lundi 11 juin 2012

ԱՆԱՍՆԱՄՈԼՆԵՐԻ, ԻԳԱՄՈԼՆԵՐԻ ԵՎ ԱՐՎԱՄՈԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Սբ. Հովհան Մանդակունի


Մատենագրական պատառիկ
   Հոգիս ողբում է իմ մեջ, ապշում ու զարմանում, սոսկալի զարհուրանքով ու դողությամբ անդադար հեծեծում եմ` հանապազ խոկալով, թե խավարային ախտերի ինչպիսի՜ անդունդներն է սողում իջնում մեր հանդգնությունը, այդ ախտից տարակուսած` տկարանում է լեզուս` չկարողանալով ցույց տալ ահավոր ախտերի պղծությունները, որոնք իրենց անօրինությամբ առավել են և գերազանցում են բոլոր մեղքերին: Քանզի բոլոր հայտնի ամբարշտություններից առավել ավազակություն է սա, առավել է, քան գաղտնի գողությունների չարիքները, քան ամուսնացածների շնությունը, քան կույսերի պոռնկության պղծությունները, քան արյունահեղ սպանություններն ու չարչարանքները: Իսկ այս բոլոր չար ու ամբարիշտ մեղքերից առավել ահավոր ամբարշտություն ու սարսափելի պղծություն է այն, որ դիվական մոլությամբ արուներն արուների հետ են գործում զազրելի անօրինություններ, և էգերն էգերի հետ են հագուրդ տալիս իրենց անառակ ցանկություններին ու սատանայական կրքերին, իսկ [դրանցից] առավելն այն է, երբ պղծվում են անբան անասունների հետ:
    Սրա վրա վերին զորություններն էլ են ապշում ու զարմանում, սրա վրա տխրելով սգում են սուրբերի դասերը, սրա վրա ողբում են բոլոր արդարները, որովհետև անօրեն պղծություններով անարգեցին ու արհամարհեցին արարածների Արարչին: Սրանցից գարշում, փախչում ու հեռանում է Սուրբ Հոգին և այլևս չի վերադառնում սրանց մոտ, որից հետո սրանք դառնում են սատանայի ու դևերի բնակարան և ողորմելի բոլորի համար: Քանզի ոչ մի ամբարշտություն չի հավասարվում այս ախտին, այլ բոլոր [տեսակի] դիվահարներից առավել են անզգայացած նրանց անձերը, [քանի որ] նրանք ախտավոր ցանկություններով կատաղում են իրար հետ. արուները վավաշոտելով` իգացնում են արուների արուական բնությունը, իսկ էգերն անամոթանալով ու լրբանալով՝ իգական բնությունն են արուացնում: Նաև անբան անասունների հետ ապականվեցին, որ առավել է, քան բոլոր պղծությունները:
    Բայց ես հիանում ու զարմանում եմ Աստծու համբերության վրա, որ երկնքից շուտափույթ կայծակներ չի իջեցնում այդպիսի ամբարիշտների վրա և ոչ էլ երկիրն է բացում ու ընկղմում գարշելի տիղմով զազրացածներին: Քանզի նրանք պղծվեցին օրենքից դուրս, և նրանց անօրինությունները գերազանցեցին մեղքերի բոլոր սահմանները: Չեմ կարողանում ցույց տալ դառը, ողբալի ախտի վտանգավորությունը և առավել զարմանում ու ապշում եմ, երբ կանայք են գործում այդպիսի մոլեկան կատաղությունը և այս մտքից դուրս պղծությունները գործում: Քանզի ի սկզբանե տղամարդը տղամարդ ստեղծվեց կանանց պետքերի համար, իսկ կինը կին ստեղծվեց` տղամարդկանց օգնական լինելու համար: Բայց այս անզգայական ախտերն ու անօրեն անառակությունները աստվածադիր օրենքները փոխեցին ամբարշտությամբ, և բնական պետքերը, որ այրերը պետք է ընդունեին կանանցից, իսկ կանայք` այրերից, նրանք նաև ուրիշ աղտեղությունների փոխեցին և վերածեցին անհանդուրժելի գարշանքի, որ նողկանք է պատճառում բոլոր լսողներին, որի մասին պատմելը զարհուրեցնում է ինձ:
    Արդ, դուք նույնպես, խոսքերս լսելով, գարշեցե՛ք և երանի թե զզվեիք ու նողկայիք այդ ամենից, որովհետև դրանք զազրելի են բոլոր ախտերից: Այդպիսի մարդու հետ չի կարելի բնակվել, ո՛չ էլ նրա հետ հաց ուտել, այլ պետք է փախչել նրանից, ինչպես դևից: Պիղծ է այն ամենը, ինչին դիպչում են նրա ձեռքերը, բոլոր պղծություններից առավել պիղծ է նա, արժանի մեծագույն պատուհասների և բազում հրեղեն շանթերի ի վերուստ: Նաև առավել ժանտամահ [պիտի լինեն] այդպիսի մարդիկ, ինչպես պոռնիկները, պիտի դատապարտվեն ահավոր չարչարանքների։ Քանզի պոռնկությունը, թեպետև անօրեն ու աստվածային պատվիրաններին հակառակ [ախտ] է, այսուհանդերձ ըստ բնության է այս մեղքը, մինչդեռ անասնամոլների, իգացողների և արվագետների պղծություններն առավել են, քան բոլոր մեծագույն անօրինությունները, և արթնացնում են Աստծու բարկությունն ու սաստիկ ցասումը: Քանզի ասում է. «Բոլոր մեղքերը, որ գործում է մարդը, իր մարմնից դուրս են, իսկ ով պոռնկանում է, իր մարմնի դեմ է մեղք գործում» [Ա Կոր. Զ 18]: Այնքան զազրելի ու դժնդակ է այս մոլությունը և բոլոր պոռնկություններից առավել ահավոր պղծություն, որ դրա առավել ամբարշտության համեմատությամբ արդարանում են բոլոր մեղքերի սաստիկ անօրինությունները: Ինչպես որ գրված է. «Հուդայի ուխտազանցության համեմատ արդարացավ Իսրայելի կռապաշտությունը» [տե՛ս Երեմ. Գ 11],- այդպես բոլոր անօրեն ախտերի չարությունից առավել եռաց այս ամբարշտությունը, որի պղծության մասին անհնարին է խոսքերով պատմել. քանզի խառնակեցին փոխեցին իրենց բնությունը. տղամարդկային բնությունը կանացի դարձավ, իսկ կանացի բնությունը՝ առնացի, և առավել սողալով՝ ապականվեցին անբան անասուններով. անօրե՛ն, ահավո՛ր անօրինություններ, արհավիրքներ, սոսկալի ահուդող:
    Արդ, ի՜նչ ասեմ, ինչպիսի՜ խոսքերով ճանաչեցնեմ այս չար ախտի դառնությունները. այս ախտից բացվում են գարշահոտ անդունդներ, ականջները չեն հանդուրժի լսել այդ մասին: Քանզի եթե այս ախտի բնությունը խոսքերով մերկացնելով` ճշմարտապես ճանաչեցնեմ ձեզ, որպեսզի լավ հասկանաք, կաղտոտեմ, կապականեմ և տիղմով կշաղախեմ լեզուս, իսկ եթե զղջալով` քողարկելով խոսեմ, կծածկվի այս մոլեկան ախտի չարությունը:
    Արդ, դադարեմ այս ախտի մասին պատմելուց, որպեսզի հանդարտվեն ձեր ականջները. մտքով ձեր մտքում իմացեք այս զազրելի ախտը, և մենք ամբողջապես չբացահայտենք նրա զազրելիությունը, որպեսզի դուք նույնպես զզվանք ու նողկանք չզգաք ձեր ականջների` [այդ ամենը] չտանելու պատճառով, քանզի իմաստունին բավական է և մեկ խոսքը` հոգու խրատի ու զգուշության համար: Քանզի եթե մեկը մտքով անգամ անցկացնի այնպիսի մոլեգնությունները, որոնցով պղծվում են անասնամոլները, կամ էգերն էգերի և արուներն արուների հետ են գործում, կպղծի իր հոգին, ապա ուրեմն որքա՜ն կայրի գործը: Քանզի. «Եթե արդարը հազիվ է ապրում, ապա ի՞նչ պիտի լինի մեղավորը» [Առ. ԺԱ 31]: Նրանց մարմիններում անհանգչելի կրակ բորբոքվեց ու վեր բարձրացաւ. և պղծվեցին ոչ նման բնությամբ. տղամարդը տղամարդ էր, ախորժեց կին լինել և կորցրեց իր բնույթը, կինը կին էր, կամեցավ տղամարդ լինել և կորցրեց իր կանացի էությունը: Նրանց պետք էր հալածել կանանց և տղամարդկանց միջից, որովհետև թողեցին բնական պետքերն ու անբնականներով պղծվեցին: Այդ մասին և Պողոսն էր ողբալով ասում, թե` «Նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով, նաև արուները, թողնելով էգերի հանդեպ բնական կարիքները, բորբոքվեցին միմյանց ցանկությամբ, և արուներն արուների հետ խայտառակություն գործեցին» [Հռոմ. Ա 26-27]: Նրանք, պիղծ խորհուրդներով չար ցանկությունները լցնելով իրենց մարմինների մեջ, անբան անասունների հանդեպ բորբոքվեցին և բոլոր տեսակի չարիքները գործեցին ու պղծվեցին առավել, քան եկեղեցի կողոպտողները, քան գերեզման քանդողները, և մարդասպաններից առավել անօրինացան. քանզի մարդասպանը միայն մարմինն է սպանում, այն էլ` միայն այստեղ, իսկ սրանք հոգին ու մարմինն են սպանում հավիտենական տանջանքներով:
    Սա առավել մեծ ամբարշտություն է, քան հեթանոսությունը. սրա պատճառով սաստիկ բարկություններ են հեղվում երկրի վրա, սրա պատճառով երկինքը կա՛մ փակվում է չարաչար, կա՛մ բացվում խստությամբ, սրա պատճառով տարաժամ մահեր ու զանազան պատուհասներ են լինում, սրա պատճառով ջրհեղեղը կորստյան մատնեց ամբողջ աշխարհը, սրա՝ արվամոլության ախտի և իգական կատաղությունների պատճառով կայծակների հրացայտ անձրև տեղաց Սոդոմի վրա և այրեց նրա բոլոր սահմանները: Ո՜վ անօրեն մոլորություն, ո՜վ սաստիկ կուրություն և միգապատ հիմարություն. սկզբից իսկ սարսռում եմ, վախից հիմարանում է միտքս, և չեմ կարողանում խոսքս բովանդակել: Ո՞վ տեսավ, կամ ո՞վ լսեց այսպիսի ահավոր արհավիրքներ, անօրեն ամբարշտություններ և զազրելի պղծություններ: Ո՛վ սատանա և ի սկզբանե մարդասպան, ո՜ր խավարն ու անօրինության ինչպիսի՜ խորքերն իջեցրիր մարդուն, մինչևիսկ արվամոլ, անասնամոլ ու իգամոլ ես դարձնում նրան:
    Եվ այժմ ի՞նչ անվանենք նրանց, ովքեր այդպիսի մոլեգնություններով մոլեգնեցին. դրանք մարդ չե՛ն: Անասո՞ւն կոչենք նրանց. բայց նրանք անասունից ավելի անմիտ են, որովհետև երբեք չենք տեսնում, որ անասունը մարդկային բնությունն ախորժի: Կատաղած շո՞ւն անվանենք. բայց նրանք անամոթանալով՝ շներից առավել են կատաղում: Քանզի շներն իրենց նմաններին են ախորժում և ըստ իրենց բնության օրենքի են մոտենում, մինչդեռ իգամոլները, արվամոլներն ու անասնամոլները շներից ավելի են կատաղում, և իրենց գործած չարիքներով գերազանցում են դևերին:
    Ո՜վ Աստծո մեծ համբերությանը, ո՜վ Բարերարի մեծ սիրուն և անբավ երախտիքներին, որ երկինքը չի կործանում այդպես ամբարշտացողների գլխին, երկիրը չի ճեղքում և չի ծածկում ապականվածներին ու [այդպիսի մեղքերով] ծանրացածներին, ոչ էլ սաստիկ փայլակներ է իջեցնում վերևից և կրակի շանթերով այրում, այլ համբերությամբ սպասում է, մինչև վրեժխնդրության ժամանակը և ահեղ դատաստանի Օրը: Եվ արդ, քանի՜ գեհեն ու հրացայտ հնոց բավական կլինեն այդպիսի անձանց, ներքին քանի՜ տարտարոս ու խավարի աղջամուղջ՝ այդպիսի անօրեն զեխության փոխարեն, քանի՜ որդնալից գուբ է սպառնում և տանջանքների [ինչպիսի՜] բազմություն. չեմ կարող ասել հրեղեն հորդահոս գետերի մասին, որոնք հոսելով իջնում են ամբարշտությունների վրա, ուր ահավոր արհավիրքներ են, անդադար լաց ու ողբ:
    Արդ, ողորմելի՛ և թշվառակա՛ն, չարաչար վախճանիդ օրը ի՞նչ պիտի անես հիմար կույսերի սաստիկ դառնությունը, երբ հոգուդ անողորմ պահանջողները ահավոր կերպարանքներով եկած՝ հասնեն քեզ վրա՝ փութով հոգիդ հափշտակելու մարմնիցդ, իսկ սարսափած հոգիդ ահագին ահով ու դողով ջանա ետ դառնալ և թաքնվել մարմնիդ հարկի տակ. պիտի չկարողանա հանդարտ նայել իր դեմ եկող հրեշտակներին, որոնք սաստիկ սպառնալիքներով պիտի ջանան հոգիդ հանել մարմնիցդ: Այնժամ քեզ պիտի պատեն ահեղ ատյանի սոսկալի արհավիրքներն ու չարաղետ տանջանքների տագնապն ու սարսափը:
    Եվ արդ, դառնորեն լաց չե՞ս լինում՝ հիշելով այն սարսափի մասին, և անդադար ողբերով չե՞ս հառաչում քո բազմաթիվ չարաչար ամբարշտությունների համար. քո վշտագնած սրտի ջերմեռանդ արտասուքների համար Տերը թերևս ներողամտաբար գթա և գորովագութ ողորմությամբ ընդունի քո՝ հեծեծանքով պաղատանքները: Արդ, շտապի՛ր ապաշխարել, քանի դեռ ժամանակը մերն է, որպեսզի չլինի թե «Օրը գա, քեզ հափշտակի, և չլինի մեկը, որ քեզ փրկի» (տե՛ս Սաղմ. Է 3): Այլ փութա՛ ձերբազատվել պղծությունիցդ` ապավինելով Աստծու մարդասիրությանը: Թեպետև անթիվ են քո անօրինությունները, բայց անսահման է Աստծու մարդասիրությունը. թեպետև չարաչար գլորվեցիր, բայց շտապի՛ր. աղաչի՛ր Քրիստոսին, Ով կանգնեցնում է գլորվածներին: Թեպետև ամբողջովին տիղմով թաթախված՝ զազրելի դարձար, բայց ունես արտասուքների աղբյուր, որ մաքրում ու լվանում է: Թեպետև կործանվեցիր մեղքերի ահավոր աղտեղությների մեջ, այլևս մի՛ հապաղիր, մի՛ մնա կործանումիդ մեջ և կգտնես թողություն ու փրկություն: Թեպետև քո սև ամբարշտությունների մեջ ներկվելով՝ նեխեցիր, բայց մոտեցի՛ր Քրիստոսին ջերմեռանդ արտասուքներով, և Նա լուսավորելով` կպայծառացնի քեզ: Թեպետև սաստիկ բարկացրիր [Նրան]` ապականված մնալով քո խավարային ընթացքի մեջ, շտապի՛ր խոստովանել, և կընդունվես, ինչպես անառակ որդին: Թեպետև ոտքից գլուխ ծանր վիրավորվեցիր, բայց կարո՛ղ ես բժշկվել ողորմությամբ և տնանկներին գթալով: Թեպետև կապվեցիր սատանայի շղթաներով և պատվեցիր նրա լարերով, քո խիստ պահեցողությունն ու ջերմագին աղոթքները կքակտեն սատանայի մեղքերի շղթաներն ու կապանքները: Թեպետև քո ահավոր անօրինությունները քեզ խավարային անդունդի խորքերն իջեցրին, կամավոր ապաշխարությանդ խնդրանքներն ու հառաչանքները քեզ կհանեն խորին խավարից և կբարձրացնեն դեպի երկնային կամարը, ուր արդարների [համար պատրաստված] բարիքներն են: Թեպետև գարշահոտ պղծությամբ խավարային դևերի բնակարան եղար, սրբվի՛ր զազրելի նեխությունիցդ, քրձով, մոխրով ու պաղատանքներով Աստծու տաճար բարձրացիր: Թեպետև սաստիկ են չարիքներդ, բայց հաղթող է Նրա մարդասիրությունը: Թեպետև պիղծ ես [կուռքերին] զոհաբերվածից ու մեռելոտիից առավել, բայց կարո՛ղ ես մաքրվել առաքինի վարքով և հաճոյանալ Աստծուն: Թեպետև մեղքերի զազրելի ախտերով չարաչար նեխեցրիր և քայքայեցիր մարմինդ ու շաղախվեցիր, թաղվեցիր անօրինությանդ մեջ, կոտրված հոգով և խոնարհ սրտով ջնջի՛ր քեզնից անօրինություններդ և անմիջապես կլուսավորվես Սուրբ Հոգու շնորհներով:
    Շատերը խոտորվեցին ճշմարտությունից, իսկ հետո գտան փրկության ճանապարհը. շատերը չարաչար գլորվեցին, բայց կրկին կանգնեցին. շատերը, կռվողներից խոցվելով, մահացու վիրավորվեցին, բայց դարձյալ հաղթեցին. շատերը աղքատացան նավաբեկությունից, բայց դարձյալ հարստացան. շատերն ընկղմվեցին չարիքների խորքերը, բայց արդարացան ապաշխարությամբ. հիվանդներից շատերը անհույս լինելուց հետո բժշկվեցին. շատ մեղքերով ծանրաբեռնվածներ թեթևացան ջերմեռանդ ապաշխարությամբ: Արդ, դու նույնպես հույսդ մի՛ կտրիր մարդասեր Աստծու ողորմությունից. հիշի՛ր, որ բազում մաքսավորներ արդարացան, բազում պոռնիկներ սրբվեցին, բազում ավազակներ արդարացան և բացեցին դրախտի դուռը: Դու նույնպես փութա՛, կանգնի՛ր գլորումիցդ, հեռո՛ւ վանիր քեզնից անօրինությունդ և կհասնես փրկության: Անզղջությամբդ մի՛ նմանվիր սոդոմցիներին, որպեսզի նրանց հետ չայրվես գեհենի հրում, այլ ապաշխարությամբ Նինվեի՛ն նմանվիր և ե՛տ դարձիր չար ճանապարհից: Ահա քո մեջ դեռևս բնակվում է անօրեն թշնամին և խստացնում է քո սիրտը` չդառնալու դեպի զղջումն ու ապաշխարությունը: Ճանաչի՛ր սատանայի գաղտնի նետերը և փութա՛ ազատվել նրա որոգայթներից: Ահա քո շուրջը դևերի անթիվ բանակներ են հսկում և պատում ու պաշարում են խորհուրդներդ, որպեսզի չխոստովանես ու չապաշխարես. ցատկի՛ր նրանց միջից, ինչպես կցատկեիր կայծակների հրի միջից, և փութա՛ նետվել Աստծու ողորմության մեջ: Ողբա՛` ասելով. «Հա՛յր, մեղանչել եմ երկնքի դեմ և Քո առջև» [Ղուկ. ԺԵ 18], մի՛ մերժիր ինձ Քո ողորմությունը, որովհետև մարգարեից լսել եմ. «Թող ներված լինեն քո մեղքերը» [հմմտ. Բ Թագ. ԺԲ 13]: Որին մենք նույնպես թող արժանանանք շնորհներով և մարդասիրությամբ Հոր, Որդու և Սուրբ Հոգու. [Նրան փառք, պատիվ և երկրպագություն] այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Aucun commentaire:

Enregistrer un commentaire

Սիրելի՛ այցելու, եթէ այս թեմայի առընչութեամբ Ձեզ մօտ առաջացան հարցեր, խնդրեմ, գրառեցէ՛ք այստեղ, որոնց սիրով կը պատասխանենք: