jeudi 29 mars 2012

ՍԻՐՈ, ՄԱԽԱՆՔԻ (1) ԵՎ ՆԱԽԱՆՁԻ ՄԱՍԻՆ

 Սբ. Հովհան Մանդակունի



Մայրամուտ
    «Աստված սեր է», ասում է որոտման որդին՝ Քրիստոսի սիրելի աշակերտ Հովհաննեսը, և՝ «Նա, ով սիրում է, բնակվում է Աստծու մեջ, Աստված էլ բնակվում է Նրա մեջ» (տե՛ս Ա. Հովհ. Գ 24)։ Եվ արդ, եղբայրնե՛ր, լսեցե՛ք և հիշեցե՛ք սիրո մասին իմ խոսքերը։ Ամեն ոք, ով սիրում է Աստծուն, սիրում է նաև իր եղբորը, որովհետև Աստծու նկատմամբ սերը երևում է եղբոր նկատմամբ սիրով։ Որովհետև եթե [մարդ] չի սիրում եղբորը, ում տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, Ում չի տեսնում։ Սրանով ենք ճանաչում, թե սիրում ենք Աստծուն, երբ մեր եղբորը սիրում ենք հոգու և ոչ թե մարմնի սիրով։ Քանի որ ուրիշ է հոգու սերը, և ուրիշ է մարմնի սերը, որի մասին կխոսենք առաջ գնալով՝ իր տեղում։
    Բայց արդ, ամեն ոք, ով սիրում է, ճանաչվում է Աստծու կողմից, և ինքն էլ ճանաչում է Աստծուն, և ամեն ոք, ով չի սիրում իր եղբորը ցավակցաբար, օտար է Աստծուն և չի կարող ընդունել աստվածային շնորհները։ Ամեն ոք, ով սուրբ սրտով սիրում է իր եղբորը, դառնում է Աստծու բնակարան, և Աստված բնակվում է նրա մեջ։
    Որովհետև Ինքը՝ Տերը, սիրեց մեզ և առաքեց Ճշմարտության Հոգուն՝ բնակվելու մեր մեջ, որպեսզի մեր իմանալի հոգիները սիրով կապակցի Աստծու անիմանալի Հոգուն. Նա կամենում է, որ մենք սիրենք միմյանց այնպես, ինչպես որ Ինքը սիրեց մեզ։
    Տե՛ս, թե Աստծու մոտ որքան համարձակություն ունի սերը. այն մարդուն դարձնում է Աստծու նման։ Որովհետև Աստված Իր սիրով եղավ մարդկանց նման, ցույց տվեց, որ մարդիկ էլ իրենց սիրով պիտի լինեն Աստծու նման։ Քանի որ. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն ուղարկեց աշխարհի փրկության համար» (տե՛ս Ա. Հովհ. Դ.9)։ Եթե մենք սիրենց միմյանց այնպես, ինչպես որ Աստված մեզ սիրեց, չարը չի կարող խափանել մեր սերը։ Ամեն ոք, ով սիրում է, հայտնի է մարդկանց առջև և համարձակ է Աստծու առջև, որովհետև մեղքերով մահվանից չի վախենում, այլ զինված է Աստծու սիրով և չի վախենում ոչ մի երկյուղական վտանգից։ Որտեղ սերն է, այնտեղ վախ չկա. ինչպես Հովհաննեսն է ասում. «Սիրո մեջ երկյուղ չկա, և կատարյալ սերը հեռու է վանում երկյուղը» (Ա. Հովհ. Դ 18)։ Երկյուղը ենթակա է տանջանքների, իսկ սերը՝ համարձակության, երկյուղը հալածվում է սիրուց։ Այնտեղ, ուր սեր չկա, կա դատաստանի երկյուղն ու այն մեծ Օրվա ահավոր ատյանի [ժամանակ] կորստյան [մատնվելու] սարսափը։ Սերը մարդուն աներկյուղ է դարձնում բոլոր տանջանքներից։ Սեր ասում եմ այն բանին, ինչ ամբողջովին հեռու է կասկածից։ Որովհետև կասկածն ու սերը միասին չեն բնակվում։
    Պետք է իմանալ, որ սերը ոչ միայն հավիտենական կյանքում է պտղաբերում է իր խաղաղության պտուղը, այլ նաև այս աշխարհում է հալածում ամենայն թշնամություն՝ նախանձն ու ատելությունը, ոխակալությունն ու չարակնությունը, չարախոսությունն ու հայհոյությունը, տրտունջքն ու բամբասանքը, հպարտությունն ու գոռոզությունը, մանավանդ բոլոր չարիքների մայր արծաթասիրությունն ու ագահությունը։
    Արդ, նա, ով ունի սեր, հեռանում է այս բոլոր չարիքներից և հասնում է երկնային խաղաղության նավահանգիստ, հասնում է միայն բարուն։ Ի՞նչն է սիրուց առավել խաղաղ. ազատ լինել ամենայն խռովությունից և կատարել աստվածային կամքը։ Սերը երկնքի արքայության բանալին է և հավիտենական կյանքի ճանապարհը։ Սերը մարդկանց Աստծու որդիներ ու երկնային արքայության ժառանգորդներ է դարձնում։ Սերը անապական է դարձնում ապականացու բնությունը և մահկանացուներիս դեպի անմահութուն է բարձրացնում։ Սերը երկրայիններիս երկնային ու հողեղեններիս հրեղեն է դարձնում։
    Եվ արդ, ո՞վ կարող է պատմել սիրո անչափ մեծության մասին, որովհետև անճառելի և անպատմելի է այն. ինչպես որ անքննելի է Աստվածության անեղ բնությունը, այդպես էլ սիրո բնությունն [է անքննելի]։ Եվ ինչպես որ Աստված է անբավ, բայց մերձ է բոլորիս և բնակվում է հեզերի, խոնարհների ու բոլոր նրանց մեջ, ովքեր դողում են Նրա խոսքերից [տե՛ս Ես.ԿԶ 2], այդպես էլ սերն է մերձ բոլոր նրանց, ովքեր կամենում են այն, և ինքը գալիս ու բնակվում է իրեն փնտրողների մեջ։ Որովհետև սերը սիրում է իրեն սիրողներին և ատում է իրեն ատողներին։ Ովքեր փնտրում են նրան, աստվածապես մոտ է նրանց, քանզի Աստված սեր է և կամենում է, որ [մենք էլ] սուրբ սրտով ու անկեղծավոր հավատով սիրենք [միմյանց]։
* * *
   Սիրո մասին նորագույն բաներ փնտրելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեզ սիրո վարդապետ ունենք նույն Իրեն` Քրիստոսին, Ով ասաց. «Սիրեցե՛ք միմյանց» [Հովհ. ԺԳ 34], և` «Եթե ինձ սիրեք, կպահեք իմ պատվիրանները» [Հովհ. ԺԴ 15]: Քանի որ սերն է պատվիրանի գլուխը, և նա, ով կամենում է մոտենալ աստվածապաշտության, հարկ է, որ բոլոր պատվիրաններից առաջ սեր ստանա. «Նրանով բոլորը կիմանան, որ իմ աշակերտներն եք, եթե դուք սիրեք միմյանց այնպես, ինչպես որ ես ձեզ սիրեցի» [Հովհ. ԺԳ 35]: Քանի որ Աստված Ինքը սեր է (և Հովհաննեսն էլ Նրան սեր է անվանում [Հովհ. ԺԳ 34]), նա, ով մնում է Աստծու սիրո մեջ, բնակվում է Աստծու մեջ, և Աստված բնակվում է նրա մեջ, որովհետև կատարում է Նրա` սիրելու հրամանը:
    Սիրել քարոզվում էր նաև Հին [կտակարանում], իսկ Նոր [կտակարանում] Քրիստոս հրամայում է սիրել [ոչ միայն] մեզ սիրողներին, այլ նաև մեր թշնամիներին, նաև անձը դնել մեր սիրելիների սիրո համար (տե՛ս Մատթ. Ե 44): Նա Իր անձը դրեց և՛ թշնամիների, և՛ սիրելիների համար, որպեսզի ոչ միայն խոսքով, այլ նաև գործով մեր մեջ հաստատի սիրո պատվիրանը: Ուստիև մենք սրտով սիրե՛նք Աստծուն և երկյուղով պահե՛նք Նրա պատվիրանները. Աստծուն սիրելը Նրա պատվիրանները սրտով պահելն է: Իսկ Նրա պատվիրաններն այս են, որ ճշմարիտ սիրով սիրենք միմյանց. ամեն ոք, ով ճշմարտապես սիրում է իր եղբորը, պահում է Նրա պատվիրանները:
    Իսկ ճշմարտապես սիրելն այս է, երբ սիրում ենք ոչ թե [մեզ արված] երախտիքի համար, ոչ թե ըստ ընտանեկան սովորության, ոչ թե նրա գեղեցիկ դեմքի, ոչ թե գութի համար և ոչ էլ, որովհետև նա սիրում է մեզ: Այլ միայն Աստծու պատվիրանի համար պիտի սիրես բոլորին և բոլորի հետ խաղաղություն պիտի ունենաս, բայց ունեցվածքիցդ կարիք ունեցողին միայն պիտի բաշխես, իբրև սեփական վշտացած անդամի` պիտի հոգաս աղքատի մասին, քանի որ բոլորս միմյանց անդամներ ենք, և հարկ է, որ ինչպես Պողոսն է ասում. «Մեկ վշտացած անդամի համար վշտանան մյուս բոլոր անդամները» [տե՛ս Ա Կոր. ԺԲ 26], և անձդ չարչարանքների պիտի տաս ընկերոջ սիրո համար, ինչպես որ Քրիստոս Իր անձը չարչարանքների տվեց մեզ համար: Քանզի եթե Նա, որ Աստված էր, մեզ և մեր թշնամիների համար իջավ այսչափ անարգության, ի՞նչ պատասխան պիտի ունենանք տալու, եթե չսիրենք միմյանց ըստ [Նրա կողմից] մեզ տրված պատվիրանի՝ սիրել [մեր] թշնամիներին, օրհնել մեզ հալածողներին, բարիք անել նրանց, ովքեր ատում են մեզ, և աղոթել մեզ հալածողների համար (տե՛ս Մատթ. Ե 44-45): Քանզի սիրո փոխարեն սեր հատուցում են նաև մաքսավորները. բայց այն է պատվիրանի համար, որ սիրեն թշնամիներին, ըստ կարողության` օգնեն բոլորին, մխիթարեն կարոտյալներին, սփոփեն տրտմածներին, զրկվածին հատուցելու մասին խոսեն, օգնեն անօգնականին, սպասավորեն հիվանդացածին, մոլորվածին [ճշմարիտ] գիտության դարձնեն, շտկեն եղբոր թերությունները, ինչքերն ու կարողությունը ծառայեցնեն բոլորին, եթե հավատացյալների համար ամեն բան ընդհանուր է:
    Եվ արդ, քրիստոնյան ու Քրիստոսի աշակերտը այնպես պիտի սիրի իր եղբորը, որ. «Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն եք» [Հովհ. ԺԳ 35]: Քանզի եղբորը սիրելն ավելին է, քան մարգարեության հոգի ընդունելը, առավել բարձրագույն է, քան առաքելական կոչումը, մարտիրոսների պատվից պատվական է և բոլոր առաքինություններից ավելի վեր ու պատվված է երևում, իբրև իր վայելչությամբ փայլող թագավոր է ռամիկների մեջ: Թեև մեծ է կույսերի վայելչությունը, բայց սիրո պայծառության առջև նվազում է [այդ] առաքինության ամբողջ լուսավորությունը. ինչպես արեգակի ճառագայթներից ծածկվում է աստղերի ամբողջ պայծառությունը, ուր ողորմություն է լինում առանց սիրո:
    Արդ, ինչպե՞ս է ողորմություն լինում առանց սիրո: Եթե մեկը [ողորմություն] անի սնափառության ախտով` ի ցույց մարդկանց, կամ եթե նույն ախտով գանահարության և բանտերի մեջ մաշվի կամ կրակի մեջ այրվի, ոչ մի օգուտ չի ունենա, ինչպես Պողոսն է ասում. «Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին և իմ այս մարմինը մատնեմ այրվելու, բայց սեր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենա» [Ա Կոր. ԺԳ 3]: Քանզի եթե մարդը սրտում սուրբ սեր չունենա, թեև մարգարեական հոգի և առաքելական շնորհներ էլ ունենա, սաստիկ ճգնությամբ չարչարի իր անձը ու վարդապետության խոսքով լուսավորի շատերին, հավատով մեծամեծ նշաններ գործի և լեռները տեղաշարժի, ոչ մի օգուտ չի ունենա այդ ամենից, որովհետև սերն է բոլոր առաքինությունները համեմող աղը, և ապականվում է այն [տեղը], ուր որ սերը մուտք չի գործում, և դուրս են մնում արքայությունից: Նա, ով սրտանց սեր ունի, սիրում է ողորմությունն ու [կամավոր] աղքատությունը: Քանզի հարկ է, որ սեր ունեցողը հրաժարվի հարստությունից. սերն ու հարստությունը չեն բնակվում միևնույն անձի մեջ, որովհետև սերը ցրում է հարստությունը` կարոտյալներին օգնության հասնելու համար: Սերը հալածում է ագահությունն ու չարակնությունը, նենգությունն ու թշնամությունը, նախանձն ու բարկությունը, ամբարշտությունն ու սնափառությունը, բոլոր ախտերը չքանում են սիրո [պատվիրանը] պահողից: Սիրուն միավորված ու կապված են խոնարհությունը, հեզությունը, քաղցրությունը, ողորմությունը, անընչությունը, անկեղծությունը, անանձնասիրությունը, խաղաղությունը, ճշմարտությունը, սրբությունը, անմեղությունը, բարերարությունը. բոլոր առաքինություններն ու կատարյալ պատվիրանապահությունը կատարում է սիրո [պատվիրանը] պահողը։
    Սատանայի բոլոր չար խորհուրդները, բոլոր ախտերի բազմությունները լցվում են նրա մեջ, ով սրտով հաստատված չէ սիրո մեջ, որովհետև սատանայական ախտերի գլուխը անձնասիրությունն է. նրա վրա են շարվում բոլոր ախտերի բազմությունները, քանի որ անձնասերը երբեք ընկերասեր լինել չի կարող: Իսկ պատվիրանի գլուխը սերն է, և նրա վրա են շարվում բոլոր առաքինությունները, քանի որ ընկերասերը չի փնտրում իր կամքը, այլ [կամենում է] ընկերոջ համար հաճելին և բարին անել, նաև Աստծու պատվիրանի համար ծառայության է տալիս իր անձը, որովհետև գիտե, որ Աստծու պատվիրանի լրումը սերն է: Եվ բոլոր առաքինությունները, որ առանց սիրո են [գործվում, արժեք չունեն]. երկնային առագաստի դռները փակվում են նրանց առջև, և նրանք լսում են այն սոսկալի ձայնը, թե` «Չե՛մ ճանաչում ձեզ» [Մատթ. ԻԵ 12], և գեհենի կրակին են մատնվում պոռնիկների ու մարդասպանների հետ. «Որովհետև, ասում է, ով ատում է իր եղբորը, մարդասպան է» [Ա Հովհ. Գ 15]: Իսկ նա, ով չարակնում ու նախանձում է, ո՜ր խավարի մեջ պիտի գնա և կամ ո՜ւր պիտի սուզվի, ինչպիսի՜ տանջանքներով պիտի խաշվի ու մաշվի: Քանզի ախտերի սկիզբը նախանձն ու չարակնությունն են. նրանցո՛վ սատանան ընկավ փառքերից, նրանցո՛վ Ադամը ելավ դրախտից, և անեծքն ու քրտինքը, փուշն ու տատասկը, մահն ու մեղքը տիրեցին Ադամի բոլոր ծնունդներին, նրանցո՛վ Կայենը երերման ու ահուդողի մատնվեց:
    Իսկ այժմ շատերն են, որ միշտ այրվում են նախանձից. երբ տեսնում են եղբոր հաջողությունը, որ կա՛մ հարստության, կա՛մ իր արվեստի, կա՛մ վարդապետության խոսքի շնորհիվ հարգվում է շատերի կողմից, այդ տեսնելով՝ նախանձորդները հալչում ու մաշվում են, նրա մասին բամբասանքներ հորինում` հակառակվելով Աստծու կամքին, որ նրան հաջողություն շնորհեց: Ուստիև եթե նախանձոտը բազում ճգնություններ էլ կրի և բյուր առաքինություններ էլ ստանա, նաև կուսության սրբությունն ունենա, պահքով ու բոլոր ճգնություններով ինքն իրեն մաշի հանապազ, քրձով, մոխրով ու մշտահեղ արտասուքներով ողբա գիշեր ու ցերեկ, ողորմություններով աղքատանա, մեծամեծ նշաններ գործի, մշտաջան աղոթքներով և փառաբանություններով նմանվի վերին զվարթուններին, անգամ եթե մարտիրոսվի և հրով այրվի ու իր սրտում նախանձ և չարություն ունենա, բոլոր սպանողներից ու շնացողներից առավել պիղծ և մեղքերի մեջ թաթախված բոլոր ամբարիշտներից առավել անիրավ կհամարվի: Եվ արդ, ո՞ր չարիքներն է առավել ժանտ, քան նախանձն ու չարակնությունը, որովհետև հրից առավել այրող և սրից առավել սպանող են. իրենց ունեցողներին են սպանում: Եվ ո՞վ կարող է դիմանալ այն բոցին, և կամ այդպիսի սատանայական անձինք ի՞նչ ներում ու թողություն պիտի ունենան: Քանզի ոչ մի չարիք նախանձի և չարակնության նման չէ, որովհետև [դրանք ունեցողը] մշտապես մեղքերի մեջ է. գիշեր ու ցերեկ հանապազ չի դադարում սպանելուց, քանզի մշտապես բարձած՝ իր հետ է կրում իր չարությունները:
    Եվ արդ, ո՞վ կարող է փարատել այն թանձրամած խավարը, որ տարածվել ու թանձրացրել է նախանձողների մտքերը, քանի որ նրանց սրտից երբեք չի հեռանում մարդասպանի (2) նախանձի դառը նստվածքը (մթերքը): Քանզի այդպիսիները եթե անգամ եկեղեցի էլ մտնեն և աղոթքներ ու խնդրվածքներ անելով մաշվեն, եթե արտասվեն ու ողորմություններ էլ անեն, երբեք չեն սրբվի սպանությունից:
    Արդ, ինչպիսի՞ ներում և թողություն պիտի գտնեն այդպիսիները, և կամ ինչպիսի՞ ահավոր չարության կկարողանանք նմանեցնել այդպիսի անմեկնելի անօրինությունը. ո՞ր չարաժանիք գազանին, ո՞ր խայթող սողունին, ո՞ր իժը կամ ո՞ր քարբը կունանան այդպիսի սարսափելի թույն: Չկա, և անհնարին է գտնել չարակնողներից ու նախանձոտներից առավել անսուրբ ու անօրեն անձինք, որովհետև (3) նա իր մտքում մշտապես այրվում բորբոքվում է մտատանջությամբ: Դողում և դեղնում է, երբ տեսնում է իր եղբայրներին ու դրացիներին, որոնք ընտանիք և զավակներ ունեն. և դևերն ավերում են տունը, հատուցում են կա՛մ քարկոծությամբ, կա՛մ այրելով, կա՛մ ջրի մեջ ընկղմելով, սատանայի կամքը կատարելով. այդպիսի մարդուն պետք է հանապազ արտասվել ու ողբալ: Նրա համար ավելի լավ է երկու աչքով կույր լինել, քան բոլոր անդամներով առաքվել հավիտենական հրի մեջ: Նա հեթանոսներից առավել պիղծ է երևում և չար նախանձությամբ լծակիցն է սատանայի, որի հետ էլ պիտի ժառանգի հրացայտ տարտարոսն ու անշեջ գեհենը:
    Եվ եթե բոլոր բարի գործերն ու զանազան առաքինություններ, բարի վարք ու առաքինի կենցաղավարություն ունենա, այդ ամենից ոչ մի օգուտ չի ունենա, եթե ատելության խավարը, չարակնությունն ու նախանձը պահի իր սրտում:
    Ուրեմն այսուհետ շտապի՛ր և հեռո՛ւ փախիր խավարամած մեղքերիցդ և արտասուքներով Տեր Աստծուն ասա՛. «Մեղավո՜ր եմ», որպեսզի կարողանաս լսել Քրիստոսից այն խոսքը, որ ասում է. «Եկե՛ք, իմ Հոր օրհնյալներ, ժառանգեցե՛ք պատրաստված արքայությունը» [Մատթ. ԻԵ 34]: Նրան փառք հավիտյանս հավիտենից. ամեն:

   (1) Մախանք - չար նախանձ, չարակնություն:
    (2) Նկատի ունի առաջին մարդասպանին՝ Կայենին։
    (3) Օրինակի մեջ բացակայում է մեկ էջ, որում այս ճառի ավարտն է և հաջորդ ճառի սկիզբը, մինչեւ «նա»: Երկուսի թերին վերցվեց երկու օրինակների բաղդատությամբ:

Aucun commentaire:

Enregistrer un commentaire

Սիրելի՛ այցելու, եթէ այս թեմայի առընչութեամբ Ձեզ մօտ առաջացան հարցեր, խնդրեմ, գրառեցէ՛ք այստեղ, որոնց սիրով կը պատասխանենք: