jeudi 9 mai 2013

ԵՐԱՆԻՆԵՐ

Սբ. Հովհան Ոսկեբերան
(շարունակութիւն)

Սբ. Հովհան Ոսկեբերան
 «Երանի՜ ողորմածներին»:
Ինձ այնպես է թվում, թե ասում է ոչ միայն իրենց ունեցվածքից ողորմություն տվողների, այլ նաեւ նրանց մասին, ովքեր ինչ-որ կերպ օգնական են լինում: Որովհետեւ շատ են ողորմածության կերպերը, եւ ընդարձակ է այս պատվիրանը: Իսկ ի՞նչ հատուցում ունի այն: «Որովհետեւ նրանք, ասում է, ողորմություն պիտի գտնեն»: Թվում է, թե հատուցումը սովորական է այդ առաքինության համար, բայց այն ավելի մեծ է, քան արդարությունը: Նրանք ողորմում են իբրեւ մարդիկ, իսկ իրենք ողորմություն են գտնում բոլորի Աստծուց. իսկ մարդկային ողորմությունը հավասար չէ աստվածային ողորմությանը. որքան անջրպետ կա բարության ու չարության, նույնքան էլ մարդկային ու աստվածային ողորմության միջեւ:
«Երանի՜ նրանց, ովքեր սուրբ են սրտով, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն»:
Ահա կրկին հոգեւոր հատուցում: Այստեղ սուրբ է անվանում նրանց, ովքեր ունեն բոլոր առաքինությունները, եւ կամ էլ  նրանց, ովքեր խոնարհությամբ ու զգաստությամբ են ապրում: Քանզի մենք Աստծուն տեսնելու ավելի պատշաճ առաքինություն չունենք, քան այս առաքինությունն է: Դրա համար Պողոսն ասում է. «Ջանացե՛ք ապրել խաղաղությամբ եւ սրբությամբ, առանց որոնց ոչ ոք Տիրոջը չպիտի տեսնի» (Եբր. ԺԲ 14): Իսկ երեսները ասելով՝ նկատի ունի Նրա մարդկային կերպարանքը. Նրա Աստվածությունը տեսնել չի կարող ոչ ոք: Եվ քանի որ շատերն են ողորմություն տալիս, չեն հափշտակում, չեն զրկում, բայց պոռնկանում են եւ պղծվում, որպեսզի ցույց տա, թե միայն առաջինը բավական չէ, ավելացնում է նաեւ սա: Պողոսը կորնթացիներին ուղղված իր նամակում մակեդոնացիների մասին վկայում էր, թե նրանք աճում են ոչ միայն ողորմածության գործերով, այլ նաեւ մյուս առաքինություններով. պատմելով նրանց առատորեն բաշխած տուրքերի մասին՝ ասում էր այն մասին, թե իրենք իրենց նվիրեցին «նախ՝ Տիրոջը եւ ապա՝ մեզ» (Բ Կոր. Ը 5):
«Երանի՜  խաղաղարարներին»:
Այստեղ արգելում է ոչ միայն կռվելն ու միմյանցից հեռանալը, այլ ավելին՝ կռվածներին հաշտեցնելը: Սրա համար  հատուցումը նույնպես հոգեւոր  է: «Որովհետեւ, ասում է, նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն»: Աստծո Միածնի գործը նույնպես սա եղավ, որ ցրվածներին հավաքի, հաշտեցնի պատերազմողներին: Եվ որպեսզի չկարծես, թե ամենուր լավ է խաղաղությունը, ավելացնում է. «Երանի՜ նրանց, ովքեր հալածվում են արդարության համար»: Հենց այս է (միտքը). որ պետք է ճգնել առաքինության, ուրիշներին բարերարություն անելու եւ կամ էլ աստվածպաշտության համար: Քանզի Գրքերը արդարություն են կոչում հոգու բոլոր առաքինությունները: Սրա հատուցումն էլ է հոգեւոր. «Որովհետեւ նրանցն է, ասում է, երկնքի արքայությունը»:
 «Երանի է ձեզ, երբ ձեզ նախատեն եւ հալածեն ու ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն»:
Այսինքն՝ եթե ձեզ անվանեն կախարդ, մոլորեցնող, չարագործ կամ այլ (նման) բան, երանի է ձեզ: Տենչալի է համարում այն, ինչ սոսկալի է այլոց համար՝ աղքատանալը, սգալը, հալածվելը, չար խոսքեր լսելը: Այս խոսքերն ասաց եւ հավանեցրեց ոչ թե երկու, տասը, քսան, հարյուր կամ հազար մարդու, այլ ողջ տիեզերքին: Որպեսզի լսեն ծանր, դժվար եւ շատերի համար հակառակ բաներ, եւ ինչպես այնժամ էին բազմությունները լսում եւ զարմանում, այդպես էլ այժմ եւ բոլոր ժամանակներում, քանզի Նրա  խոսքերը մեծ զորություն ունեն:
Բայց որպեսզի չկարծես, թե չար բաների համար զուր է երանի տալիս, երկու կետ դրեց այդ խոսքերի միջեւ. մեկը՝ այն, որ Իր համար լինեն դրանք, մյուսը՝ որ խոսքերը սուտ լինեն: Իսկ եթե այդպես  չլինի, չարախոսություններ լսողներին ոչ միայն չի համարում երանելի, այլ նաեւ եղկելի:
Տե՛ս, թե փոխարենն ինչ է խոստանում. «Որովհետեւ երկնքում ձեր վարձքը շատ կլինի»: Թեեւ յուրաքանչյուր երանության մեջ երկնային արքայության խոստում դու չես լսում, մի՛ տրտմիր, քանզի թեեւ հատուցումները տարբեր են, բայց բոլորին է տանելու արքայություն: Քանզի երբ ասում է, թե՝ սգավորները պիտի մխիթարվեն, ողորմածները ողորմություն պիտի գտնեն, սրտով սուրբերն Աստծուն պիտի տեսնեն, եւ խաղաղարարները Աստծո որդիներ պիտի կոչվեն, այս բոլորով ակնարկում է ոչ այլ բան, քան երկնքի արքայությունը: Ովքեր այս ամենով վայելեն, կհասնեն դրան: Եվ արդ,  մի՛ կարծիր, թե միայն հոգով աղքատներինը, այլ նաեւ արդարության ծարավն ու քաղցն ունեցողներինը, հեզերինն ու առհասարակ մյուսներինն է երկնային արքայությունը, որովհետեւ սրանցով այն բոլորինը ցույց տվեց: Երանելի մի՛ համարիր հայտնի պարգեւների համար, քանզի երանելի չէ նա, ով պսակվում է դրանցով, որոնք  ժամանակի ընթացքում քակտվում եւ անցնում են ստվերից էլ արագ: Բայց երբ ասաց, թե՝ «Ձեր վարձքը մեծ է երկնքում», բերեց մյուս մխիթարությունը. «Քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզնից առաջ են եղել»: Քանի որ արքայության խոստումն ապագայի համար է եւ հուսով պետք է սպասել դրան, բոլորին մխիթարում է մարգարեների նման  վշտեր կրելով: Մի՛ կարծեք, ասում է, թե կչարչարվեք հակառակ խոսելու, օտարոտի օրենքներ սահմանելու, կամ նրանց կողմից կհալածվեք չար կրոններ ուսուցանելու համար, որովհետեւ ձեզ վրա կգան նենգություններ ու վշտեր ոչ թե ձեր չար խոսքերի պատճառով, այլ չար լսողների կողմից: Ուստի կբամբասեն ձեզ, որ չարչարանքներ եք կրում, այլ ոչ թե նրանց, ովքեր չարչարանքներ են հասցնում: Այդ մասին  վկայում է առաջին ժամանակը, քանզի մարգարեներին չարախոսում էին ոչ թե անօրենության համար եւ մի մասին հալածում, մի մասին քարկոծում էին, մյուսներին էլ բազում չարչարանքներով չարչարում: Թող այդ ամենը չխռովեցնեն ձեզ, քանզի նույն մտքով եւ այժմ են նույն բանն անում:
Տեսնո՞ւմ ես՝ ինչպես արթնացրեց նրանց միտքը եւ տարավ կանգնեցրեց Մովսեսի եւ Եղիայի մոտ, ինչպես Պողոսն է գրում թեսաղոնիկեցիներին. «Դուք,- ասում է,- եղբայրնե՛ր, նմանվեցիք Աստծո այն եկեղեցիներին, որ Հրեաստանում են ի Քրիստոս Հիսուս, քանի որ դուք էլ ձեր ազգակիցների կողմից նույն չարչարանքներով չարչարվեցիք, ինչպես որ նրանք՝ հրեաներից, որոնք սպանեցին Տեր Հիսուսին եւ մարգարեներին ու հալածեցին մեզ եւ Աստծո աչքից ելան ու բոլոր մարդկանց հակառակորդ եղան» (Բ Թեսաղ., Բ 14-15): Ինչ որ այստեղ խոսեց Քրիստոս, որպեսզի այլ երանություններում ասի՝ երանի՜ աղքատներին ու ողորմածներին, իսկ այստեղ ոչ թե խառնիխուռն, այլ նրանց է ուղղում խոսքը. «Երանի է ձեզ, երբ ձեզ նախատեն եւ հալածեն ու ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն», որպեսզի ցույց տա, թե այդ խոսքը վերաբերում է առավելապես նրանց եւ (նրանցից հետո) մյուս բոլոր վարդապետներին: Դրանով միաժամանակ ակնարկում է նաեւ Իր պատիվն ու (Իր) Ծնողի հետ համապատիվ զուգականությունը: Քանզի ինչպես մարգարեները՝ Հոր, այդպես էլ դուք, ասում է, Ինձ համար պիտի չարչարվեք: Եվ ապա ցույց է տալիս, թե այս ավելի օգուտ կտար նրանց եւ երանելի կդարձներ. չասաց, թե՝ կչարախոսեն ու կհալածեն, իսկ Ես կարգելեմ, ոչ էլ, որ չար բաներ  չեն լսի, այլ որ լսելն ու առաքինությամբ տանելը բարիքի պատճառ կլինեն, եւ գործով կհանդիմանեն նրանց, եւ որ ոչ թե չչարչարվելն է առավել մեծ, այլ չարչարվելն ու չթուլանալը:
Այստեղ ասում է, թե՝ «Մեծ է ձեր վարձքը երկնքում»: Իսկ Ղուկասը նրանց է մատուցում Քրիստոսի մեծ մխիթարությունը: Քանզի ոչ միայն երանելի է համարում նրանց, ում բամբասում են Աստծո պատճառով, այլ նաեւ եղկելի է համարում նրանց, ովքեր իրենց մասին բոլորից բարի բաներ են լսում. «Վա՛յ ձեզ, ասում է, երբ բոլոր մարդիկ բարի բաներ ասեն ձեր մասին»: Անգամ առաքյալների մասին են ոմանք, եւ ոչ բոլորը, բարի բաներ խոսում: Դրա համար էլ ոչ թե ասաց, թե՝ եթե մարդիկ, այլ թե՝ բոլոր մարդիկ ձեր մասին բարի խոսեն: Քանզի անհնարին է, որ բոլոր մարդկանցից բարի բաներ լսեն առաքինությամբ ապրողները: 
Դարձյալ ասում է. «Եթե ձեր մասին չար անուն հանեն, ուրախացեք ու ցնծացեք»: Քանզի մեծ հատուցումներ են սահմանված ոչ միայն ճգնություններին, այլ նաեւ բամբասանքներին համբերելու համար: Ուստիեւ չի ասում, թե՝ եթե ձեզ հալածեն ու սպանեն, այլ թե՝ «Երբ ձեզ նախատեն եւ ձեր մասին ամեն տեսակի չար բան ասեն»: Քանզի դժնդակ բամբասանքներն առավել չար են, քան գործերը. որովհետեւ ճգնությունների ցավերն սփոփում է շատ բան՝ բազմության խրախույսը, մտերիմների հարգանքը, պսակներ են մատուցում նրան եւ պատմում են, թե անվանի են, բայց չարախոսությանը մխիթարություն չկա, եւ չի երեւում, թե մեծ արդարություն է այն, եւ պատերազմողին ճգնություններից առավել է կսկծեցնում, եւ շատերը, աղետներին չդիմանալով, մտաբրում են խեղդվելու մասին:
Ինչո՞ւ ես զարմանում սրա վրա. մատնիչին՝ պիղծ, անամոթ եւ բոլորի առջեւ ակնկոր, այսպիսի ամոթալի գործերը կախաղանի են բերում: Հոբը, ով ադամանդի պես ամուր եւ ժայռից առավել հաստատուն էր, երբ զրկվեց իր ողջ ունեցվածքից, անտանելի կտտանքների ենթարկվեց, հանկարծակի անորդի ու անժառանգ մնաց, իր մարմնից խլրտալով որդերի աղբյուր ելավ, եւ իր դեմ ելած տեսավ նաեւ իր կնոջը, ամեն բան դյուրությամբ քերեց հեռացրեց իրենից միաժամանակ: Բայց երբ տեսավ իր բարեկամներին, որ նախատում էին եւ իր մասին չարաչար կարծիքներ հայտնում, թե պատիժների է մատնվել իր մեղքերի համար, այն նահատակը՝ մեծ ու առաքինի այրը, խռովվեց ու զայրացավ:
Դավիթը նույնպես, թողնելով իր բոլոր վշտերը, Աստծուն խնդրում էր իրեն բամբասողներից վրեժ առնել. «Թո՛ւյլ տուր,- ասում է,- նրան, որ անիծի, որովհետեւ Տերն այդպես հրամայեց, որպեսզի տեսնի իմ վիշտը եւ ինձ բարիք հատուցի դրա անեծքի դիմաց»: Իսկ Պողոսը պատվում է ոչ միայն ճգնողներին ու չարչարվողներին, այլ նաեւ բամբասվողներին. «Հիշե՛ք,- ասում է,- առաջին օրերը, երբ համբերեցիք բազում ճգնությունների, նախատինքների ու նեղությունների»: Այդ ամենի համար Քրիստոսը մեծ վարձ ստացավ:
Բայց որպեսզի ոչ ոք չասի, թե՝ Դու, որ այստեղ վրեժ չես լուծում եւ չես փակում դրանց բերանները, այնտեղ վա՞րձ կտաս, մեջ է բերում մարգարեներին, որպեսզի ցույց տա, թե Աստված նրանց համար նույնպես վրեժ չլուծեց: Եթե այնժամ, երբ անմիջապես ելնում էին՝ վրեժխնդրություն հատուցելու, կրթում էր հանդերձյալ [բարիքներով], ապա որքա՜ն առավել այժմ, երբ ավելի պարզ ու հայտնի դարձավ հույսը, եւ մեծ ու առավել՝ զգաստությունը: Եվ տե՛ս, թե որպիսի պատվիրան է դնում սրա դիմաց. ցույց է տալիս, թե այլ կերպ անհնարին է, որ հարկ է, որ նախ ամեն բանով պատրաստված լինի, հետո միայն ելնի նահատակության: Ուստիեւ նախ պատրաստում է պատվիրանների ճանապարհը առաջինից դեպի հաջորդները եւ իբրեւ ոսկե շղթա տող՝ առ տող բերում է պատվիրանները. եթե մեկը խոնարհ է, ապա պարզ է, որ սգում է իր մեղքերի համար: Ով [իր մեղքերի համար] սգացող է ու հեզ, պարզ է, որ արդար է եւ ողորմած: Ով ողորմած է եւ արդար, պարզ է, որ սրտով մտախոհ ու սուրբ է: Պատշաճ է, որ այդպիսին նաեւ խաղաղարար լինի: Իսկ նա, ով ցույց է տալիս իր մեջ եղած բոլոր արդարութունները, այդպիսին պատրաստ է ճգնությունների եւ ամենեւին չի խռովվում իր մասին բամբասանքներ լսելիս, չի վախենում, երբ բյուրավոր չարչարաններ է կրում:
Արդ, երբ խրատեց նրանց պատշաճ խրատներով, հանգստացրեց նրանց հարգանքով ու գովությամբ: Քանզի բարձր էին հրամաններն ու հնից շատ ավելի մեծ, որպեսզի չխռովվեն եւ չասեն, թե ինչպես կարող են այդպիսի առաքինություններ ցույց տալ իրենց մեջ, լսի՛ր, թե ինչ է ասում. «Դուք եք երկրի աղը»: Որպեսզի ցույց տա, որ ոչ  թե մեկ ազգի մոտ պիտի ուղարկի նրանց, ինչպես մարգարեներին, այլ  երկու, տասը կամ քսան քաղաք, բոլոր երկրները, ծովերն ու ամբողջ աշխարհը, որոնք ամբողջովին չարիքի մեջ էին: «Դուք եք երկրի աղը» ասելով՝ նաեւ ցույց տվեց, թե մարդկային բնությունն ամբողջովին անհամացել ու փտել էր մեղքերի հարվածներից: Այդ պատճառով էլ նրանցից այսպիսի առաքինություններ է խնդրում, որպեսզի պիտանի լինեն դարման լինելու բոլորին: Քանզի հեզը, խոնարհը, ողորմածն ու արդարը ոչ միայն իր անձը կկորզի դեպի առաքինությունները, այլ նաեւ բազմությունների համար կպեղի գեղեցիկ աղբուր ՝ բխելու մաքուր ջուր, երբ սրտով սուրբ, խաղաղարար եւ ճշմարտության համար հալածվող մարդը իր վարքը ուղղի՝ ընդհանուրի օգուտի համար:
Եվ արդ, նրանք ինչպե՞ս կհամեմեն նեխածությունները. անհնարին է այդ, քանզի անհնարին է, որ աղն օգնի նեխածին: Այլ նրանք (առաքյալները) աղում եւ պինդ պահում էին նրանց, ում  նախ նորոգում, մաքրում էին  վատ հոտից: Մեղքերի փտածությունից նորոգում էին Քրստոսի ուղղությունները, իսկ նրանց գործն այն էր, որ ջանքեր թափեն ու տառապեն, որ նրանք նույնին չդառնան:
Տեսնո՞ւմ ես, թե ինչպես է քայլ առ քայլ մարգարեներից առավել ազնիվ ցույց տալիս նրանց, որոնք ոչ միայն պաղեստինցիների երկրում էին վարդապետներ լինելու, այլ ողջ աշխարհում, եւ ոչ թե զուր, այլ ահարկու վարդապետներ: Եվ զարմանալին այն էր, որ ո՛չ խնդրում էին որեւէ մեկին, ո՛չ հպատակվում էին որեւէ մեկի, այլ կսկծեցնում էին, ինչպես աղը, եւ ցանկալի էին լինում բոլորին: Եվ մի՛ զարմացեք, որ բոլորին թողած՝ միայն ձեզ հետ եմ խոսում եւ ձգում տանում եմ դեպի մեծագույն ճգնությունները, այլ զարմացեք նրա վրա, թե որքան քաղաքների, ժողովուրդների եւ ազգերի մեջ եմ առաքելու ձեզ՝ լինելու վերակացուներ: Եվ ոչ միայն կամենում եմ, որ իմաստուն լինեք, այլ որ նաեւ շատերին իմաստուններ դարձնեք: Քանզի հույժ պետք է, որ իմաստուն լինեն նրանք, ումից կախված է մյուսների փրկությունը:


Aucun commentaire:

Enregistrer un commentaire

Սիրելի՛ այցելու, եթէ այս թեմայի առընչութեամբ Ձեզ մօտ առաջացան հարցեր, խնդրեմ, գրառեցէ՛ք այստեղ, որոնց սիրով կը պատասխանենք: