dimanche 22 avril 2012

ԽՐԱՏՆԵՐ

Աբբա Զոսիմոս


Աբբա Զոսիմոս
    Նա այս մասին ավելին ասաց. «Ոչնչացրո՛ւ փորձություններն ու մտային խորհուրդները` չի լինի և ոչ մի սուրբ: Փրկարար փորձություններից փախչողը, փախչում է հավիտենական կյանքից: Սուրբերից մեկն ասել է. «Ովքե՞ր շնորհեցին սուրբ նահատակներին փառքի պսակներ, եթե ոչ իրենց իսկ խոշտանգողները: Ովքե՞ր շնորհեցին Սուրբ Ստեփաննոսին իրեն այդպես շրջապատող փառք, եթե ոչ նրանք, որոնք քարկոծեցին նրան»: Միացնե՛նք սրան նաև խոսքը մի այլ Սուրբի, որն ասում էր. «Ես չեմ մեղադրում ինձ վատաբանողներին, այլ հակառակը` մեծարում եմ և համարում նրանց որպես իմ բարերարների, և չեմ հեռացնում ինձանից հոգիների Բժշկին, որ տալիս է իմ փառամոլ հոգուն վիրավորանքի դեղամիջոցը` վախենալով, որպեսզի չլինի թե Նա իմ հոգուն էլ այնպես ասի, ինչպես որ երբեմն ասաց. «Բաբելոնին դեղ տվեցինք, բայց նա բժշկություն չգտավ» (Երեմ.ԾԱ 9): Եվ նորից` «Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, որ կոտորում էիր մարգարեներին ու քարկոծում էիր քեզ մոտ ուղարկվածներին, քանի՜-քանի՜ անգամ կամեցա հավաքել քո որդիներին, ինչպես հավը իր ձագերին թևերի տակ, բայց դու չկամեցար: Ահա ձեր տունը ձեզ պիտի թողնվի ավերակ» (Ղուկ. ԺԳ 34-35):
    Ասաց նաև. «Եվագրը վախենում էր, որ չլինի թե Տերն ասի իրեն. «Դու հիվանդացել էիր փառամոլությամբ, և Ես քո վրա բերեցի անպատվության դեղամիջոցը, որպեսզի դու նրա միջոցով մաքրվեիր, սակայն դու չբժշկվեցիր»:
    Հարկ է իմանալ այս բանը, որ ոչ ոք չի ասում մեզ ուղիղ ճշմարտությունը բացի նրանցից, ովքեր պարսավում են մեզ: Տերը, որ քննում է մարդու սիրտն ու երիկամները, գիտե, որ եթե ամբողջ  մարդկությունն էլ գովի և մեծարի մեզ, միևնույն է, մեր ամեն ինչը, այսպես թե այնպես, արժանի է նախատինքի և թուքումուրի: Եթե ասեն. «Թե դու այս ու այն բանն ես արել, ես կպատասխանեմ` բայց այդ բոլորի մեջ ո՞րն է իմ գործած լավը»: Ոչ ոք չի ասում իմ մասին սուտ` բացի նրանցից, որոնք գովում և մեծարում են ինձ, և ոչ ոք չի ասում իմ մասին ճշմարտություն` բացի ինձ կշտամբողներից ու նվաստացնողներից, և նրանք էլ դեռ ամբողջովին ճշմարտությունը չէ, որ ասում են իմ մասին:
    Եթե այնպես ստացվեր, որ նրանք տեղեկանային, դեռ չեմ ասում իմ ամբողջ չար գործերի ծովին, այլ միայն մի փոքր մասին, այնժամ նրանք երես կթեքեին իմ հոգու ժանտ գարշահոտությունից: Եթե մարդկային մարմնի բոլոր անդամները վերափոխվեն` դառնալով լեզու, որպեսզի հանդիմանեն մեզ, ես համոզված եմ, որ և այնժամ էլ նրանք չեն կարող ամբողջովին ջրի երես հանել մեր անպատվությունը: Ամեն մի հանդիմանող արժանացնում է հանդիմանության մեր մեղքերի ընդամենը մի մասը, բոլորը նա իմանալ չի կարող: Եվ եթե Հոբն ասում էր.  «Անարգանքով լցված եմ» (Հոբ Ժ 15) և այն, ինչ որ լցված է, էլ ուրիշ բան իր մեջ տեղավորել չի կարող, ապա մենք ինչ ասենք, որ անդունդ ենք ամեն չարության:
    Բոլոր մեղքերի ծանրությամբ էլ կուրացրեց մեզ սատանան, և հարկ է մեզ գոհանալ նրանցից, ովքեր խոնարհեցնում են մեզ` նվաստացնելով, քանզի նրանք, որ գոհանում են իրենց նսեմացման համար, նրանք դրանով մեծ հարվածներ են իջեցնում սատանայի գլխին: Սուրբ Հայրերն ասել են, որ եթե խոնարհությունը իջեցվի մինչև դժոխք, այն կհամբարձվի մինչև երկինք, և հակառակը. եթե հպարտությունը բարձրանա մինչև երկինք, այն վայր կնետվի մինչև դժոխք: Ինչպիսի բաներ էլ, որ կրի խոնարհը, կամ լսի, նա այս բոլորի մեջ  պատճառ է գտնում ինքնիրեն անարգելու և ստորացնելու համար: Այս նյութի հետ կապված Երանելի Զոսիմոսը հիշեց, թե ինչպես կղերականները եկեղեցու բեմից դուրս վռնդեցին Աբբա Մովսեսին` ասելով. «Կորի՛ր այստեղից, եթովպացի՛», և թե ինչպես նա ինքն իրեն սկսեց հանդիմանել` ասելով. «Ճիշտ վարվեցին նրանք քեզ հետ, սևամո՛րթ: Մարդ չլինելով հանդերձ մի՛ մտիր մարդկանց մեջ: Շատ լավ վարվեցին նրանք»:
    Ասում էր նաև, որ հարմար է իրագործել այն, ինչը որ լսում ենք սուրբ և գործնական մեր ուսուցչից` Աբբա Ամոնից, որն ասում է. «Շատ ուշադիր եղիր քո հանդեպ, թե հանուն ինչի ես դուրս եկել դու աշխարհից և ինչի համար է, որ դու այստեղ ես գտնվում և ամեն կերպ ջանա լռել, երբ մեկը քեզ ինչ որ վշտի ենթարկի, լռել և ոչ մի խոսք չարտաբերել, մինչև որ անդադար աղոթքով չհանդարտեցնես սիրտդ և հետո նոր խնդրիր եղբորիցդ ներողություն: Եվ ով սիրում է ճշմարիտ և ուղիղ ճանապարհը, նա, եթե ինչ որ մի բանի պատճառով խռովքի է մատնվում, միշտ ինքն իրեն է մեծ կշտամբանքի արժանացնում և  մերկացնում իր սեփական անձը` ասելով. «Դիվահարվում ես, ո՛վ իմ անձ, և ինչո՞ւ ես խռովվում որպես խելացնոր»: Եվ այդ խռովքը ցույց է տալիս, որ հիվանդ ես: Քանզի եթե հիվանդ չլինեիր, չէիր էլ կրի այդ տառապանքները: Եվ ինչո՞ւ ես ինքդ քեզ հանդիմանելը թողնելով` կշտամբում եղբորդ, որը ցույց տվեց քեզ քո հիվանդությունները: Գործով և ճշմարտությամբ սովորի՛ր Տեր Քրիստոսից պատվիրանները. «Որ նախատվելով` փոխարենը չնախատեց, չարչարվելով` չսպառնաց» (Պետր. Բ 23): 
    Լսո՞ւմ ես, թե ինչ է ասում Նա, և թե ինչ է ցույց տալիս գործով: «Թիկունքս հարվածների տվեցի, ծնոտներս` ապտակի և երեսս շուռ չտվի նախատինքներից ու թքից» (Եսայի Ծ 6): Իսկ դո՛ւ, թշվա՛ռ հոգի, մի փոքր անպատվության և անարգանքի, մի չնչին արհամարհանքի ու անտեսման, դատվելու և զրպարտանքի պատճառով, նստել ու անհամար անբարյացակամ խորհուրդներ ես հյուսում, որով ինքդ քո վրա ես հարձակվում դևերի փոխարեն: Ի՞նչ կարող է անել նման հոգուն դևը ավելին այն բանից, ինչը որ նա ինքն է իր հանդեպ անում: Քրիստոսի խաչը տեսնում ենք, Իր տառապանքների մասին, որ կրեց մեզ համար, կարդում ենք ամեն օր, իսկ ինքներս ոչ մի վիրավորանք չենք ուզում կրել. ճշմարտապես, որ մենք շեղվել ենք արդարության ճանապարհից:
    Դարձեալ ասաց. «Եթե մեկը չառաջնորդվի այն ուղիղ ճանապարհով, որով առաջնորդվում էին Սուրբերը, այսինքն` անարգանքի ու անդադար կորուստներ կրելու ուղիով, նա առաջընթաց չի ունենա ոչ շատի և ոչ էլ քչի մեջ ու չի կարող ձեռք բերել պատվիրաններում պահված գանձերը, այլ ուղղակի իզուր կծախսի իր կյանքի բոլոր օրերը»: Սրան ավելացրեց նա. «Երբ ես գտնվում էի Երանելի Դիոնիսիայի մոտ, մի եղբայր նյութական օգնություն ստանալու ակնկալիքով դիմեց նրան, և նա տվեց նրան, որքան որ կարողացավ: Բայց քանի որ սրան այնքան չէր տվել, որքան որ սա ակնկալում էր, այս պատճառով նա սկսեց չարախոսել և անմիտ բաներ տարածել իմ ու Դիոնիսիայի մասին: Սա լսելով` նա բարկացավ և ցանկանում էր ինչ որ մի բանով այս չարախոսին վարձահատույց լինել: Սա հասկանալով` ես ասացի նրան. «Դու այդ ի՞նչ ես ուզում անել, նման վարմունքով դու ինքդ քեզ կվնասես և կհեռացնես քո հոգուց ողջ առաքինություններդ: Եվ չէ՞ որ դու, դա անելով, ըստ արժանվույն չես ուզում կրել այդ զրպարտանքները, ինչպես որ Քրիստոս կրեց քեզ համար: Գիտեմ, տիրուհի՛, որ դու քո ամբողջ ունեցվածքը ցիրուցան ես արել որպես աղբ, բայց եթե ձեռք չբերես հեզություն, ապա կնմանվես դարբնի, որը հարվածներ է հասցնում երկաթի կտորին, սակայն պետքական բան չի սարքում դրանից»:
    Լսի՛ր, թե ինչ է ասում Իգնատիոս Աստվածակիրը. «Փնտրի՛ր հեզություն, որով ավերվում է այս աշխարհի իշխանի ամբողջ զորությունը»: Տագնապի չմատնվել ոչ մի բանի համար,- ահա սա է ողջ աշխարհը ուրացած լինելու նշանը: Պատահում է, որ մեկն արհամարհում է բազում գանձեր, հետո մոլությամբ կապվում է մի ասեղի հետ, և այս հակումը նրան մատնում է խռովքի ու տագնապի: Այս դեպքում ասեղը տեղ է գտնում նրա մեջ` մերժված գանձերի փոխարեն: Ահա, թե ինչպես է պատահում, որ մարդ դառնում է ծառան ասեղի կամ գրքի, վեղարի, փարաջայի կամ պարեգոտի` դադարելով դառնալ ծառան Աստծու: Լավ է ասել իմաստուններից մեկը. «Որքան որ կիրք կա հոգուդ մեջ, այնքան էլ և` տերեր»: Եվ Տերն էլ ասում է. «Որտեղ որ ձեր գանձերն են, այնտեղ էլ և ձեր սրտերը կլինեն» (Մատթ. Զ 21): Առաքյալը նմանապես ասում է. «Ինչ բանից, որ մեկը հաղթվի, նրան էլ ծառա կդառնա» (Բ Պետր. Բ 20):
Լսելով այս ամենը` Դիոնիսիան զարմանքով նայեց ինձ և ասաց. «Թող գտնես դու Աստծուն, Որին այդպես տենչում ես»...

Aucun commentaire:

Enregistrer un commentaire

Սիրելի՛ այցելու, եթէ այս թեմայի առընչութեամբ Ձեզ մօտ առաջացան հարցեր, խնդրեմ, գրառեցէ՛ք այստեղ, որոնց սիրով կը պատասխանենք: