jeudi 9 mai 2013

ԵՐԱՆԻՆԵՐ

Սբ. Հովհան Ոսկեբերան
(շարունակութիւն)

Սբ. Հովհան Ոսկեբերան
 «Երանի՜ ողորմածներին»:
Ինձ այնպես է թվում, թե ասում է ոչ միայն իրենց ունեցվածքից ողորմություն տվողների, այլ նաեւ նրանց մասին, ովքեր ինչ-որ կերպ օգնական են լինում: Որովհետեւ շատ են ողորմածության կերպերը, եւ ընդարձակ է այս պատվիրանը: Իսկ ի՞նչ հատուցում ունի այն: «Որովհետեւ նրանք, ասում է, ողորմություն պիտի գտնեն»: Թվում է, թե հատուցումը սովորական է այդ առաքինության համար, բայց այն ավելի մեծ է, քան արդարությունը: Նրանք ողորմում են իբրեւ մարդիկ, իսկ իրենք ողորմություն են գտնում բոլորի Աստծուց. իսկ մարդկային ողորմությունը հավասար չէ աստվածային ողորմությանը. որքան անջրպետ կա բարության ու չարության, նույնքան էլ մարդկային ու աստվածային ողորմության միջեւ:
«Երանի՜ նրանց, ովքեր սուրբ են սրտով, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն»:
Ահա կրկին հոգեւոր հատուցում: Այստեղ սուրբ է անվանում նրանց, ովքեր ունեն բոլոր առաքինությունները, եւ կամ էլ  նրանց, ովքեր խոնարհությամբ ու զգաստությամբ են ապրում: Քանզի մենք Աստծուն տեսնելու ավելի պատշաճ առաքինություն չունենք, քան այս առաքինությունն է: Դրա համար Պողոսն ասում է. «Ջանացե՛ք ապրել խաղաղությամբ եւ սրբությամբ, առանց որոնց ոչ ոք Տիրոջը չպիտի տեսնի» (Եբր. ԺԲ 14): Իսկ երեսները ասելով՝ նկատի ունի Նրա մարդկային կերպարանքը. Նրա Աստվածությունը տեսնել չի կարող ոչ ոք: Եվ քանի որ շատերն են ողորմություն տալիս, չեն հափշտակում, չեն զրկում, բայց պոռնկանում են եւ պղծվում, որպեսզի ցույց տա, թե միայն առաջինը բավական չէ, ավելացնում է նաեւ սա: Պողոսը կորնթացիներին ուղղված իր նամակում մակեդոնացիների մասին վկայում էր, թե նրանք աճում են ոչ միայն ողորմածության գործերով, այլ նաեւ մյուս առաքինություններով. պատմելով նրանց առատորեն բաշխած տուրքերի մասին՝ ասում էր այն մասին, թե իրենք իրենց նվիրեցին «նախ՝ Տիրոջը եւ ապա՝ մեզ» (Բ Կոր. Ը 5):

ՅԱՐՈՒԹԻՒՆ

Վարդապետութիւն ուղղափառ դաւանութեան



Տ. Մեսրոպ Քհն. Արամեան

vendredi 15 juin 2012

ԵՐԱՆԻՆԵՐ

Սբ. Հովհան Ոսկեբերան


Սբ. Հովհան Ոսկեբերան
   «Եվ տեսնելով ժողովրդի բազմությունը՝ բարձրացավ լեռան վրա: Եվ երբ այնտեղ նստեց, նրա մոտ եկան Իր աշակերտները: Բացեց Իր բերանը և ուսուցանեց նրանց» (Մատթ. Ե 1-2):
 Տե՛ս [Տիրոջ] համեստությունն ու խոնարհությունը. նրանց Իր հետ չէր շրջեցնում, այլ երբ հարկ էր բժշկել նրանց, Ինքն էր գնում ամենուր և քաղաքների ու գավառների խնամարկու լինում, իսկ երբ մեծ բազմություն էր հավաքվում, նստում էր մի տեղում: Այն էլ ո՛չ քաղաքի և ո՛չ էլ հրապարակի մեջտեղում, այլ լեռան վրա և անապատում, որպեսզի մեզ խրատի՝ չգործել ցուցադրաբար՝ մարդկանց աչքի առջև, և հեռու մնալ բազմությունից, հատկապես երբ պետք է ու պատշաճ է զգաստանալ և խոսել կարևոր բաների մասին:
  «Եվ երբ այնտեղ նստեց,- ասում է,- նրա մոտ եկան աշակերտները»:
  Տեսնո՞ւմ ես՝ ինչպես էր աճել [նրանց] առաքինությունը. ինչպես էին միանգամից ազնվացել. որովհետեւ եկել և բազում հրաշքներ էին տեսել, ցանկանում էին նաև լսել մեծ ու բարձրագույն բաներ: Եվ հենց դա էլ Նրա ուսուցանելու և այս խոսքերն ասելու պատճառը դարձավ: Քանզի Նա բժշկում էր ոչ միայն մարմինները, այլ նաև ուղղում էր հոգիները, ապա հոգիներին խնամարկելուց վերադառնում էր մարմինները դարմանելուն՝ Իր վարդապետության պես-պես ու զանազան օգտաշահ խոսքերը խառնելով գործերին: Եվ փակում էր անամոթ հերձվածողների բերանները: Միաժամանակ դարմանում էր երկուսը, որպեսզի մերթ մեկը և մերթ մյուսը ուղղության բերելով` ցույց տա, որ ողջ կենդանության Արարիչն Ինքն է: Ինչպես որ արեց այդ ժամանակ:
    «Բացեց Իր բերանը,- ասում է,- և ուսուցանեց նրանց» (Մատթ. Ե 1-2):

ՈՐԴԵԳՐՈՒԹԻՒՆ

Վարդապետութիւն ուղղափառ դաւանութեան


Տ. Մեսրոպ Քհն. Արամեան

lundi 11 juin 2012

ԱՆԱՍՆԱՄՈԼՆԵՐԻ, ԻԳԱՄՈԼՆԵՐԻ ԵՎ ԱՐՎԱՄՈԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Սբ. Հովհան Մանդակունի


Մատենագրական պատառիկ
   Հոգիս ողբում է իմ մեջ, ապշում ու զարմանում, սոսկալի զարհուրանքով ու դողությամբ անդադար հեծեծում եմ` հանապազ խոկալով, թե խավարային ախտերի ինչպիսի՜ անդունդներն է սողում իջնում մեր հանդգնությունը, այդ ախտից տարակուսած` տկարանում է լեզուս` չկարողանալով ցույց տալ ահավոր ախտերի պղծությունները, որոնք իրենց անօրինությամբ առավել են և գերազանցում են բոլոր մեղքերին: Քանզի բոլոր հայտնի ամբարշտություններից առավել ավազակություն է սա, առավել է, քան գաղտնի գողությունների չարիքները, քան ամուսնացածների շնությունը, քան կույսերի պոռնկության պղծությունները, քան արյունահեղ սպանություններն ու չարչարանքները: Իսկ այս բոլոր չար ու ամբարիշտ մեղքերից առավել ահավոր ամբարշտություն ու սարսափելի պղծություն է այն, որ դիվական մոլությամբ արուներն արուների հետ են գործում զազրելի անօրինություններ, և էգերն էգերի հետ են հագուրդ տալիս իրենց անառակ ցանկություններին ու սատանայական կրքերին, իսկ [դրանցից] առավելն այն է, երբ պղծվում են անբան անասունների հետ:
    Սրա վրա վերին զորություններն էլ են ապշում ու զարմանում, սրա վրա տխրելով սգում են սուրբերի դասերը, սրա վրա ողբում են բոլոր արդարները, որովհետև անօրեն պղծություններով անարգեցին ու արհամարհեցին արարածների Արարչին: Սրանցից գարշում, փախչում ու հեռանում է Սուրբ Հոգին և այլևս չի վերադառնում սրանց մոտ, որից հետո սրանք դառնում են սատանայի ու դևերի բնակարան և ողորմելի բոլորի համար: Քանզի ոչ մի ամբարշտություն չի հավասարվում այս ախտին, այլ բոլոր [տեսակի] դիվահարներից առավել են անզգայացած նրանց անձերը, [քանի որ] նրանք ախտավոր ցանկություններով կատաղում են իրար հետ. արուները վավաշոտելով` իգացնում են արուների արուական բնությունը, իսկ էգերն անամոթանալով ու լրբանալով՝ իգական բնությունն են արուացնում: Նաև անբան անասունների հետ ապականվեցին, որ առավել է, քան բոլոր պղծությունները:

ՓՐԿԱԳՆՈՒՄ

Վարդապետութիւն ուղղափառ դաւանութեան


Տ. Մեսրոպ Քհն. Արամեան

jeudi 31 mai 2012

ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ ԳՐՎԱԾՔՆԵՐԻ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Իգնատի եպս. Բրյանչանինով


Եկեղեցական Սուրբ Հայրեր
  Զրույցն ու մերձավորների ընկերակցությունը շատ են ներազդում մարդու վրա: Զրույցն ու ծանոթությունը գիտնականի հետ շատ տեղեկություններ են հաղորդում, բանաստեղծի հետ` վսեմ մտքեր ու զգացումներ, ճանապարհորդի հետ` ճանաչողություն երկրների, ժողովուրդների վարքի ու բարքի մասին. ակնհայտ է, որ զրույցը և ծանոթությունը սուրբերի հետ սրբություն են հաղորդում. «Սուրբի հետ սուրբ կլինես, արդարի հետ` արդար, անմեղի հետ` անմեղ, իսկ ընտրյալի հետ` ընտրյալ» (Սաղմ. ԺԷ 26-27): Այսուհետ, երկրային կարճատև կյանքիդ ընթացքում, որը Սուրբ Գիրքը նույնիսկ կյանք չի անվանել, այլ պանդխտություն, ծանոթացի՛ր սուրբերի հետ: Ուզո՞ւմ ես երկնքում նրանց հանրությանը պատկանել, ուզո՞ւմ ես նրանց երանությանը մասնակից դառնալ՝ այսուհետ հաղորդակցվի՛ր նրանց։ Երբ մարմնի շինվածքից դուրս գաս, նրանք քեզ իրենց մոտ կընդունեն, ինչպես իրենց ծանոթի, ինչպես իրենց ընկերոջ (հմմտ. Ղուկ. ԺԶ 9): Չկա՛ ավելի մերձավոր ծանոթություն, մերձավոր կապ, քան մտքերի, զգացումի, նպատակի միասնության կապը (հմմտ. Ա Կորնթ. Ա 10): Որտեղ համախոհությունն է, այնտեղ անպայման և միակամությունն է, այնտեղ անպայման նույն նպատակն է, նպատակին հասնելու նույն հաջողությունը: Յուրացրո՛ւ Սուրբ Հայրերի մտքերն ու հոգին՝ նրանց գրվածքների ընթերցանությամբ: Սուրբ Հայրերը հասել են նպատակին` փրկությանը: Եվ դու էլ կհասնես այդ նպատակին՝ իրերի բնականոն ընթացքով: Սուրբ Հայրերի հետ միախորհուրդ և միահոգի լինելով` դու կփրկվես: Երկինքն իր երանության մեջ է ընդունել Սուրբ Հայրերին: Դրանով Նա վկայում է, որ Սուրբ Հայրերի մտքերը, զգացումները, գործերը հաճելի են Իրեն: Սուրբ Հայրերն իրենց մտքերը, իրենց սիրտը, իրենց գործերի պատկերը շարադրել են իրենց գրվածքներում: Ուրեմն` Սուրբ Հայրերի գրվածքները որքա՜ն ճշմարիտ ուղեցույց են դեպ Երկինք` վկայված հենց Երկնքի կողմից: