mardi 8 mai 2012

ՀՈՎՀԱՆՆՈՒ ԱՎԵՏԱՐԱՆԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Սբ. Հովհան Ոսկեբերան


Երկոտասան առաքեալք
       «Այժմ փառավորվեց մարդու որդին»։
    Այս խոսքերով Նա նրանց՝ տրտմած ու շփոթված, խորհուրդներ էր ուղղում և համոզում ոչ միայն չտրտմել, այլև ուրախ լինել։ Ահա թե ինչու Պետրոսին սաստեց սկզբում։ Մահվան դատապարտված լինելը և մահին հաղթելը իրոք մեծ փառք է, և այս էին նշանակում այն խոսքերը, որ Նա ասում էր Իր մասին։ «Երբ բարձրանամ, կիմանաք, որ ես եմ», և դարձյալ՝ «Քանդեցե՛ք այս տաճարը», և՝ «Ձեզ ուրիշ նշան չեմ տա, բացի Հովնան մարգարեի նշանից»։ Մի՞թե մեծ փառք չէ այն, որ մահվանից հետո ավելի հզոր երևաց, քան մինչև մահը։ Աշակերտները, որպեսզի հավաստի դարձնեին հարությունը, մեծամեծ [նշաններ] էին գործում։ Իսկ եթե Նա հարություն չառներ և Աստված չլիներ, ապա նրանք ինչպե՞ս կարող էին Նրա անունով այդպիսի գործեր անել։ «Եվ Աստված էլ նրան կփառավորի Իրենով»։ Ի՞նչ է նշանակում այս. սա նշանակում է՝ նրան կփառավորի Իրենով և ոչ թե մեկ ուրիշով։ Եվ շուտով պիտի փառավորի Նրան խաչով։ Ասում է՝ շատ ժամանակ չի մնացել մինչև հարություն. ոչ միայն այն ժամանակ ցույց կտա փառքը, այլ նույն պահին իսկ՝ խաչի վրա, կերևա փառքը։ Եվ իրապես, արեգակը խավարեց, քարերը պատռվեցին, վարագույրը պատռվեց, և բազում ննջեցյալների մարմիններ հարություն առան։ Գերեզմանը կնքված էր, պահապաններ էին կանգնած նրա մոտ, գերեզմանի վրա քար կար։ Սակայն մարմինը հարություն առավ։ Անցավ քառասուն օր, եկավ Սուրբ Հոգին, և բոլորն սկսեցին քարոզել Նրան։ Հենց այդ էլ նշանակում է. «Եվ Աստված նրան կփառավորի Իրենով»։ Ո՛չ թե հրեշտակների կամ հրեշտակապետների և ո՛չ էլ այլ զորության միջոցով, այլ Ինքն Իրենով։
    Իսկ ինչպե՞ս Նա կփառավորի Նրան Իրենով։ Նա ամեն բան արեց Որդու փառքի համար, չնայած ամեն բան Որդին արեց։ Տեսնո՞ւմ ես, որ Քրիստոս Իր գործերը վերագրում է Հորը։
    «Որդյակնե՛րս, մի քիչ ժամանակ դեռ ձեզ հետ եմ. ինչպես ասացի հրեաներին, ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ, այժմ այդ ձեզ եմ ասում»։ Երեկոյից հետո Քրիստոս սկսում է տխուր զրույցը։ Երբ Հուդան գնաց, երեկո չէր, այլ գիշեր։ Եվ որովհետև շուտով պիտի գային Նրան բռնելու, հարկ էր, որ Նա առաքյալներին հաղորդեր ամեն բան, որպեսզի նրանք հիշեին դրանք։ 

    Սակայն ավելի արդարացի կլինի ասել, որ նրանց ամեն բան հիշեցնում էր Հոգին։ Նրանք շատ բան մոռացել էին. քանի որ այն ժամանակ առաջին անգամ լսեցին այդ մասին և պետք է ենթարկվեին մեծ գայթակղությունների։ Նրանք ընկղմվել էին քնի մեջ, ինչպես նկատում է մյուս ավետարանիչը, և տրտմությամբ էին լցված, ինչպես ասում է և Ինքը՝ Քրիստոս. «Բայց որովհետև ձեզ այս բաներն ասացի, տրտմությունը լցրեց ձեր սրտերը»։ Ինչպե՞ս նրանք կարողացան այս ամենը լավ պահել իրենց մտքում։ Ուրեմն ինչի՞ համար ասվեց նրանց։ Քրիստոսի փառքի նկատմամբ նրանց կարծիքի հաստատմանը բավականաչափ նպաստում էր այն, որ նրանք, այդ մասին իմանալով հետագայում, հիշեցին, որ դեռ առաջ էլ լսել էին այդ մասին հենց Քրիստոսից։ Իսկ ինչո՞ւ է Նա նրանց նախապես վհատության մեջ գցում՝ ասելով. «Մի քիչ ժամանակ ևս ձեզ հետ եմ»։ Հրեաներին այդ ասելն արդարացի է, իսկ ինչո՞ւ ես մեզ երախտամոռների շարքին դասում։ Քա՛վ լիցի։ Հապա ինչո՞ւ ասացիր, թե՝ «Ինչպես ասացի հրեաներին»։ Սրանով Նա հիշեցրեց, թե հիմա չէ, որ Ինքը կանխասում է այդ բանը, երբ չարիքն արդեն իսկ վրա է հասել, այլ այդ մասին մարգարեացել է դեռ վաղուց. «Եվ վկաները դուք եք, որ լսեցիք»։ Քանի որ նրանք լսեցին, որ Նա այս ամենն ասում էր հրեաներին. այդ պատճառով էլ ավելացրեց. «Որդյակնե՛րս», որպեսզի առաքյալները, լսելով Նրա՝ «ինչպես ասացի հրեաներին» խոսքը, չմտածեին, որ այդ խոսքը վերաբերում է նաև իրենց։ Այսպիսով, Նա այդ խոսքն ասաց ոչ թե նրանց վհատեցնելու, այլ քաջալերելու համար, որպեսզի հանկարծակի եկած չարիքները չշփոթեցնեն նրանց։
    «Ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ»։ Սրանով Նա ցույց է տալիս, որ Իր մահն անցում և փոխադրություն է մի տեղ, ուր ապականացու մարմինները մուտք չունեն։ Այդ բանն ասում է, որպեսզի նրանց մեջ սեր հարուցի Իր նկատմամբ և այն առավել ջերմ դարձնի։ Չէ՞ որ դուք գիտեք, որ մենք մեր բարեկամների նկատմամբ լցվում ենք առանձնահատուկ սիրով այն ժամանակ, երբ տեսնում ենք, որ նրանք հեռանում են մի այնպիսի տեղ, որ անհասանելի է մեզ համար։ Այսպիսով, Նա հրեաներին ասում էր, որպեսզի նրանց սարսափեցնի, իսկ առաքյալներին ասում էր, որպեսզի նրանց սերը ջերմացնի։
    «Այդ տեղն այնպիսին է, որ ոչ միայն նրանք, այլ նաև դուք, սիրելինե՛րս, չեք կարող գնալ»։ Սրանով Նա Իր պատիվը ցույց տվեց։ «Այժմ այդ ձեզ էլ եմ ասում. նրանց առանձին եմ ասում, ձեզ՝ առանձին»։ Իսկ ե՞րբ էին հրեաները Նրան փնտրում, և ե՞րբ՝ աշակերտները։ Աշակերտները փնտրում էին այն բանից հետո, երբ փախան, իսկ հրեաները՝ այն ժամանակ, երբ քաղաքը գրավվեց, և նրանց վրա թափվեց Աստծո զայրույթը, երբ մատնվեցին սարսափի ու անասելի չարիքների, որոնք գալիս էին բոլոր կողմերից։
    Այսպիսով, «հրեաներին Ես ասացի այն ժամանակ (իրենց անհավատության պատճառով), իսկ ձեզ ասում եմ հիմա, որպեսզի աղետից հանկարծակի չգաք»։
    «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ»։ Քանի որ նրանք, այս խոսքերը լսելով, կարող էին շփոթվել՝ որպես մարդիկ, որոնք կարող էին զրկվել ամեն մի օգնությունից։ Նա մխիթարում է նրանց և սիրով՝ բոլոր բարիքների արմատով լցնում և հաստատում։ Կարծես ասելիս լիներ. «Դուք տրտմում եք ա՞յն բանի համար, որ ես գնում եմ։ Սակայն եթե սիրեք միմյանց, ավելի զորավոր կլինեք»։ Ինչո՞ւ Նա այդպես ասաց։ Որովհետև ասաց այն, ինչ նրանց համար առավել օգտակար էր։
    «Դրանով բոլորդ պիտի իմանաք, որ դուք իմ աշակերտներն եք»։ Դրա հետ միասին ցույց է տալիս նաև այն, որ նրանց դասը չի վերանա, քանի որ Նա նրանց տարբերակիչ հատկանիշ է շնորհել։ Նա այդ ասաց այն ժամանակ, երբ մատնիչը բաժանվեց իրենցից։ Իսկ ինչպե՞ս է, որ Նա այս պատվիրանը «նոր» է անվանում, երբ այն կար նաև Հին Կտակարանում։ Նա այն նոր դարձրեց։ Այստեղ Նա հենց օրինակով է ասում. «Ինչպես որ ես ձեզ սիրեցի»։ Եվ ասում եմ՝ ձեր երախտիքների պարտքը չէ, որ մարում եմ, այլ Ինքս եմ սկսել ձեզ սիրել։ Այդպես և դուք պետք է բարիք գործեք ձեր ընկերներին, թեկուզև ոչ մի բանով պարտական չեք նրանց։ Այսպիսով, խոսելով այն հրաշքների մասին, որ նրանք պետք է գործեին, Նա նրանց տարբերակիչ հատկանիշը դարձրեց սերը։ Իսկ ինչո՞ւ։ Որովհետև հենց սերն է, որ սրբացնում է մարդկանց, և քանի որ այն պատճառն է բոլոր առաքինությունների, նրա միջոցով էլ բոլորս փրկվում ենք։ Քանի որ հենց այս է աշակերտ լինելը։ Այսպես կգովեն ձեզ բոլորը, եթե հետևեք իմ սիրուն։ Ուրեմն ի՞նչ. մի՞թե հրաշքներն ավելի լավ չեն ցույց տալիս այս բանը։ Ո՛չ։ Շատերը պիտի ասեն. «Տե՛ր, Տե՛ր, չէ՞ որ Քո անունով դևեր հանեցինք», և դարձյալ՝ երբ առաքյալները ուրախանում էին, որ դևերը հնազանդվում են իրենց, ասաց. «Մի՛ ուրախացեք այն բանի համար, որ դևերը ձեզ հնազանդվում են, այլ ուրախացեք այն բանի համար, որ ձեր անունները գրված են երկնքում»։ Իրոք, սքանչելիքները ողջ տիեզերքը բերեցին դեպի Քրիստոս, բայց այդ այն պատճառով, որ դրանց նախորդում էր սերը։ Եթե սեր չլիներ, չէին լինի նաև հրաշքները։ Սերն իսկույն առաքյալներին դարձրեց բարի ու վեհ մարդիկ, քանի որ բոլորը մի սիրտ ունեին և մի հոգի։ Եվ եթե նրանց միջև տարաձայնություն լիներ, ապա ամեն բան կորստյան կմատնվեր։ Այդ խոսքը միայն նրանց չէր, որ վերաբերում էր, այն վերաբերում է բոլոր Նրան հավատացողներին։ Չէ՞ որ հիմա էլ հեթանոսներին գայթակղում է ոչ այլ բան, քան սիրո բացակայությունը։ Սակայն, կասես, թե նրանք հանդիմանո՞ւմ են մեզ այն բանի համար, որ հրաշքներ չեն կատարվում։ Ո՛չ այնքան։ Ինչպե՞ս է ի հայտ գալիս առաքյալների սերը։ Տե՛ս, որ Հովհաննեսն ու Պողոսն անբաժան են միմյանցից և միասին են տաճար մտնում։ Տե՛ս և Պողոսին, որ սիրով էր լցված նրանց հանդեպ։ Մի՞թե դեռ կասկածում ես։ Եթե նրանք այլ առաքինություններ էլ էին ստացել, ապա մանավանդ սեր ունեին, որը մայրն է բարության, այն աճում է առաքինի հոգուց, իսկ ուր արատ կա, այնտեղ չորանում է բույսը։ «Երբ անօրինությունը շատանա, շատերի սերը պիտի ցամաքի»։ Հեթանոսներին ոչ այնքան հրաշքներն էին դարձի բերում, որքան վարքը։ Իսկ վարքը բարի դարձնողը սերն է։ Հեթանոսները հաճախ խաբեբա էին անվանում նրանց, ովքեր հրաշքներ էին գործում, սակայն սուրբ կյանքը նրանք կշտամբել չեն կարող։ Ուստի քանի դեռ չէր տարածվել քարոզը, ըստ էության հրաշքներն էին զարմանքի առարկան։ Իսկ հիմա զարմանք պետք է առաջացնել վարքով։
    Իրոք, ոչինչ այնքան չի գայթակղեցնում, որքան արատը։ Չէ՞ որ երբ հեթանոսը տեսնի, որ նա, ով նույնիսկ թշնամիներին սիրելու պատվիրան է ստացել, սակայն հափշտակում է, կողոպտում, թշնամություն առաջացնում և իր համերկրացիների հետ վարվում ինչպես թշնամու հետ, ապա մեր խոսքերը կանվանի սին զառանցանք։ Երբ տեսնի, թե քրիստոնյան ինչպես է վախենում մահից, ինչպե՞ս կընդունի անմահության մասին խոսքը։ Երբ տեսնի, որ մենք իշխանատենչ ենք և այլ կրքերի ծառաներ, ավելի կկապվի իր ուսմունքին՝ մեր մասին ոչ մի բարձր բան չմտածելով։ Մենք, միմիայն մենք ենք մեղավոր, որ հեթանոսները հարատևում են իրենց մոլորություններում։ Նրանք վաղուց են դատապարտել իրենց ուսմունքը և հարգանքով են լցված մերի նկատմամբ։ Սակայն մեր վարքը նրանց հետ է պահում դարձի գալուց։
    Խոսքով իմաստասիրելը դյուրին է. նրանցից շատերն էլ են այդ արել, սակայն գործերով ապացույցներ են պահանջում։ Կասես՝ թող մտաբերեն մեր հին այրերի՞ն։ Սակայն նրանք այնքան էլ չեն հավատում և ցանկանում են տեսնել մեր օրերում ապրող մարդկանց. «Ցո՛ւյց տուր, ասում են նրանք, քո հավատի գործերը»։ Սակայն գործեր չկան։ Ընդհակառակը՝ նրանք տեսնում են, որ մենք գազաններից ավելի վատ հոշոտում ենք մեր մերձավորին, ուստի և մեզ անվանում են տիեզերքի ապականիչներ։ Ահա թե ինչն է ետ պահում հեթանոսներին և թույլ չի տալիս նրանց՝ միանալու մեզ։ Ուստիև մենք նրանց համար էլ ենք պատժվելու։ Ոչ միայն այն բանի համար, որ չարիք ենք գործում, այլև որ մեր պատճառով Աստծո անունն է հայհոյվում։ Մինչև ե՞րբ ենք կապված մնալու հարստությանը, ճոխությանը և այլ կրքերին։ Վերջապես թոթափե՛նք դրանք։ Լսի՛ր, թե ինչ է ասում մարգարեն որոշ խենթերի մասին, [որոնք ասում են]. «Ուտենք և խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք»։ Մերօրյա մարդկանց մասին նույնիսկ այդ չի կարելի ասել։ Այսօր շատերն են յուրացնում ուրիշի ունեցվածքը, որի համար էլ մարգարեն հանդիմանում է՝ ասելով. «Բայց մի՞թե երկրի վրա մենակ դուք եք ապրել»։ Այդ պատճառով էլ վախենում եմ, որ վատ բան չպատահի, որ Աստծո պատժին չարժանանանք։ Այլ որպեսզի խուսափենք դրանից, վարժվենք առաքինությունների մեջ, որպեսզի հասնենք նաև գալիք բարիքներին մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհով և մարդասիրությամբ։ Նրա հետ Հորը և Սուրբ Հոգուն փառք, իշխանություն ու պատիվ այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։

Aucun commentaire:

Enregistrer un commentaire

Սիրելի՛ այցելու, եթէ այս թեմայի առընչութեամբ Ձեզ մօտ առաջացան հարցեր, խնդրեմ, գրառեցէ՛ք այստեղ, որոնց սիրով կը պատասխանենք: