Սբ. Եփրեմ Ասորի
(հատված)
Տե՛ս, Տե՛ր, իմ տառապանքները և բազմամեղ հոգուս ցավերը, դարձի՛ր, ների՛ր և դեպի
Քե՛զ առաջնորդիր, ինչպես որ ասացիր. «Դարձե՛ք դեպի Ինձ, և Ես կդառնամ դեպի
ձեզ»:
Բ
Ողորմի՛ր ինձ` լքվածիս, օգնի՛ր եղկելիիս, ճառագայթի՛ր
խավարյալիս, առաջնորդի՛ր մոլորյալիս, որ լի եմ մեղքերով ու անթիվ
հանցանքներով և տարուբերվելով ծփում եմ անօրենության հորձանուտում:
Գ
Ձե՛ռք մեկնիր ինձ, ինչպես Պետրոսին. մաքսավորի պես արդարանալ եմ աղերսում:
Դ
Շնորհի՛ր, ինչպես ավազակին, բա՛ց արա ինձ կենաց ճանապարհի և մեծ արքունական առագաստի դուռը:
Ե
Ո՜վ
խորք մեծության և իմաստության, ընդունի՛ր բռնվածիս, որ մեղքերով ընկել եմ
ծովի խորքը: Պահպանի՛ր ու զորացրո՛ւ ինձ, որ Քո կամքը գործեմ, զօր ու գիշեր
սգամ և լամ իմ ողջ անօրինության ու հեղգության համար:
Զ
Աղբյո՛ւրդ
կենդանության, հագեցրո՛ւ ծարավ հոգիս Քո առատաբուխ վտակից, որ ցամաքած
տոչորվում եմ իմ բազում անօրենություններից: Ցնցի՛ր քարացած սիրտս և ինձնից
ապաշխարության արտասուք քամիր:
Է
Գա՛նձդ ամենայն բարության,
դույզն-ինչ շնորհի՛ր ինձ Քո առատ բարիքներից, որոնցից չարաչար աղքատացած ու
մերկացած եմ. զգեստավորի՛ր ու կերակրի՛ր ինձ ապաշխարության արցունքներով:
Ը
Լո՛ւյս ճշմարիտ Քրիստոս, որ լուսավորում ես ամեն մարդու. լուսավորի՛ր մեղքերով խավարյալիս:
Տե՛ր,
մի՛ դատիր և մի՛ դատապարտիր ինձ ըստ իմ անբավ զազիր գործերի և մի՛ կարգիր
ինձ նրանց հետ, ովքեր զայրացրին Քեզ, այլ փառավորի՛ր փառավորյալների հետ և
պսակի՛ր պսակյալների հետ և ուրախացրո՛ւ բերկրյալների հետ:
Ժ
Արժանի
չեմ, Տե՛ր, բայց հույս եմ դնում Քո ողորմության վրա, քանզի շներն էլ
կերակրվում իրենց տիրոջ սեղանից ընկած կերակրի փշրանքներով: Շո՛ւն կոչիր
ինձ, Տե՛ր, որպեսզի գամ Քո ետևից: Հովի՛վ բարի, փնտրի՛ր ինձ` մոլորյալիս:
Նավապե՛տ իմ Հիսո՛ւս, փրկի՛ր ինձ մեղքերիս ալեծուփ բազմությունից և տո՛ւր
ինձ խաղաղության նավահանգիստը:
ԺԱ
Տո՛ւր ինձ, Տե՛ր, սուգ և
արտասուք, զորացրո՛ւ մարմինս, կաղկեցրո՛ւ իմ քարացած սիրտը ու հավաքի՛ր
մտքերս դեպի Քեզ: Ջնջի՛ր հանցանքներիս բազմությունը և շնորհի՛ր ինձ իմ
[հոգու] շահը: Ընդունի՛ր ու մի՛ անտեսիր սրտիս հառաչանքները:
ԺԲ
Իմաստությո՛ւն տուր ինձ, Տե՛ր, և հաստատի՛ր, իմ սրտում Քո ահն ու երկյուղը:
Լուսավորի՛ր խորհուրդներս, կարո՛ղ դարձրու մարմինս հարաժամ ժուժկալությամբ մնալու Քո պատվիրանի մեջ:
ԺԳ
Բա՛ց
արա, Տե՛ր, սրտիս աչքերը և լուսավորի՛ր միտքս Սուրբ Հոգովդ: Պարգևի՛ր ինձ
առողջ խորհուրդներ ու առաքինի վարք, որ հանապազ ողբամ և ահ ու դողով ամեն
ժամ Քո առջև մնամ անզբաղ:
ԺԴ
Ո՜վ բարերար և մարդասեր Տեր,
առանց չարչարանքների ու ժուժկալության ինչպե՞ս ազատվեմ իմ մեղքերի
բազմությունից, քանզի մարմնով տկար եմ և հոգով` խավար: Ողորմի՛ր, Տե՛ր, և
օգնի՛ր ինձ` ըստ Քո կամքի:
ԺԵ
Անոխակա՛լ Տեր, մի՛ անտեսիր ինձ
բազում չարիքներիս պատճառով, այլ դարձի՛ր դեպի ինձ, բոլոր ցանկություններս
դարձրո՛ւ դեպի Քեզ, որպեսզի միայն Քեզ սիրեմ ամբողջ սրտով ու պարզ,
անպաճույճ մտքով:
ԺԶ
Քո անխուսափելի գալուստը պատկերի՛ր
աչքերիս առջև, Տե՛ր, և դողացրո՛ւ մարմինս որ անդադար լամ ու սգամ Քո ահեղ
դատաստանի երկյուղից, և մի՛ փակիր Քո արարչական սիրո գութը Քո ստեղծածից,
որ մեռած է մեղքերով:
ԺԷ
Տո՛ւր ինձ, Տե՛ր, ամենայն ժամ բարին
գործել և խափանի՛ր իմ չար մտքից բոլոր չարիքները, ե՛տ պահիր ինձ պիղծ ու
անխրատ ընթացքից ու չար սովորությունից և հաստատի՛ր Քո պատվիրանների
երկյուղի ու սիրո մեջ:
ԺԸ
Արեգա՛կդ արդարության` փրկի՛չ իմ և
ազատի՛չ Հիսո՛ւս Քրիստոս, Քո լույսին եմ ապավինում. լուսավորի՛ր ու
ջերմացրո՛ւ սիրտս: Հրկիզի՛ր իմ չար խորհուրդները և հալեցրո՛ւ մեղքերիս
սառնամանիքը: Գարո՛ւն շնորհիր հոգուս, Տե՛ր, որ [այն] ծաղկի և պտղաբերի
արդարության պտուղը:
ԺԹ
Ազատի՛չդ Քրիստոս, ազատի՛ր ինձ
ձմեռային մեղքերի դառնաշունչ հողմերից, պայծառացրո՛ւ և ջերմացրո՛ւ խավարած
ու սառած հոգիս և ցողի՛ր Քո շնորհի ջերմության ցողը սրտիս խորհուրդների
անդաստանում:
Ի
Տե՛ր, փչի՛ր Սուրբ Հոգուդ շնչի հարավային քաղցր
զեփյուռը իմ խստացած և թանձրացած սրտի վրա և Քո որոտընդոստ փայլատակմամբ
զարթնեցրո՛ւ իմ սառնացած ու ցամաքացած միտքը:
ԻԱ
Բա՛ց արա,
Տե՛ր, սրտիս փակված դուռը և ծագեցրո՛ւ իմ ներսում Քո արդարության
ճառագայթների լույսը: Սրբի՛ր մեղքի աղտերից ու բժշկի՛ր հոգուս վերքերը:
Ամրացրո՛ւ Քո երկյուղով և զորացրո՛ւ որ արդարություն գործեմ ամենայն ժամ:
ԻԲ
Արտասուքի
աղբյո՛ւր դարձրու գլուխս, Տե՛ր, լվա՛ իմ հոգու թարախը, սրբի՛ր
զգայարաններս: Եվ չար գործերս փոխարկի՛ր զղջման, որպեսզի ջերմ սիրով ու
զգաստ մարմնով ապրեմ` ըստ Քո պատվիրանների:
ԻԳ
Տե՛ր, մեկնի՛ր Քո
ձեռքը նավաբեկյալիս, որ ընկղմված եմ չարիքների խորքերը, փրկի՛ր ինձ
մեղքերիս ալիքների մրրկածուփ բռնությունից: Սանձի՛ր, Տե՛ր, և կասեցրո՛ւ իմ
անսանձ միտքը կենցաղի զբաղմունքներից ու ունայնություններից:
ԻԴ
Տե՛ր,
հագեցրո՛ւ հոգուս ծարավը Քո առատաբուխ շնորհով և մի՛անտեսիր սրտիս
տոչորումը: Պապակում եմ չարիքներիս տապից. զովացրո՛ւ և լվա՛ իմ ապականված
ու հոտած շուրթերը Քո ողորմության ջրով:
ԻԵ
Ծագեցրո՛ւ իմ
սրտում, Տե՛ր, Քո շնորհների լուսավորությունն ու խաղաղությունը: Հալածի՛ր
մտքիցս մեղքերի ցավագին գիշերը և արի վա՛րք շնորհիր մարմնիս`
առաքինությամբ ապրելու Քո կամքի համաձայն: Հանի՛ր իմ սրտից մեղքերի փուշը,
քանզի հոգիս վիրավորվում է չարաչար, և իմ սրտում բարի՛ն սերմանիր, որ
աճեցնի ու արդարություն պտղաբերի:
ԻԶ
Հալածի՛ր, խավարն իմ
հոգուց, Տե՛ր, և հագցրո՛ւ Քո արդարության ճառագայթների լույսը: Զարդարի՛ր
սիրտս երկյուղով, զղջմամբ ու արտասուքով, որ երկնչեմ Քո դատաստաններից և
պահեմ բոլոր պատվիրաններդ:
ԻԷ
Արթնացրո՛ւ ինձ, Տե՛ր, մեղքերիս
քնի ահավոր խորությունից և զգաստացրո՛ւ իմ երերուն մարմինը բոլոր բարի
գործերի մեջ, որ միշտ բարին խորհեմ ու մեծ երկյուղով Քո կամքը գործեմ
ամենայն ժամ: Ազատի՛ր ինձ, Տե՛ր, մեղքերի ծառայությունից և դասի՛ր Քո
ծառաների շարքում, ովքեր սիրեցին Քեզ և պահեցին Քո պատվիրանները: Տո՛ւր իմ
սրտին նրանց երկյուղը և ուսուցանի՛ր, որ գնամ նրանց շավղով:
ԻԹ
Թեթևացրո՛ւ
մարմնիս կարիքները և առատացրո՛ւ իմ մեջ Սուրբ Հոգուդ շնորհները, որ լինեմ
տաճար և բնակարան Քո աստվածային փառքի, անհագորեն սիրեմ Քեզ ու ատեմ
ամենայն ցանկություն և այս աշխարհի սերը, որով եղավ հոգուս կորուստն ու
մահը:
Լ
Ողորմի՛ր, Տե՛ր, այս անբնակ անապատում ապրողիս, ինչով և
արժանացրո՛ւ ինձ միավորվել առաջին Սուրբ Հայրերի հետ և արի ու զգաստ
ժուժկալությամբ ժառանգել խոստացված պարգևները:
ԼԱ
Առաջնորդի՛ր
ինձ, Տե՛ր, նեղ և նուրբ ճանապարհով, ինչպես որ առաջնորդեցիր Քո սուրբերին, ու
զորացրո՛ւ տկարիս, որ ժուժկալությամբ, համբերությամբ և ջերմեռանդ սրտով
ընթանամ Քո ճանապարհով:
ԼԲ
Տե՛ր, նայի՛ր, իմ նեխած ու թարախած
հոգուն և լվա՛ աստվածային ջրով: Համեմի՛ր Քո հոգևոր աղով, օծի՛ր անուշահոտ
սուրբ յուղովդ ու կատարյալ առողջություն ընձեռի՛ր:
ԼԳ
Նվազեցրո՛ւ,
աչքերիս քունը, Տե՛ր, և իմ գլխից թոթափի՛ր նիրհը, որ ծուլությամբ
ծանրացած` պաշարում է մարմինս: Ամեն ժամ ինձ արթուն ու պատրա՛ստ դարձրու, որ
զգաստությամբ և արդարությամբ վարեմ իմ կյանքը:
ԼԴ
Տե՛ս, Տե՛ր,
որովայնիս ընդվզումը, որ իմ դեմ զորացած` շարունակ ցանկանում է կերակուր,
ըմպելիք ու համեղ խորտիկներ: Սակայն Դո՛ւ հատիր մարմնիս տենչերը, Տե՛ր
ամենակարող:
ԼԵ
Եվ քանի որ ցնորված, միտքս պղտոր ու մոլոր
շրջում է երկրային կենցաղի հոսանքներում, Դո՛ւ լուսավորիր հոգուս աչքերը,
որ անզբաղ ու աներկմիտ, արի և զգաստ ջերմեռանդությամբ գամ Քո աստվածային
սիրո ետևից:
ԼԶ
Հալածի՛ր, Տե՛ր, մտքիս խորհուրդներից բոլոր չար
ու երկրաքաշ մտածումները, բարիքների արմատը ամուր տնկի՛ր իմ սրտում և
հոգուս մեջ պատկերի՛ր շնորհների պտուղը:
ԼԷ
Աղաչում եմ,
բարերար և ողորմա՛ծ Տեր, արթուն ու զգա՛ստ պահիր ինձ, և ուսուցանի՛ր գնալ
Քո բարի ճանապարհով, որ արժանի լինեմ Քո մեծ փառքին:
ԼԸ
Եվ
քանի որ ճաշակելու ցանկությունը ամբողջապես զբաղեցնում է միտքս, հալածի՛ր
ինձնից որկրամոլությունը, որից շարունակ խաբվեցի, և կերակրի՛ր Քո սուրբ
երկյուղով:
ԼԹ
Առաքի՛ր Քո սերովբեներից մեկին, Տե՛ր, որ
բերելով հրե կայծակը` մոտեցնի իմ շուրթերին և դուրս հանի
անօրենություններս, սրբի մեղքերս, մաքրի խորհուրդներս, ջնջի իմ
աղտեղությունները և լուսավորի միտքս, որպեսզի հավիտենական կյանքը ժառանգեմ:
Aucun commentaire:
Enregistrer un commentaire
Սիրելի՛ այցելու, եթէ այս թեմայի առընչութեամբ Ձեզ մօտ առաջացան հարցեր, խնդրեմ, գրառեցէ՛ք այստեղ, որոնց սիրով կը պատասխանենք: