Սբ. Գրիգոր Տաթևացի
Սբ. Գրիգոր Տաթևացին` ծնկած |
Ըստ Տիրոջ այն խոսքի, թե՝ «Պետք է ամեն ժամ աղոթել և չձանձրանալ» [Ղուկ. ԺԸ 1]։
Վարդապետները երեք պատճառով են ասում, թե աղոթքը շատ օգտակար է։
Նախ՝
որովհետև աղոթքը պատվական ընծա է Աստծուն, առավել [պատվական], քան այն
ամենը, ինչ մատուցում ենք Նրան, քանզի հրեշտակներն ուրախությամբ այն
տանում են Աստծո առջև (ինչպես որ հրեշտակն ասաց Տովբիթին. «Երբ դու
արտասուքներով աղոթում էիր, ես էի, որ քո աղոթքները տանում էի Աստծո առջև»
[Տովբ. ԺԲ 12])։
Երկրորդ՝ որովհետև աղոթելը պատվական գործ է.
երբ ընթերցում ես Սուրբ Գիրքը, Աստված է խոսում քեզ հետ, իսկ երբ աղոթում
ես, դու ես խոսում Աստծո հետ, ըստ այն խոսքի, թե՝ «Ես աղոթում եմ Աստծուն
կյանքի համար» [Սաղմ. ԽԱ 9], և «Աստված խոնարհեցնում է Իր ականջը՝ լսելու
աղոթողի ձայնը» [հմմտ. Սաղմ. ԺԶ 6, Լ 3]։
Երրորդ՝ որովհետև մարդ
աղոթքից բազում բարի արդյունքներ է ստանում, քանզի աղոթքի գործը կարող է
կատարվել ամեն ժամ՝ գիշեր թե ցերեկ, տանը նստելիս թե ճանապարհ գնալիս,
առողջության, հիվանդության, մանկության, ծերության ժամանակ, ամռանը թե
ձմռանը, մշտապես։ Իսկ մարմնավոր գործերն ամեն ժամ չեն կատարվում, այլ
ընդհատելի են։
Թե ինչպես պետք է աղոթել, այս մասին հարկ է նշել յոթ բան։
Նախ՝
պետք է ծնկի իջնել, ապա աղոթել, որովհետև ծնկի իջնելը փոքրացնում է
մարդու անձը, ըստ այն խոսքի, թե՝ «Ծնկներս թուլացան ծոմապահությունից»
[Սաղմ. ՃԸ 24], և թե՝ «Մեր անձերը մինչև երկիր կորացան» [Սաղմ. ԽԳ 25]։
Ծունկը խոնարհեցնում են ութ պատճառով։
Նախ՝
այն ցույց է տալիս, որ աղոթողը իրեն խոնարհեցնում է և մեղավոր ու տկար
համարում, ըստ այն խոսքի, որ ասում է. «Տառապեցի և խիստ նվաստացա,
գիշեր-ցերեկ շրջեցի նվաստացած» [Սաղմ. ԼԷ 7]։
Երկրորդ՝ երկու ծնկների վրա իջնելը ցույց է տալիս, թե պետք է հոգով ու մարմնով խոնարհվել Աստծո առջև։
Երրորդ՝
ինչպես մարմնավոր թագավորներից պարգև խնդրելիս են ծնկի իջնում, այդպես էլ
հոգևոր խնդրանքներ անելիս պետք է ծնկի իջնենք երկնավոր Թագավորի առջև,
որպեսզի ստանանք, ինչ խնդրում ենք։ Երրորդ Թագավորաց գրքում Սողոմոնի մասին
ասվում է. «Ծնկաչոք ու ձեռքերը վեր տարածած՝ արքան կանգնեց» [Գ Թագ. Ը
54]։
Չորրորդ՝ որովհետև իր ընկած տեղից կանգնողը նախ ծնկներին է
ելնում և ապա կանգնում, այդպես էլ մենք, որ ընկել ենք՝ սկզբնական ու
ներգործական մեղքով կործանվելով, ծնկաչոք աղոթքով ենք բարձրանում մեղքերով
գլորումից՝ ասելով. «Տե՛ր, բանտից հանի՛ր ինձ» [Սաղմ. ՃԽԱ 8]։
Հինգերորդ՝
ինչպես ճանապարհին ավազակների հանդիպողն է ծնկի իջնում և նետեր
արձակելով՝ վանում թշնամիներին, այդպես էլ մենք պետք է հեռու վանենք
իմանալի ավազակներին՝ դևերին։ Քանզի Պողոսն ասում է. «Մեր պատերազմը
մարմնի ու արյան հետ չէ, այլ իշխանությունների հետ, պետությունների հետ և
երկնքի տակ գտնվող չար ոգիների հետ» [Եփես. Զ 12]։
Ծնկների վրա
լինելով, մեր առջև դնելով մեր մեղքերի ու զղջման խոսքերը և մեր ձեռքերը
բարձրացնելով և իջեցնելով (այսինքն՝ կուրծք ծեծելով) նետեր ձգելով
սատանայի վրա՝ սպանե՛նք նրան, ըստ այն խոսքի, որ ասում է. «Դու սաստեցիր
ամբարտավաններին, և մինչև ծովի անդունդը ընկղմվեցին» [հմմտ. Սաղմ. ՃԺԸ 21]։
Վեցերորդ՝
ցույց է տալիս, թե մենք հողից ենք ստեղծվել ու հող էլ պիտի դառնանք, ըստ
այն անխափան վճռի, թե՝ «Հող էիր և հող էլ կդառնաս» [Ծն. Գ 19]։
Յոթերորդ՝
որովհետև [նախաստեղծները] ոտքով գնացին դեպի ծառը և հանցանք գործեցին,
ծնկի իջնելով՝ կապում ենք դեպի մեղքերը մեր ընթացքը, նաև դեպի բարին ենք
ուղղում մեր ընթացքը, ըստ այն խոսքի, թե՝ «Քո պատվիրանների ճանապարհով
գնացի» [Սաղմ. ՃԺԸ 32]։
Ութերորդ՝ ցույց է տալիս, որ հոգին ու
մարմինը միաժամանակ պետք է խոնարհեցնել Աստծո օրենքների լծի տակ և
չխոտորվել ո՛չ աջ, ո՛չ ձախ։
Երկրորդ՝ [աղոթքի մասին] պետք է
իմանալ, որ մեր աղոթքները պիտի իբրև թագավորական նամակ լինեն, որն
ուղարկում ենք երկնավոր Թագավորին։ Եվ որպեսզի նամակն ընդունելի լինի,
պետք է երեք բան.
Նախ՝ որ լինի թագավորի ձեռագրով, երկրորդ՝ կնքված լինի մատանիով, երրորդ՝ մատուցվի սիրելիների ձեռքով։
Այսպես
և մենք պետք է գործով հրաժարվենք մեղանչելուց և աղոթենք Աստծուն ծածուկ,
այլ ոչ թե հրապարակավ, և մեզ համար բարեխոս ու միջնորդ դարձնենք Աստծո
սիրելիներին ու սրբերին։ Եվ պետք է ձեռքներս առ Աստված բարձրացնենք։
Աղոթելիս ձեռքերը բարձրացնում ենք հինգ պատճառով.
Նախ՝
այն նշանակն է այն բանի, որ ձեռքերով քաղեցի պտուղը և մեղանչեցի,
ձեռքերով էլ գիր, այսինքն՝ հավաստիք եմ տալիս, թե [այլևս] չեմ մեղանչի։
Երկրորդ՝ ձեռքս հեշտացավ քաղելիս, այժմ չարչարվում է բարձրացվելով։
Երրորդ՝
բարձրացնում ենք մեր ձեռքերը, որպեսզի Տերն Իր ձեռքը տա և բարձրացնի մեզ,
ինչպես Դավիթն է ասում. «Դու բռնեցիր իմ աջ ձեռքից, քո խորհուրդներով
առաջնորդեցիր ինձ» [Սաղմ. ՀԲ 23], ինչպես խեղդվողն է բարձրացնում իր
ձեռքը, որ մարդիկ իրեն բարձրացնեն։
Չորրորդ՝ խրատում է, թե պետք է գործը հավասարեցնել խոսքին։
Հինգերորդ՝
ինչպես [նյութական] պարգև ստանալիս ենք կարկառում մեր ձեռքերը, այդպես էլ
հոգևոր պարգևներ ստանալիս պետք է կարկառենք։
Երրորդ՝ պետք է
իմանալ, որ հարկ է եկեղեցիներում աղոթել, ինչպես Դավիթն է ասում.
«Եկեղեցիներում օրհնեցե՛ք Աստծուն» [Սաղմ. ԿԷ 27]։ Եվ այս՝ երեք պատճառով.
Նախ՝
որովհետև մենք կարիք ունենք աղոթքի։ Մարդիկ ավելի շատ են աղաղակում [առ
Աստված] հրդեհի, ջրհեղեղի, գերեվարության ժամանակ։ Այդպես էլ եթե մեր
հոգում վառվում է բարկության հուրը, հանգցնենք այն ողորմության ջրով, եթե
գեջ ցանկության հեղեղն է բարձրանում, աղաղակենք առ Քրիստոս, ինչպես
առաքյալները՝ ծովում. «Ահա կորչո՜ւմ ենք» [Ղուկ. Ը 24]։ Եվ եթե սատանան
ելնում է՝ կողոպտելու մեզ, աղոթենք առ Աստված, ինչպես Եզեկիան էր աղոթում
Սենեքերիմի [ձեռքից ազատվելու] համար [Ես. ԼԷ 15-20]։
Երկրորդ՝
աղոթքները կանխում են ե՛ւ մահը, որ Աստծո հրամանն է, ինչպես կանխեցին
Եզեկիայի մահը [Դ Թագ. Ի 1-7], ե՛ւ գազաններին, ինչպես երբ Դանիելը
[նետվել էր առյուծների գուբը] [Դան. Զ 16և22]։
Երրորդ՝ ինչպես
ասում է. «Իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի» [Ես. ԾԶ 7], և թե՝
«Եկեղեցիներում օրհնեցե՛ք Աստծուն» [Սաղմ. ԿԷ 27]։ Քանզի ամեն մի գործ իր
տեղում է կատարվում։
Չորրորդ՝ վարդապետներն ասում են՝ որպեսզի
աղոթքը լսելի լինի, պետք է երեք բան. նախ՝ արտասվել աչքերով, որոնցով
ցանկացավ պտուղը, ականջներով, որոնցով լսեց օձի մահաբեր խոսքերը, լսել
Ավետարանի քարոզությունը, բերանով, որով կերավ մահացու պտուղը, օրհնել
Աստծուն և ասել. «Մեղանչե՜լ եմ», նաև երկրպագել։
Երկրորդ՝ «Պետք
է ամեն ժամ աղոթել և չձանձրանալ» [Ղուկ. ԺԸ 1]։ Ինչպես Դավիթն է ասում.
«Իմ աղոթքներով ամեն ժամ Տիրոջ հետ եմ» [հմմտ. Սաղմ. ՀԲ 23]։
Երրորդ՝ աղոթողի սիրտը չպետք է ցրված լինի։
Աղոթքը
լինում է երկու տեսակի՝ ընդհանրական և առանձնական։ Ընդհանրական է
եկեղեցում արվող աղոթքը։ Եվ սա, [թվում է], դեմ է Աստծո այն խոսքին, որ ասում է.
«Մտի՛ր քո սենյակը» [Մատթ. Զ 6]։
Վարդապետներն ասում են, թե
պետք է ծածուկ լինի աղոթողի դիտավորությունը (միտքը, խորհուրդը, նպատակը) և
ո՛չ գործը, այսինքն՝ հոգու օգուտի և Աստծո փառքի, ո՛չ թե մարդկանց աչքում
[աղոթող երևալու] համար։ Այդպիսին մարդկանց մեջ այնպիսին է, ինչպես իր
սենյակում առանձին աղոթողը։
Դարձյալ՝ մտի՛ր քո սենյակը [Մատթ. Զ
6], այսինքն՝ մտի՛ր քո սրտի մեջ, սիրտդ հեռացրո՛ւ աշխարհիկ բոլոր
հոգսերից, ամփոփովի՛ր քո մեջ, փակի՛ր դռներդ, այսինքն՝ հինգ
զգայություններդ, որոնք մեղքերի մուտքն են, քանզի նրանցով են մտնում
մեղքերի բազմությունները։
Հինգերորդ՝ պետք է իմանալ, որ աղոթքը
մարմին է և հոգի. մարմինը աղոթքի խոսքերն են, որոնք լսելի են լինում, իսկ
հոգին իղձն ու սերն են, որոնք ելնում են սրտից և հաճելի լինում Աստծուն։
Ինչպես, օրինակ, երևացող մարմինն ունի աներևույթ հոգի, որը մարմինը
շարժողն ու կենդանություն տվողն է։ Այդպես էլ աղոթքի մարմնի կենդանությունը
սրտի բաղձանքն է, իսկ սերը՝ դեպի Աստված շարժողը ի հաճություն Նրա։ Եվ
ինչպես երբ հոգին վերանում է, մարմնի տարրերից ոչինչ չի պակասում, այլ
մարմնի տեսքը մնում է նույնը և անթերի, այդպես էլ սրտի բաղձանքից ելնող
աղոթքը կենդանի է և հաճելի Աստծուն։ Այս մասին է ասում «Սուրբերի աղոթքը
կենդանի է» խոսքը։ Իսկ ով չունի սրտի բաղձանք, այլ միայն աղոթքի խոսքեր,
այդպիսին մեռած մարմին է, [որի մեջ] մնացել է միայն աղոթքի տարրը և ո՛չ
հոգին։
Դարձյալ՝ մեր անմարմին խոսքը, օդին խառնվելով, մեր
լսելիքի միջոցով մտնում է մեր մտքի մեջ, իսկ ձայնը մնում է դրսում։
Նույնպես սրտի բաղձանքը և ջերմ սերը, խառնվելով աղոթքի խոսքերին, մտնում
են Աստծո մոտ, իսկ խոսքերը մնում են դրսում՝ օդում։
Դարձյալ՝
ինչպես խունկը չի բուրում առանց կրակին մոտենալու, այդպես էլ սրտի ջերմ
սիրուն չմոտեցած աղոթքների խունկը հաճելի չէ Աստծուն։ Եվ ինչպես խնկի
ծուխը երևում է հեռվից, իսկ նրա անուշաբույրը՝ ոչ, այդպես էլ առանց սրտի
բաղձանքի աղոթքների խոսքերը միայն ծուխ են և ընդունելի չեն։
Վեցերորդ՝
պետք է իմանալ, որ երկու տեսակի անկարգություն կա աղոթքների մեջ։ Նախ՝
երբ լեզուն առանց սրտի է խոսում Աստծո հետ, շաղակրատանք է և ո՛չ աղոթք։
Երկրորդ՝ երբ լեզուն ու սիրտը համաձայնում են, սակայն խնդրում են չար ու
մարմնավոր բաներ, հեթանոսների շատախոսություն է այդ։ Քանզի Տերն ասում է.
«Շատախոս մի՛ եղեք, ինչպես հեթանոսները» [Մատթ. Զ 6], այսինքն՝ մի՛ խնդրեք
մարմնավոր բաներ՝ թշնամիների կորուստ կամ չար հաջողություն։ Անկարգ են
այս երկու տեսակի աղոթքները։ Սրան հակառակ բարի աղոթքները երկուսն են.
նախ՝ երբ սիրտն ինքը, առանց շրթունքները շարժվելու, աղոթում և աղաղակում է
առ Աստված, ընդունելի է, ինչպես աղոթքը Մովսեսի, որ աղոթեց գլուխը
ծնկների մեջ դրած, և Աստված նրան ասաց. «Ինչո՞ւ ես կանչում ինձ» [Ելք ԺԴ
15]։ Այս մասին է մարգարեն ասում. «Խորություններից կանչեցի քեզ, Տե՛ր»
[Սաղմ. ՃԻԹ 1]։
Երկրորդ՝ երբ սիրտն ու լեզուն ընկերանում են
միմյանց հետ և բարին, այսինքն՝ մեղքերի թողություն և երկնքի արքայություն
խնդրում Աստծուց, ինչպես Տերն է հրամայում. «Նախ խնդրեք Աստծո
արքայությունը և Նրա արդարությունը» [Մատթ. Զ 33]։ Նաև Սողոմոնն է ասում.
«Երբ Աստծո առջև կանգնես, թող քո խոսքերը սակավ լինեն» [Ժող. Ե 1]։
Երրորդ՝
որովհետև «Աստված երկնքում է՝ փառքի բարձր աթոռին, իսկ դու՝ երկրի վրա,
դրա համար էլ թող քո խոսքերը սակավ լինեն» [Ժող. Ե 1]։ Չէ՞ որ երկրի
թագավորի հետ մարդ քիչ կարող է խոսել, որովհետև արժան չէ երկար խոսել,
ուրեմն որքան ավելի քիչ ու զգույշ պետք է խոսել Աստծո հետ։
Չորրորդ՝
որովհետև Աստված երկնքում է և երկնավոր, իսկ դու հող ես ու երկրավոր՝
հեռու Նրա գիտությունից ու կամքից, ուստիև խոսի՛ր Նրա հետ իմաստությամբ ու
չափավոր, ինչպես Դավիթ մարգարեն է ասում. «Սաղմո՛ս երգեցեք նրան
իմաստությամբ» [Սաղմ. ԽԶ 8]։
Սողոմոնն ասում է. «Երազը հոգսերի
շատությունից է առաջ գալիս, իսկ հիմարի ձայնը՝ շատախոսությունից» [Ժող. Ե
2]։ Անզգամի բազում խոսքերը երազի հետ է բաղդատում չորս պատճառով. նախ՝
ինչպես փորձությունների՝ նեղության, կապանքների մեջ լինելու կամ
հիվանդության ժամանակ են նույն երազը տեսնում վտանգի պատճառով, այդպես էլ
անզգամը իր անմտության պատճառով շատախոս է լինում։ Երկրորդ՝ ինչպես
նեղության ծանրությունն է երազի երևույթ առնում, այդպես էլ սրտի
անզգամությունը ծանրանալով շարժում է լեզուն՝ զանազան խոսքեր ասելու։
Երրորդ՝ ինչպես երազների ծանրությունն է սնոտի և նանիր, այդպես էլ անզգամի
խոսքերն են սնոտի և ունայն և ոչ մի օգուտ չունեն։ Քանի որ մարգարեի
բերանով Աստված ասում է. «Կանչելու են ինձ, բայց չեմ լսելու նրանց» [Երեմ.
ԺԱ 11]։ Չորրորդ՝ անզգամի բազում խոսքերը ոչ միայն անօգուտ են, այլ նաև
դատապարտելի՝ ըստ Քրիստոսի այն խոսքի, թե՝ «Մարդիկ իրենց խոսած ամեն մի
դատարկ բանի համար հաշիվ պիտի տան դատաստանի օրը» [Մատթ. ԺԲ 36]։ Այդ
պատճառով էլ ասում է. «Դու քիչ խոսիր և զգուշությամբ, որ չդատապարտվես
դատաստանի օրը» [հմմտ. Մատթ. ԺԲ 36]։ «Քիչ խոսիր» ասելով՝ չի արգելում
երկար աղոթքը, քանզի մարգարեն ասում է. «Ամենայն ժամ Տիրոջն օրհներգեմ,
Նրա օրհնությունն ամենայն ժամ բերանումս թող լինի» [Սաղմ. ԼԳ 2]։ Եվ Ինքը՝
մեր Տերը, «ամբողջ գիշերն անցկացնում էր Աստծուն աղոթելով» [Ղուկ. Զ 12]՝
մեզ միշտ և հանապազ աղոթել ուսուցանելու համար։ Իսկ այրի կնոջ մասին
պատմող առակում ասում է. «Եթե բարեկամության համար էլ վեր չկենա և հաց չտա
նրան, նրա թախանձանքի՛ պատճառով վեր կենալով՝ կտա նրան, ինչ որ խնդրում
է» [Ղուկ. ԺԱ 8]։ Իսկ «քիչ խոսել»՝ բարի, հոգևոր խնդրանքի մասին է ասում,
քանի որ շատ խոսքերը մարմնավոր խնդրանքներ են, որ անում են անմիտներն ու
հեթանոսները։ Նաև «ոչ բազում բան» շատ վարդապետելն է ասում, քանզի եթե
կարող ես երկար օգտակար բան անել, բարի և գովելի է, ինչպես Պողոսի խոսքը,
որ «երկարեց մինչև կեսգիշեր» [Գործք Ի 7]։ Սակայն բազում և անօգուտ խոսքը
դատարկաբանություն է, որ անարգ ու պարսավելի է մարդկանց և Աստծո առջև։
Յոթերորդ՝
«Պետք է ամեն ժամ աղոթել և չձանձրանալ» [Ղուկ. ԺԸ 1]. իբրև օրինակ այս
խոսքի՝ «Ինքն ամբողջ գիշերն անցկացնում էր Աստծուն աղոթելով» [Ղուկ. Զ
12]։ Առաքյալը նույնպես ասում է. «Ամեն ժամ անդադար աղոթեցեք» [Եփես. Զ 6],
և Ինքը՝ Տերը, ասում է. «Արթուն կացեք և ամեն ժամ աղոթեցեք» [Մատթ. ԻԶ
41]։
Քանի որ աղոթքը հոգու կենդանության նշանն է, ուստիև պետք է
միշտ աղոթել։ Եթե աղոթքը դադարում է, նշանակում է հոգին մեռած է։ Իսկ ո՞վ
կարող է կատարել Պողոսի խոսքը, քանզի անհնարին է [ամեն ժամ անդադար
աղոթել]. հարկավոր է ուտել, քնել և անհրաժեշտը վաստակել, ինչպես Դավիթն է
ասում. «Ցերեկը ստեղծեցիր գործելու, և գիշերը՝ քնելու համար»։
Վարդապետներն
այս խոսքը մեկնում են բազում եղանակներով. նախ՝ ոմանք, Աստծուց մի անգամ
ինչ-որ բան խնդրելով և չստանալով, հուսահատվում են և այլևս չեն աղոթում։
Սակայն Տերը հրամայում է ամեն ժամ աղոթել, այսինքն՝ մի խնդրանքի համար
բազում անգամ աղոթել, մինչև ստանալը, ինչպես այն այրի կինը բազում անգամ
խնդրեց անիրավ դատավորին, նաև նա, որ նկանակ փոխ խնդրեց։ Պողոսն ասում է.
«Ուրա՛խ եղեք և անդադար աղոթեցեք» [Ա Թեսաղ. Ե 16]։
Երկրորդ՝
ամեն ժամ աղոթելը ամեն ժամ հավիտենական կյանք ցանկանալն է։ Հարաժամ
աղոթելուց չենք դադարում այն ժամանակ, երբ չենք դադարում բարիք գործելուց։
Աղոթքի սկիզբը հավիտենական կյանք ցանկանալն է։ Դավիթն ասում է. «Իմ
աչքերը մշտապես Տիրոջն են ուղղված, և Նա պիտի հանի ոտքերս (այսինքն՝ իմ
մտքերի ընթացքը) թակարդից» [Սաղմ. ԻԴ 15] և դեպի բարին պիտի շարժի։
Երրորդ՝
քանզի ողորմություն անելով աղքատներին և Եկեղեցու կարգավորներին՝ նրանց
աղոթքից մաս ենք ունենում և երբ դադարում ենք աղոթել, նրանք են աղոթում
մեզ համար. այսպիսով անդադար աղոթքի մեջ ենք լինում՝ ըստ Պողոսի, որ ասում
է. «Ձեր առատությունը թող լցնի նրանց պակասությունը, և նրանց առատությունն
էլ լցնի ձեր պակասությունը» [Բ Կոր. Ը 14]։
Երկու սուրբ հայրեր հարցրին միմյանց.
- Ինչպե՞ս եք աղոթում։
Նրանցից մեկն ասաց.
- Որոշ ժամանակ աղոթում ենք և որոշ ժամանակ այլ գործ ենք անում։
Իսկ մյուսն ասաց.
- Մենք ամեն ժամ աղոթում ենք, ինչպես հրամայել է Տերը։
Հայրը հարցրեց.
- Ինչպե՞ս է լինում այդ. չէ՞ որ պետք է ուտել և քնել։
Հայրը պատասխանեց.
-
Սահմանված ժամին աղոթում ենք, իսկ մյուս ժամերին գործ ենք անում և տալիս
ենք աղքատներին։ Եվ երբ մենք դադարում ենք աղոթել՝ ուտում ենք կամ քնում,
նրանք են աղոթում մեզ համար։ Այսպիսով, ամեն ժամ անդադար աղոթում ենք։
Չորրորդ՝
ամեն ժամ աղոթել, այսինքն՝ չծուլանալ, ըստ Դավթի խոսքի, աղոթքի համար
կարգված երեք ժամերին՝ երեկոյան, առավոտյան և կեսօրին, կամ էլ՝ գիշերը,
առավոտյան, երրորդ ժամին, վեցերորդ ժամին, իններորդ ժամին, տասներորդ
ժամին, որ խաղաղականն է, հանգստյան ժամին, ըստ այն խոսքի, որ ասում է.
«Օրվա մեջ յոթ անգամ քեզ պիտի օրհնեմ» [Սաղմ. ՃԺԸ 164]։ Կամ էլ, ըստ սուրբ
հայրերի, ինը ժամ. երեք ժամ՝ գիշերը, երեք ժամ՝ ցերեկը, և երեք ժամ՝
երեկոյան։
Հինգերորդ՝ ամեն ժամ աղոթել [նշանակում է]՝
մանկության, երիտասարդության, ալևորության և ծերության ժամանակ։ Քանզի
Տերն ասում է. «Արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք, թե երբ կգա ձեր Տերը՝
երեկոյա՞ն, գիշե՞րը, հավախոսի՞ն, թե՞ առավոտյան, որովհետև այն ժամին, երբ
չեք սպասում, կգա մարդու Որդին» [Մատթ. ԻԴ 42, 44]։
Սողոմոնն
ասում է. «Հիշի՛ր քո Արարչին քո երիտասարդության օրերին» [Ժող. ԺԲ 1]։ Իսկ
Դավիթը երիտասարդներին ասում է. «Երիտասարդնե՛ր և կույսե՛ր, օրհնեցե՛ք
անունը Տիրոջ» [Սաղմ. ՃԽԸ 12], իսկ ծերերին՝ «Մինչև իմ ալևորությունն ու
ծերությունը ինձ մի՛ լքիր, Աստվա՛ծ իմ» [Սաղմ. Հ 18]։
Վեցերորդ՝
ամեն ժամ աղոթելը նշանակում է առժամանակյա կյանքը՝ մինչ Տերը նստած է
ողորմության աթոռին. ըստ առաքյալի՝ «Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա
հիմա է փրկության օրը» [Բ Կոր. Զ 2]։ Քանզի այն ժամանակի մասին էր տնտեսն
ասում. «Աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ» [Ղուկ. ԺԶ 3]։
Յոթերորդ՝
ամեն ժամ աղոթել նշանակում է ամբողջ սրտով աղոթել առ Աստված արքայության
համար, որովհետև աղոթքը խոսք է՝ ուղղված Աստծուն, ուրիշ խնդրով չզբաղվել և
շփոթված մտքով մարմնավոր բաների համար այս ու այն կողմ չցրվել՝
թշնամիներին վանելու, մարմնական առողջության, հարստության [խնդրանքներով],
ինչպես հեթանոսները։ Դավիթն ասում է. «Օրհնեցե՛ք Տիրոջը նոր օրհներգով,
քանզի բարի է։ Սաղմո՛ս երգեցեք Նրան օրհնությամբ» [Սաղմ. ԼԲ 3]։ Եվ թե՝
«Սաղմոս պիտի երգեմ և ի մտի պիտի ունենամ անբիծ ճանապարհով ընթանալ»
[Սաղմ. Ճ 1]։
Ութերորդ՝ ամեն ժամ աղոթել [նշանակում է]՝ պետք է
կանոնով սահմանված պաշտամունքը կատարել ճիշտ ժամանակին և չփոփոխել. քանզի
ոմանք ծուլության պատճառով գիշերային ժամերգությունն արևագալին են անում,
ճաշունը, որ կեսօրին պիտի ասվի, գիշերն են ասում կամ էլ՝ որկրամոլության
պատճառով՝ հաց ուտելուց հետո։ Կրճատում են նաև երեկոյան ժամերգությունն ու
«Եկեսցէ»-ն, արևագալի ժամերգությունը, ծայրատում սաղմոսները, չեն
կատարում ութ կանոնները, նաև նեղության ժամանակ [արվողը]։ Եվ ովքեր
հափշտակում են Աստծո փառքը, Աստծուց լքվելով, հափշտակվում են դևերի
կողմից։ Քանզի Դավիթը խրատում է. «Բարձրյալի առջև ուխտդ կատարի՛ր» [Սաղմ.
ԽԹ 14]։
Իններորդ՝ «Ամենայն ժամ աղոթեցե՛ք» [Ղուկ. ԺԸ 1],
այսինքն՝ տարվա չորս եղանակներին. քանզի բազում և զանազան բարիքներ ենք
վայելում տարվա մեջ, որ շնորհեց մեզ չորս եղանակներ, ուստիև այս բարիքները
Տվողին ի տրիտուր՝ պետք է գոհացողական օրհնությամբ տարվա չորս
եղանակներին բարի պտուղներ նվիրենք, ինչպես այն երեք մանուկներն Աստծուն
մեծարանքով այսպիսի օրհնության կոչ արեցին. «Եղյա՛մ և ձյո՛ւն, օրհնեցե՛ք
Տիրոջը» [Դան. Գ 68]։
Դարձյալ՝ աղոթք, որ անդրադարձնելով ասում է
այսպես. «Թողե՛ք ձեր մեղքերն ամեն ժամ», կամ՝ «Հաղթեցե՛ք դևերին», կամ՝
«Ամաչեցրե՛ք սատանային», կամ՝ «Ախի, եղուկի և տրտմության օթևան դարձրեք
ձեզ, ըստ այն խոսքի, որ ասում է. «Ովքեր հիմա լաց են լինում, պիտի ծիծաղեն»
[Ղուկ. Զ 21]։ Դարձյալ՝ ձեզ աղի օթևան դարձրեք՝ մեղքերի համար կսկծալու և
հոգալու, նաև հոգու անհամությունն ամեն ժամ համեմելու, մտքի կուրությունը
բժշկելու համար՝ ըստ Տիրոջ այն խոսքի, թե՝ «Ձեր անձերում ընդունեցե՛ք
աղը» [հմմտ. Մատթ. Ե 13], և՝ «Խաղաղությո՛ւն ունեցեք միմյանց հետ» [Հովհ.
ԺԶ 33]։
Իսկ Պողոսի՝ «Անդադար աղոթեցեք» [Եփես. Զ 6], և Տիրոջ՝
«Ամեն ժամ աղոթեցեք [Ղուկ. ԺԸ 1] խոսքերը, թվում է, հակառակ են այն
խոսքին, որ ասում է. «Շատախոս մի՛ եղեք, ինչպես հեթանոսները» [Մատթ. Զ 7]։
Ոմանք, ովքեր չեն կարողանում հասկանալ այս խոսքերը, անարգում ու նախատում
են երկար աղոթքը։
Պետք է իմանալ, որ Քրիստոս չի արգելում երկար
աղոթելը, այլ նախատում է հեթանոսների դիվական սովորությամբ երկար աղոթելը։
Հեթանոսների չաստվածները դևեր էին, իսկ դևերը երեք տեսակի պակասություն
ունեն. նախ՝ ամենուր չեն. եթե արևելքում են, ապա արևմուտքում չեն, և եթե
հյուսիսում են, ապա հարավում չեն։ Նրանք երկար էին աղոթում, որպեսզի եթե
իրենց չաստվածները հեռու էին, մոտ գան։
Երկրորդ՝ դևերը չեն
կարող իմանալ մարդու մեջ ծածկվածը, այլ արտաքին, մարմնավոր նշաններով են
ճանաչում մարդկանց մտքերը, ուստիև շատախոսել և երկարել են տալիս
աղոթքները, որպեսզի իմանան մարդկանց մտքերը։
Երրորդ՝ քանի որ սատանան անգութ է, այդ պատճառով էլ երկար ու գեղեցիկ խոսքերով էին ջանում իրենց չաստծո գութը շարժել։
Իսկ
մեր Աստվածը չունի այս պակասությունները, քանզի ամենուր է, ինչպես ասում
է. «Մի՞թե երկինքն ու երկիրը ես չեմ լցնում» [Երեմ. ԻԳ 24]։ Նաև ծածկագետ է
և գիտի մարդկանց մտքերը՝ առանց նրանց խոսելու, որովհետև «քննում է սրտերն
ու երիկամները» [Սաղմ. Է 10], և՝ «Իմ անկատարությունները տեսան քո
աչքերը» [Սաղմ. ՃԼԸ 16],- ասում է Դավիթը։
Եվ քանի որ մեր Տեր
Աստված ողորմած ու գթառատ է, ուստիև չպետք է երկարեցնել աղոթքները՝
մտածելով, թե Աստված մեզնից հեռու է, մոտենա կամ թե չգիտի մեր սրտերը,
անգութ է, գթա։ Եթե սուրբ սրտով ու ջերմ սրտով երկար աղոթենք Աստծուն, մեծ
վարձ կստանանք, ինչպես որ Ինքը՝ Քրիստոս, մեզ գործով սովորեցրեց՝ «ամբողջ
գիշերն անցկացնելով Աստծուն աղոթելով» [Ղուկ. Զ 12]։
Այստեղ
հարց է առաջանում. եթե մեկն աղոթում է, սակայն չի հասկանում իր աղոթքը, չի
հասկանում նաև քահանայի աղոթքը, որ խրթին խոսքերով է արվում կամ այլ
լեզվով, ի՞նչ օգուտ ունի, եթե անգամ ուշադիր լսում է։
Վարդապետներն
այսպես են պատասխանում՝ եթե ոչ գիտուն մեկը սուրբ սրտով ու հավատով
աղոթում է կամ լսում քահանայի աղոթքը, այդպիսի աղոթքն անօգուտ չէ։ Ինչպես
երբ թանկարժեք քար է ընկնում մի գյուղացու ձեռքը, որ չգիտի դրա արժեքը և
տալիս է սառաֆին, որ դրա արժեքը գիտի. որքան այն արժե սառաֆի ձեռքում,
նույնքան էլ արժե գյուղացու ձեռքում, թեև նա դրա արժեքը չգիտի։ Այդպես էլ
սուրբ սրտից բխող աղոթքը իմաստունի բերանում, որ հասկանում է, և գյուղացու
բերանում, որ չի հասկանում, ընդունելի է, և նրանք միապես են վարձք
ստանում։ Նախ՝ պետք է ուշադրություն դարձնել նկարագրին։ Երկրորդ՝ պետք է
ուշադրություն դարձնել խնդրվածքին։ Երրորդ՝ պետք է ուշադրություն դարձնել,
որ շրջի խնդրվածքի շուրջ, այսինքն՝ Աստված ողորմած է, և ես աղքատ հոգով
խնդրում եմ Նրան, որ տա ինձ բարությունից։
Երրորդն ավելի
պատվական է, քան առաջինն ու երկրորդը։ Ուստիև թեպետ նկարագրին չեն կարող
ուշադրություն դարձնել, սակայն երկու կերպ կարող են ուշ դնել և քահանայի
հետ աղոթել. և Աստված կհատուցի երկուսին էլ՝ թե՛ քահանաներին և թե՛
ժողովրդին, որոնք հավատով ու հույսով ունկնդրում են և իրենց մտքերն առ
Աստված ուղղում։ Եվ Ինքը՝ Քրիստոս, նրանց սրտում և հոգում կծագեցնի Իր
փառքի ճառագայթը, կլուսավորի և կկատարի նրանց խնդրվածքները։
Քրիստոս թող մեզ նույնպես արժանի դարձնի՝ միշտ աղոթելու և ընդունելու մեր սրտի խնդրվածքները։ Նրան փառք հավիտյանս. ամեն։
Aucun commentaire:
Enregistrer un commentaire
Սիրելի՛ այցելու, եթէ այս թեմայի առընչութեամբ Ձեզ մօտ առաջացան հարցեր, խնդրեմ, գրառեցէ՛ք այստեղ, որոնց սիրով կը պատասխանենք: