվում, և դու [հաղորդությանը] մոտենալու ժամանակ միայն միտքդ սուրբ պահիր ու մի՛ ուշացրու հաղորդվելդ: Սուրբ սրտով բազում անգամ մոտենալը հանդգնություն չէ, որովհետև առավել ես ապրեցնում ու նորոգում հոգիդ, իսկ եթե անարժանությամբ և խղճմտանքով կյանքումդ եթե մեկ անգամ մոտենաս, կորցրիր հոգիդ: Տե՛ս, որ Կայենը մեկ մեղք գործեց և կորավ, մեկ մեղք գործեց Քանանը և կորավ, մեկ հանցանք գործեց Աքաաբը և կորավ, մեկ հանցանք գործեց Հուդան և կորավ, Քրիստոսին սպանողները մեկ անգամ սպանություն գործեցին և կորան: Դու էլ, եթե քո ամբողջ կյանքում մեկ անգամ անարժանաբար մոտենաս սուրբ Խորհուրդին, սպանեցիր հոգիդ հավիտենական տանջանքների կորստյամբ:
    Բայց կասես, թե` «Քառասնօրյա պահքի օրերին սրբվելով եմ մոտենում»: Ի՞նչ օգուտ պիտի ունենաս մեկ անգամ սրբվելուց, երբ կրկին ես աղտոտվում. ի՞նչ օգուտ ունի լվանալը, երբ կրկին ես ցեխոտվում. ի՞նչ օգուտ է շինելը, երբ դարձյալ պիտի քանդես: Տոնի օրն ես միայն կամենում առողջ լինել ցավերից, իսկ դրանից հետո մաշվել ցավերի մեջ. մեկ օր բժշկվել մեղքերի վերքերից և ապա նույն վերքերն ստանալ ես ախորժում. մեկ օր հեռանում ես դևից և ապա նրանով լլկվում հանապազ: Այսպես են բոլոր նրանք, ովքեր մեկ անգամ հաղորդվում են սուրբ Խորհուրդին, իսկ հետո հանապազ մաշվում մեղքերի մեջ: Ի՞նչ օգուտ ունի մեկ անգամ հեռանալ սպանողի սրից, երբ հաջորդ օրը նրա ձեռքն ես մատնվելու, և կամ մեկ օր թագավորի հետ սեղան նստել, իսկ հաջորդ օրը մատնվել անողորմ դահիճների ձեռքը: Այդպես էլ ոչ մի շահ և օգուտ չունի միայն Զատկի տոնին սուրբ սեղանից վայելելը և ապա պիղծ գործերով հեռանալը և մշտապես սատանայի հետ լինելը: Ի՞նչ օգուտ ունի տոնի օրը թանկարժեք ակներ գտնելը, իսկ հաջորդ օրը դրանք կորցնելը. ոչ էլ տոնի օրը հաղորդվելն է օգուտ, երբ դարձյալ անարժան վարքով կորցնելու ես այն: Ի՞նչ օգուտ ունի Քրիստոսին մոտենալը, երբ դարձյալ սատանային պիտի հարես: Ո՛չ մի օգուտ չունի այսօր հրից ազատվելն ու վաղը չարաչար այրվելը, և ո՛չ էլ մխիթարություն է մի օր բանտից ելնելն ու թագավոր լինելը և ապա դատապարտյալների հետ անողորմ տանջանքներ կրելը, և ոչ մի օգուտ չունի Խորհուրդից վայելելը, ապա դատապարտվածների հետ դուրս ելնելը: Ինչո՞ւ ես կաղում երկու ոտքով և երկու մտքով նեղսրտում. կա՛մ դևերի ծառա եղիր, կա՛մ Քրիստոսի խորհրդակից: Մի օր սպիտակ ոչխար ես երևում, մի օր` սևաթույր այծ, այսօր հոգելից Դավիթ, վաղը` այսահար Սավուղ, այսօր` հնազանդ Պետրոս, վաղը` ապստամբ Հուդա, այսօր` Քրիստոսի խորհրդակից, վաղը` սատանայի կամքը կատարող, այսօր իբրև քրիստոնյա վայելում ես Տիրոջ մարմնից, վաղը անկնունքի պես հեռանում ես Նրանից, այսօր խոստովանողների հետ ես, վաղը` ուրացողների հետ դրսում, այսօր հավատացյալների հետ մասնակցում ես Խորհուրդին, վաղը անհավատների հետ դուրս ես ելնում: Քեզ ի՞նչ կոչեմ, կամ ի՞նչ անվանեմ քեզ. երբեմն գառ ես դառնում, երբեմն` գազան, երբեմն` լույս ես հագնում, երբեմն` խավարով պատվում, այսօր Թագավորից պատիվ ես առնում, իսկ վաղը չես ընդունում և երես ես դարձնում: Այդպիսին են նրանք, ովքեր որոշ օրերի հաղորդվում են Խորհուրդին և ապա չմկրտվածների պես երես դարձնելով ելնում: Եթե արժանի ես Խորհուրդին, միշտ վայելի՛ր համարձակորեն, որ Հոգով լցված, Քրիստոս զգեցած և Քրիստոսին ընդունած լինես, իսկ եթե վարքուբարքովդ անարժան ես, ուրեմն տոն օրերին էլ արժանի չես [հաղորդության]:
    Բայց եթե ասես, թե` «Քառասնօրյա պահքով սրբվեցի և կամենում եմ մոտենալ սուրբ Խորհուրդին»: Լավ է, և ես կգովեմ: Բայց ինչո՞ւ մշտապես չես մոտենում: «Չեմ կարողանում, ասում ես, ինձ միշտ մաքուր պահել»: Արդ, եթե քո մտքում այդպես է, թե` «Մի անգամ սուրբ Խորհուրդին հաղորդվեմ և ապա հեռանամ», ապա տոնին էլ արժանի չես [հաղորդվելու], որովհետև չարի խորհուրդներն են քո մեջ: Ի՞նչ օգուտ ունի Քրիստոսին մոտենալ և չհեռանալ սատանայից. ի՞նչ օգուտ ունի լավագույն դեղը ճաշակելը, երբ ցավը պահում ես քո ներսում. ի՞նչ օգուտ ունի բժշկի մոտ գնալ, երբ չես կամենում ազատվել վերքերիցդ: Հաղորդվելուց նույնպես ոչ մի օգուտ չես գտնի, երբ չես կամենում մեղքերից հեռանալ, այլ ավելացնում ես դատապարտություն ու տանջանքներ: Եթե թագավորը լսեր, որ մի իշխան այսօր խորհրդակից է իրեն, իսկ վաղը կհեռանար իրենից և թշնամիներին խորհրդակից կլիներ, մի՞թե նրան կընդուներ խորհրդում. [ամենևին]. այլ կկապեր, կտանջեր ու կսպաներ նրան: Որքան ավելի Քրիստոս կդատապարտի և կտանջի նրան, ով այսօր կամենում է Իր հետ տերունական խորհուրդ մտնել և վաղը հեռանալ խորհուրդից և թշնամու կամքը կատարել: Մի՞թե այսօր մաքուր ես մեղքերից, եթե մտքումդ խորհում ես, թե` «Վաղը հեռանամ և իմ անձի կամքը կատարեմ»: Սա ավելի մեծ չարիք է Աստծու առջև: Նա, ով խորհում է մոտենալ Քրիստոսի սուրբ մարմնին, իսկ հետո հեռանալ Նրանից և Աստծու հրամաններից, հենց սա՛ է խղճմտանքով մոտենալը, հենց սա՛ է երկմտությամբ ընդունելը, հենց սա՛ է նենգությամբ հաղորդվելը և պատրանքով, խաբեությամբ ու թերահավատությամբ ճաշակելը: Բոլոր պղծություններից առավել աղտեղի է, երբ մտածում ես հեռանալ և կրկին նախկին չարիքներին մերձենալ: Քանզի [առաքյալն] ասում է, թե` «Այն մարդը, ով հեռանում է մեղքերից և կրկին դրանց է դառնում, նման է այն շանը, որ վերստին դառնում է իր փսխածին» [տե՛ս Բ Պետր., Բ 22]:
    Եվ այժմ, այս ամենը իմանալով, արժանավոր լինելով (արժանավորությամբ) երկար ժամանակով չհեռանա՛նք սուրբ Խորհուրդից, ո՛չ էլ անարժանությամբ հանդգնելով` մոտենանք ահեղ սուրբ Խորհուրդին, որովհետև անարժաններին` նրանց, ովքեր հանդգնում են և խղճմտանքով հաղորդվում, սաստիկ պատիժներ են սպասում: Պատիժներ են սպասում նաև այն արժանավորներին, ովքեր հեղգանում, ծուլանում և երկար ժամանակ [չեն հաղորդվում]: Այլ հոգու մեծ երկյուղով զգուշանա՛նք և մեծ փութով փարատե՛նք անգիտության խավարը` անիրավ բարկությունը, թշնամանքը, հիշաչար ոխակալությունը հեռո՛ւ վանենք խորամանկությունը, վրեժխնդրությունը, նախանձը մերժե՛նք, տրտմությունն ու լուռ ցասումը թոթափե՛նք մեզնից, ագահներից, բամբասողներից, հարբեցողներից ու անառակներից հեռո՛ւ փախչենք, նախանձը, ատելությունը, գաղտնի նենգությունը դադարեցնե՛նք, հաշտվե՛նք մեր թշնամիների հետ, սիրե՛նք մեզ ատողներին, ներե՛նք միմյանց հանցանքները, ամբողջ սրտով ծառայե՛նք իրար, հնազանդվե՛նք միմյանց, միմյանց բեռները վերցնենք, սիրե՛նք միմյանց, մեր ընկերոջը մեզնից լավ համարե՛նք, սրբե՛նք մեր սրտերը, խոնարհեցնե՛նք մեր աչքերը, մեր լեզուները դադարեցնե՛նք բամբասելուց, ապաշխարե՛նք մեր մեղքերը, փարատե՛նք մեր տարակույսները, թոթափե՛նք հիմարությունը և ծուլությունը փութաջանության վերածե՛նք, պահքո՛վ պնդվենք, աղոթքո՛վ աշխատենք, հոժարե՛նք ողորմություն տալ, գործերով առաքինանանք, չարիքից [հեռանալով]` մաքո՛ւր դառնանք և հավատով կատարյա՛լ լինենք: Որպեսզի այսպես բոլոր առաքինություններով արժանանանք ահավոր և մեծ Խորհուրդին, մեծ փափագով ու կատարյալ սրբությամբ վայելենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ամենասուրբ և կենարար մարմնից ու արյունից: Նրան փառք և զորություն հավիտյանս հավիտենից. ամեն:

(1) Ժամանակին Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցում մնում էին միայն արժանավորները, որոնք էլ անպայման հաղորդվում էին, իսկ մնացյալ ժողովուրդն արարողությանը հետևում էր գավթում:
 (2) Երախա նշանակում է անկնունք, որ շուտով պիտի մկրտուի, նոր հավատի եկած:

1 commentaire:

  1. Շատ շնորհակալություն,
    Աստված զորացնի Ձեզ:

    RépondreSupprimer

Սիրելի՛ այցելու, եթէ այս թեմայի առընչութեամբ Ձեզ մօտ առաջացան հարցեր, խնդրեմ, գրառեցէ՛ք այստեղ, որոնց սիրով կը պատասխանենք: