Սբ. Հովհան Մանդակունի
Քրիստոս` արդար Դատավոր |
Ոխ պահողների և վրեժ լուծողների անօրինությունն ու չարությունը առավել
ահավոր և սաստիկ ենք տեսնում, քան [մյուս] բոլոր մեղքերի
անօրենությունները. որովհետև բոլոր [մյուս] մեղքերն ու անօրինությունները
երբեմն սաստկանում ու բորբոքվում են, երբեմն՝ դադարում, իսկ չարի կողմից
հրահրված քինահանությունը, երբ ընկերոջից իրեն ընդդիմացող խոսքեր է լսում,
բորբոքվում է անօրեն ու նենգ խորհուրդներով: Քինախնդիր ոխապահների մտքում
ամեն ժամ առանց հանգչելու բորբոքվում է նախանձի բոցը և հանապազ
կսկծեցնում նրանց սիրտը. նրանք հալումաշ են լինում ու չարչարվում են իրենց
մտքում, ոմանք անգամ այլագունում են իրենց չար խորհուրդների և սրտի
նենգության պատճառով: Եվ մարդկանց մեջ շրջում է խորամանկ իժը՝ [ոխակալը]`
իժի թույնի նման իր սրտում կրելով նենգությունը։ Նրա միտքը մշտապես
սատանայի օթևան ու բնակարան է։ Նա լսում է, ինչ որ սատանան է ասում, և
շուտափույթ կատարում է նրա կամքը. տեսքից մարդու է նման, իսկ բարքով՝
չարաժանիք գազանի: Հրապարակներում նստում է իբրև մարդ, բայց նրա
խորհուրդներում չար դևի խորամանկություններն են: Մտնում է Եկեղեցի` իբրև
քրիստոնյա, բայց նրա աղոթքները պիղծ են առավել, քան պիղծ զոհերը. քանզի ոխ
պահողների աղոթքները չեն բարձրանում Աստծու առջև, որովհետև չարությունը
նրանց սրտերում է, և մշտապես անօրեն նենգություն են խորհում:
Այդպիսի
մարդը եթե անգամ մեծ գումարներ ողորմություն բաժանի, [աղոթքներով]
լուսացնի և պահք պահի, սաստիկ ճգնություններով ցամաքեցնի իր մարմինը, այդ
ամենից ոչ մի օգուտ չի ունենա, եթե ոխ պահի իր ընկերոջ հանդեպ և իր սրտում
չարիքը թաղված ունենա: Նա նստում և հանապազ [ընկերոջ] չար պատահարների ու
փորձությունների մասին է խորհում, փափագով [չարիք] է կամենում նրան։
Շրջում է մտախոհ և ծննդկանի պես երկունքով ծնում, չարիք է նյութում նրան,
ցանկանում է, որ նա սովի մատնվի, սրով ընկնի, ավազակների ձեռքն ընկնի,
մեռնի. բոլոր տեսակի չարիքներն ու չար լուրերն է ցանկանում նրան: Նրա
տեսությունից ծածկում է իր դեմքը, չի ախորժում նրա տան մոտով իսկ անցնել:
Երբ նրան տեսնում է ճանապարհին, փոխում է ճանապարհը, որ նրան չհանդիպի:
Երբ Եկեղեցում է տեսնում, չի ուզում Եկեղեցի մտնել, եթե հրապարակում է
տեսնում, նրա աչքերն այնպես են մթագնում, որպես թե չի կարողանում նրա
երեսին նայել. խոնարհեցնում է գլուխը, իբրև գետնի հետ է խոսում, և կամենում
է չար բան խոսել նրա մասին, ում նախանձում է: Եւ եթե մեկը նրա մասին չար
բան է խոսում, նա, վերև նայելով, զարթնում է, զվարթանում, հաճույքով լսում
և նրա չարախոսությանը [նորանոր բաներ է] ավելացնում՝ մեծ ուշադրությամբ
խոսելով նրան չարախոսողի հետ: Բայց եթե բարի խոսք է լսում նրա մասին,
տրտմում, տխրում է նրա դեմքը, հալումաշ է լինում նրա միտքը: Սիրելի է նրա
թշնամիներին և թշնամի է նրա բարեկամներին: Ատում է նրա որդիներին և
չարախոսում նրանց նմաններին. և ոչ միայն մարդկանց, այլ նաև նրա
անասուններին է ատում, նրա անդաստաններին է նախանձում` ցանկանալով դրանց
պատուհասներ ու երաշտ: Սրանք և սրանցից առավելն է խորհում ոխապահը իր
սրտում, բայց մարդկանց առջև ցույց չի տալիս իր թշնամությունը: Այդպիսի
սատանայամիտներին չպե՛տք է մարդ անվանել, այլ օձ և իժ, և եթե դրանցից ավելի
դաժանը գոյություն ունի, դրա անունով: Որովհետև նրանք ավելի չար գազան
են, քան օձն ու իժը. քանզի օձն ու իժը բնությամբ են դաժան, իսկ ոխ
պահողները սեփական կամքով են ընդունել սատանայի չար խորհուրդները, որի
պատճառով էլ ժառանգելու են անշեջ հուրն ու անլույս խավարը նրա հետ:
Իսկ
ես զարմանում եմ Աստծու ներողամտության վրա, որ մոլեգնող այդպիսի
ամբարշտությունների պատճառով երկնքից նույն պահին կայծակներ չի առաքում.
քանզի ոխ պահողն իր չարությամբ ու անօրինությամբ գերազանցում է
ավազակներին ու մարդասպաններին: Քանի որ ավազակներն ու մարդասպանները
երբեմն սպանում, երբեմն էլ դադարում են սպանել, իսկ ոխապահը երբեք չի
դադարում սպանելուց. նա իր [բոլոր] գործերում է մարդասպան, որովհետև
սրտում ոխ ունի իր ընկերոջ հանդեպ. մարդասպան է անկողնում, երբ հիշում է
ընկերոջ հանդեպ ոխը. մարդասպան է տանը, մարդասպան է Եկեղեցում,
հրապարակներում, նաև ճանապարհին է մարդասպան, մարդասպան է ցերեկը, գիշերը,
ամեն ժամ, որովհետև հանապազ իր սրտում կրում է նախանձն ու ոխը: Եւ ապա
սատանան, ավելի աճեցնելով ոխապահի անօրեն ամբարշտությունը, նրան
հոժարեցնում է քինահանության՝ վրեժ լուծելու իրեն զրկողից: Եթե փոքր էլ
լինի զրկանքը, սատանան այն նրան մեծ է ցույց տալիս, մինչև հարվածներ է
հասցնել է տալիս նախանձորդի այգիներին ու անդաստաններին: Սատանայի
ամբարշտությունն այնքան է զորանում, որ նրան հանդգնել է տալիս առավել
անօրինություններ գործել, մինչևիսկ հրդեհով վնաս հասցնել նրա տներին ու
բերդերին:
Արդ, գեհենի ինչպիսի՜ անդունդները, ինչպիսի՜ հուրն ու
թանձրամած խավարն են սպառնում այդ անօրեններին՝ նրանց, ովքեր այնքան
ամբարշտացան, որ հրդեհեցին մինչև իսկ մարդկանց բնակարանները, մահվան
երկյուղով սարսռեցրին ու դողացրին, անգթորեն և անամոթաբար սպանեցին
նույնիսկ ծերերին ու մանուկներին: Արդ, սրանից առավել ի՞նչ ամբարիշտ
անօրինություն կա, ո՞ր մեղքն ու չարագործությունն են սրանից ավելի չար,
ո՞վ է այն մարդը, որ ընկել է այսչափ անօրինության ու ահավոր ամբարշտության
մեջ: Ո՛վ չար ու անօրեն սատանա, [դու ես], որ այսչափ խորը խորխորատներն
ես ընկղմում մարդկանց՝ այսպիսի ահավոր անօրինություններ գործել տալով, շատ
արյուն թափել տալով, մարդկանց սրտերը մոլորեցնելով այնպիսի
խելագարություններով, որ մինչև իսկ քանդում են բոլոր ստացվածքները,
հրդեհում են տները և բնակիչներին սպանում դաժան, անգութ և անողոք մահվան
սրով: Այս ամենը զարմացնում են անգամ անօրեն հեթանոսներին: Այսպիսի բան
կռապաշտներից ու բարբարոսներից ոչ ոք չի գործում: Ո՞վ է, որ միաժամանակ
այսքան մահ ու վնասներ է պատճառում մարդկանց, ինչպես անօրեն ու մոլորված
քինախնդիրները: Թեպետև բնակիչները փրկվում են կրակից ու մահվանից,
միևնույն է` նա մտքով ու գործով սպանեց բոլորին, թափեց նրանց արյունը և
այդ բոլոր սպանությունների համար հաշիվ պիտի տա և տանջալից պատիժների պիտի
ենթարկվի:
Արդ, ի՞նչ ես անում, ո՛վ թշվառական ու անօրեն մարդ,
որ ընկել ես այսպիսի ամբարշտության անդունդները, սատանայի գործակից ես
դարձել, մոլորվել ես դևերից առավել, անօրեն վնասներ գործել և շատերի արյան
պարտապան եղել: Եթե Կայենը մեկ սպանության համար դատապարտվեց այնքան
տանջանքների պատժին, ապա որքա՜ն ավելի հնոցներ ու հրեղեն գետերի հոսանքներ
են քեզ սպասում: Քանզի Աստված մեղավորի ձեռքից առավել խստությամբ է
պահանջում նրա ընկերոջ արյունը, մանավանդ այնպիսի սպանությունների, որոնք
կատարվել են կսկծեցնող ու տգեղ խոսքերի և կամ սակավ պարտքի պատճառով վրեժ
լուծելու համար՝ մեծամեծ վնասներ ու ահեղ արյուն թափելով: Եվ արդ, հիշի՛ր,
ո՛վ թշվառական, քո անօրինության հիմարությունը. քո ապարդյուն անօրինության
պատճառով ամբարներ են այրվել, տներ են հրդեհվել, մեռել են նրանց
բնակիչները, կորել են ինչքերը, և փչացել բոլոր ստացվածքները:
Եվ
արդ, ի՞նչ շահեցիր այդ սատանայական անօրինությունը գործելով, եթե ոչ միայն
հոգուդ կորուստն ու գեհենի երկյուղը, հուրն ու խավարը և հավիտենական
տանջանքները: Դու չարչարեցիր նրանց հանգչող կրակով, քեզ համար պահվում են
բորբոքված անհանգչելի հնոցները, որտեղ ներքևից խավարային հուրն է վառվում,
իսկ վերևից հոսում են հրեղեն գետերը: Դու փոքր-ինչ անցողիկ ցավ
պատճառեցիր, [փոխարենը] քեզ ահավոր ախտերի կսկիծներն ու թունավոր և դաժան
որդերն են մշտապես կսկծացնելու անտանելի ցավերով. այնտեղ աչքերի անդադար
լաց է ու ատամների անվերջ կրճտոց, անտանելի տառապանքիներդ ամենևին վերջ
չունեն, որովհետև [ուրիշի] փոքր սխալին [ի պատասխան] մեծամեծերը գործեցիր:
Քանզի եթե նա քեզ փոքր-ինչ զրկանք պատճառեց և ցավեցրեց քեզ, հարկ էր, որ
համբերությամբ սպասեիր վրեժխնդիր իշխանին և Աստծու մեծ դատաստանին
[թողնեիր], ոչ թե անձամբ վրեժ լուծեիր: Քանզի եթե ծառան համբերությամբ
տանում է իր ընկերակցի` իրեն պատճառած նեղությունները իր տիրոջ ահից, տերը
դատում է նրա դատաստանը: Բայց եթե նա չի սպասում իր տիրոջ
վրեժխնդրությանն ու դատաստանին, այլ ինքն է վրեժ լուծում իր ծառայակցից,
բարկացնում է իր տիրոջը, որի համար և այս աշխարհի դատավորներն են
խստությամբ [հաշիվ] պահանջում: Եթե զրկվածներից որևէ մեկը չսպասի դատավորի
վրեժխնդրությանը, այլ արհամարհելով նրա իշխանական պատիվը՝ ինքը վրեժ լուծի
իրեն զրկողից, տե՛ս, թե դատավորը որքան կբարկանա նրա վրա: Այդպես է նաև
Աստծու դատատանի ժամանակ:
Եթե որևէ մեկը զրկվի ավելի զորավոր
մարդու կողմից և Աստծու երկյուղով համբերի, իրեն զրկողից վրեժ չլուծի իր
կրած զրկանքի համար, նրա վրեժխնդիրը Տերն է, և նրան նեղողներին նեղություն
կհատուցի, նրան չարչարողներին` չարիք, նրան զրկողից վրեժ կլուծի գեհենի
հրով և զանազան տանջանքներով: Իսկ նա, ով Աստծու երկյուղի համար համբերի
զրկանքներին, կընդունի կատարյալ համբերողների պսակները և սուրբերի ու
արդարների հավիտենական բարիքները: Նա, ով Աստծուն չի թողնում իրեն զրկողից
վրեժ առնելը և չի լսում Նրա դատաստանին սպասելու [հորդորը], այլ
հափշտակում է Աստծու` վրեժխնդրության իշխանությունը և իր զրկանքի համար
ինքն է վրեժ պահանջում, իր վրա է արթնացնում Աստծու ահեղ բարկությունն ու
խիստ սրտմտությունը` չարչարելու և տանջելու նրան անողորմ ու անվերջանալի
տանջանքներով գեհենի հրի և անլույս խավարի մեջ, ուր ահավոր տանջանքների
նեղություններից մեծ ողբով ու դառը տանջանքներով լաց կլինի և կկոծի, բայց
նրան ոչինչ չի օգնի, որովհետև չվստահեց Աստծու վրեժխնդրությանն ու
դատաստանին, այլ արհամարհեց Աստծու դատավորության իշխանությունը և ինքը
դատեց Աստծու դատաստանը` իր վրեժխնդրությամբ վնասելով իրեն զրկողին: Եվ ինչպես որ դատեց իրեն զրկողին, ինքը դրանից բազմապատիկ առավել
տանջանքներով պիտի դատվի Աստծու կողմից: Որովհետև զրկվողը պիտի դատվի սակավ
զրկած լինելու համար, իսկ քեն հանողը անհամար կորուստ պատճառելու. և՛
բոլոր ստացվածքները ոչնչացնելու, և՛ բազում արյուն թափելու համար պիտի
դատվի ու անվերջանալի տանջանքների պիտի մատնվի: Քանզի թեպետև ինչքերը,
տունն ու բնակիչները փրկվեցին հրից, բայց նա իր անօրեն գործը կատարեց և
այն ամենի փոխարեն, ինչ կամեցավ կորստյան մատնել, պարտական է պատուհասների
պատժի ու սաստիկ տանջանքների:
Արդ, թող ոչ ոք չհանդգնի
քինահանության ահավոր անօրինությունը [գործել] և իր անձի համար վրեժ
չլուծի, այլ թող անսա դատավոր Աստծուն, որ ասում է. «Իմն է
վրեժխնդրությունը, և ես եմ հատուցելու, ասում է Տերը» [Բ Օր. ԼԲ 35]։ Դու
չարի փոխարեն չար մի՛ հատուցիր, այլ. «Եթե քաղցած է քո թշնամին, հա՛ց տուր
նրան, և եթե ծարավ է, ջո՛ւր. չարերին ես եմ հատուցելու, ասում է Տերը»
[տե՛ս Մատթ. ԻԵ 37]: Եվ արդ, քանի որ Տերն է վրեժխնդիրը և զրկողներին ու
զրկվողներին հատուցողը, ոչ ոք թող վրեժ չլուծի և ոչ էլ իրեն զրկողից
[հաշիվ] պահանջի, քանզի այս անօրինությունը գերազանցում է հեթանոսների
ամբարշտությանը. դրանից ամենայն զգուշությամբ հեռանա՛նք, որպեսզի սատանայի
հետ չիջնենք կորստյան խորխորատն ու չայրվենք, չկապվենք անքակտելի
կապանքներով և չտանջվենք անլույս խավարի մեջ: Այլ փախչե՛նք սատանայի
որոգայթներից, անարգե՛նք նրա հրամանները, հեռո՛ւ վանենք չարի կողմից
հուշված ոխակալությունը և փարատե՛նք մեր սրտի կսկիծը, որ սատանան կրակի
պես այրում և բոցի պես բորբոքում է մեր մեջ` կատարելու քինահանության
անօրէն [գործը]: Արհամարհե՛նք այդ և մեզ զրկողի հետ խաղաղությա՛մբ վարվենք,
սիրե՛նք մեր թշնամիներին, օրհնե՛նք մեզ ատողներին, մեզ չարիք գործողներին
բարի՛ք անենք և ամեն բան անենք այնպես, ինչպես Աստծուն է հաճելի, որպեսզի
լինենք երկնավոր Հոր կատարյալ որդիներ և ժառանգենք անանց բարիքների
վայելչությունները մեր Տեր Հիսուս Քրիստոսով. Նրան փառք հավիտյանս. ամեն:
Aucun commentaire:
Enregistrer un commentaire
Սիրելի՛ այցելու, եթէ այս թեմայի առընչութեամբ Ձեզ մօտ առաջացան հարցեր, խնդրեմ, գրառեցէ՛ք այստեղ, որոնց սիրով կը պատասխանենք: