lundi 19 mars 2012

ԹՈՒՂԹ ՏՆԱՆԿՆԵՐԻՆ ՈՂՈՐՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սբ. Հովհան Մանդակունի


Մուրացկան
Թող ոչ ոք տղայական բարքով և լավ չքննող մտքով չհամարձակվի մատակարարել Աստծու խոսքը: Այլ թող միշտ նայի լսողների մտքի` [այն ընդունելու կարողությանը] և վարդապետության խոսքը խոպանացած ականջներում թող սերմանի մեծ զգուշությամբ. սկզբում միանգամից ծանր լսելի ու դժվարակիր վարք թող չպարտադրի [հոգևոր կյանքից] ամայացածներին: Քանզի եթե անվարժ ավանակին հնազանդեցնել կամեցողները սկզբում ծանր ու դժվարակիր բեռներ կախեն [նրա վրա], կա՛մ նրանք կկքեն, կա՛մ բեռի հակերը (պարկերը) իրենց վրայից ցած կգցեն: Այլ թեթև [բեռներով] են ընտելացնում և կատարյալին են հասցնում։ Այդպես նաև հողը մշակող հմուտ մշակները խոպան և փշակալած հողում անխորհրդաբար լավ սերմեր չեն սերմանում, որ [հողի]` խոպան լինելու պատճառով չկորչեն կամ էլ թռչունները չհափշտակեն դրանք: Այլ նախ կտրում են փշերը, կակղեցնում են հողը և ապա ցանում են լավ ու շահավետ սերմերը: Նույն օրինակով էլ նրանք, ովքեր կամենում են մշակել բանական հողը, հարկ է, որ նախ խոստովանությամբ արմատախիլ անեն մեղքերի փուշը, պահքով և աղոթքով կակղեցնեն խոպանացածն ու խոտանացածը` կուսության, անընչության, ողորմության և մահուչափ չարչարանքների համար: Թեև ընչասերների համար մահվան չափ ծանր են ողորմության հրամանները, բայց դրանք առավել շահավետ ու օգտակար են, քան վարձատրության արժանի բոլոր առաքինությունները և շատ ավելի բարձր են առաքինության բոլոր ճգնություններից, այնպես որ վարձքի արժանի բոլոր առաքինությունները չեն երևում ողորմության պտուղների առավել լուսավորությունից:
    Իսկ ի՞նչ ասեմ մյուս առաքինությունների մասին. և՛ Հին, և՛ Նոր [Կտակարաններում] պատվված է կուսության սրբությունը, բայց առանց ողորմության այն արհամարհված եղավ ու առագաստից դուրս դրվեց: [Հիմար կույսերը] ո՛չ թե ողորմություն չէին արել, այլ արել էին, բայց քիչ, և այդ բավական չեղավ, որովհետև գիշերվա կեսին պակասեց նրանց [յուղը], և հանգան նրանց [լապտերները] [տե՛ս Ղուկ. ԻԵ 6-8]: Այդպես նաև նրանք, ովքեր շատ ունեցվածք ունեն, բայց քիչ ողորմություն են անում, դա չի կարող բավական լինել նրանց փրկության համար, քանզի ողորմությունն ըստ ունեցվածքի չափի է ընդունելի. ովքեր շատ ունեցվածք ունեն, նրանցից շատ ողորմություն է պահանջում, իսկ ում ունեցվածքը քիչ է, նրա սակավ ողորմությունն էլ է ընդունելի: Ինչպես որ [վկայության] խորանի նյութի համար պետք էր ոսկի, պետք էր և [այծի] մազ: Նրանք, ովքեր ոսկի ունեին, բայց մազ էին բերում, անընդունելի և պիղծ էր [համարվում], իսկ նրանք, ովքեր ինչքեր չունեին և միայն մազ էին բերում, ընդունելի էր, Աստծուն հաճելի, և նրանք օրհնվում էին [տե՛ս Ելք ԼԵ 21-29]: Որովհետև Աստված ոչ թե ինչքերի չափին է նայում, այլ տվողի կամքին. Նա շատից շատն է ընդունում իբրև շատ, ընդունում է նաև սակավից սակաւը` իբրև շատ: Որովհետև եթե մեկը տասը դահեկան ունի ու ողորմություն է տալիս մեկ դահեկանը, և աղքատը, որ միայն տասը լումա ունի, և մեկը տալիս է իրենից ավելի աղքատին, Աստծու առջև նույնն են համարվում, բայց չքավորի տվածն ավելի զարմանալի է, որովհետև չքավոր լինելով` հարուստի չափ տվեց: Սրա վրա նաև Հիսուս զարմացաւ. երբ այրի կինը, ով միայն երկու լումա ուներ և այն ողորմություն տվեց, Հիսուս ասաց. «Մեծամեծներն իրենց ունեցվածքից ավելորդը բերեցին, բայց այն տառապյալ այրին իր ամբողջ ունեցվածքը աղքատներին բաժանեց» [տե՛ս Ղուկ. ԻԱ 3]. այդ երկու լուման նրա ամբողջ ունեցածն էր: Եվ արդ, սատանան շատ ինչքեր ունեցողներին ու մեծատուններին խաբում է այն բանով, երբ նրանք չեն տալիս իրենց ունեցածի համեմատ և առատ ողորմություն չեն բաժանում, այլ շատ քիչ ու սակավ, ինչպես աղքատները, նրանց կարծել է տալիս, թե փրկության համար բավական է այդ: Իսկ ոմանք իրենց ամբողջ ունեցվածքը բաշխեցին աղքատներին և աղքատացրին իրենց անձերը, որովհետև անանց մեծությունները փափագեցին, ոմանք էլ իրենց ունեցվածքի կեսը տվեցին տնանկներին. բաժանեցին նրանց` իբրև եղբայրների:
    Իսկ առաջինները հանում էին տասանորդը, պտուղներ էին տալիս, զոհեր էին մատուցում, ողջակեզներ էին տանում, մեղքերի քավության համար տալիս էին մարդկանց և անասունների անդրանիկներին, կալի, հնձանի և բոլոր պտուղների առաջին բերքը: Տարեկան Աստծուն նվիրված բազմաթիվ տոներ էին կատարում. շաբաթ օրերն ու ամսագլուխները մեծ ընծաներով Նրան էին նվիրում, այս ամենի հետ միասին նաև չքավոր աղքատնրին էին կշտացնում, անթիվ որբերի ու այրիների էին կերակրում, կույսերի [համայնքի] կարիքներն էին հոգում, հյուրերի էին ընդունում, մխիթարում էին նեղվածներին և հոգում էին տկարների բոլոր կարիքները: Արդ, եթե թերակատար Հին օրենքի ժամանակ էր Աստված պահանջում արդարության այս բոլոր բարեգործությունները, ապա Նորում և կատարյալում այս ամենից որքա՜ն առավել արդարության ու ողորմության գործեր պիտի պահանջի մեզնից: Քանզի. «Եթե ձեր արդարությունը ավելի չլինի, քան դպիրներինն ու փարիսեցիներինը, Աստծու արքայության մեջ չեք մտնի» [տե՛ս Մատթ. Ե 20]: Եվ հետո մենք` քրիստոնյաներս` Քրիստոսի կողմից ուսուցանվածներս, որ Նորում և կատարյալում ենք, ինչպե՞ս պիտի ներվենք ու թողություն ստանանք, եթե ավելի շատ ողորմություն չանենք, քան թերակատար Հնի և հրեայի ողորմությունները: Քանզի եթե միայն հրեաների արդարությունը կատարենք, եթե հրեաներից առավել չլինենք սրբությամբ, պտուղներով ու պատարագներով և սիրո պատվիրանով, ապա մեզ համար իզուր է Քրիստոսի գալուստը: Քանզի այս Նորում աղքատ թե հարուստ բոլորս «մի մարմին ենք Քրիստոսով և միմյանց անդամներ» [տե՛ս Հռոմ. ԺԲ 5]: Եթե Քրիստոսի ծառան ես և պահում ես Նրա պատվիրանները, հարկ է, որ հոգ տանես ընկերոջդ` իբրև քո [մարմնի] անդամի մասին, քանի որ եթե վշտանում է մեկ անդամը, նրա հետ վշտանում են բոլոր անդամները:
    Եվ արդ, եթե գլուխը Քրիստոս է, իսկ մենք «Քրիստոսի մարմինն ենք և անդամները Նրա անդամներից» [տե՛ս Եփես. Ե 30], հարկ է, որ հասարակ անդամներս ամեն բան համարենք Քրիստոսինը, Ով [այն] տվել է մեծատունների ձեռքը, նրանց հազարապետներ ու մատակարարներ է դարձրել, որպեսզի մատակարարեն իմաստությամբ` իմանալով, թե ում է շատ պետք, և ում` սակավ: Ինչպես որ առաքյալների մոտ ամեն բան ընդհանուր էր` բոլոր հավատացյալներինը, իբրև մեկ անձինը: Եվ ոչ ոք իր ունեցվածքի մասին չէր համարձակվում ասել, թե իրենն է, այլ բերում, բաժանում ու տալիս էին նրան, ով դրա կարիքն ուներ: Դա՛ էր սրտանց [արված] ողորմություն, դա՛ էր աստվածապաշտություն և կատարյալ մարդասիրություն, ովքեր բաշխում էին այդպիսի գթով, որ մինչև իսկ փնտրում էին կարոտյալներին: Առաքյալների ժամանակ այնքան կարևոր էր աղքատներին այցելելը, մինչև իսկ Քրիստոսին քարոզելու հետ միասին ողորմություն էին սովորեցնում. նրանց ոտքերի մոտ էին բերում ու կուտակում էին շատ ինչքեր, որոնց մատակարարներ նշանակեցին Ստեփանոսին [և մյուս սարկավագներին]: Եվ նրանք, ովքեր անհրաժեշտությունից դրդված ու առանց տնանկներին գթալու էին բերում ողորմությունը, մեռան, ինչպես Անանիան ու Սափիրան [տե՛ս Գործք Ե 1-10]: Իսկ Տաբիթան, որ գթով ու հոգածությամբ կերակրում և հագցնում էր որբերին ու այրիներին, նրանց աղոթքներով հարություն առավ մեռելներից [տե՛ս Գործք Թ 40]: Պողոսն ասում է, թե` «Մեզ հրամայվեց, որ հիշենք աղքատներին, և ես հոգ տարա այդ նույն բանն անելու» [Գաղ. Բ 10], որովհետև այս պատվիրանը Աստծու բոլոր Գրքերի կատարումն է: Ինչպես որ Քրիստոս ասաց այն հարուստին, թե` «Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառի՛ր քո ամբողջ ունեցվածքը և տո՛ւր աղքատներին ու երկնքում գանձեր կգտնես» [տե՛ս Մարկ. Ժ 21]: Իսկ ագահների մասին ասում է. «Ավելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի, քան թե մի մեծահարուստ Աստծու արքայությունը մտնի» [Մարկ. Ժ 25]: Քանզի նրանք, ովքեր այստեղ բազում ինչքեր են հավաքում և ողորմություն չեն սերմանում, մենակ ու դատարկ են գնում այս աշխարհից և առաքվում են անողորմ ու անշիջանելի հրի մեջ: Այս մասին ծանուցելով` Տերն ասում է. «Անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի ձեզ ընդունեն հավիտենական հարկերի մեջ» [Ղուկ. ԺԶ 9]: Այս մասին նաև Պողոսն է ասում, թե` «Հետամո՛ւտ եղեք սիրո և նախանձախնդի՛ր եղեք աղքատներին ողորմություն տալու, որպեսզի դուք նույնպես ողորմություն ընդունեք Քրիստոսից» [տե՛ս Ա Կոր. ԺԴ 1]: Իսկ մեկ այլ տեղում ասում է. «Սփռեց ու տվեց աղքատներին. նրա արդարությունը մնում է հավիտյանս հավիտենից» [Սաղմ. ՃԺԱ 9, Բ Կոր. Թ 9]: Պողոսը ոչ միայն թողնում է նրանց կամքին, այլ նաև հրամայում է հարուստներին` ասելով. «Ձեր ունեցվածքի առավելությունը թող լցնի աղքատների պակասությունը, և աղքատների աղոթքների առատությունն էլ թող ձեր մեղքերին թողություն անի» [տե՛ս Բ Կոր. Ը 14]: Որովհետև ոչինչ այնպես չի թեթևացնում մեղքերի ծանրությունը, ինչպես ողորմությունն ու տնանկների հանդեպ գութը: Ինչպես որ այն սուրբը` Դանիելը, սովորեցրեց Նաբուգոդոնոսորին, երբ նա հիվանդացել էր իր մեղքերի պատճառով: Երբ Նաբուգոդոնոսորը մարգարեին հարցրեց, թե` «Ի՞նչ հնար կա այս ցավը [բժշկելու]», Դանիելը, որպես բժիշկ մոտենալով, ասաց. «Արքա՛, ո՛չ պահքը, ո՛չ հսկումը, ո՛չ քուրձ հագնելն ու մենությունը քեզ օգնել չեն կարող, այլ գնա՛ և ողորմությա՛մբ քավիր քո մեղքերը ու տնանկներին գթալով` քո անօրինությունները» [Դան. Դ 27]: Այն կաշառք է, որ արդարացնում է քեզ, և ճանապարհ է, որ տանում է դեպի հավիտենական կյանք:
    Տեսնո՞ւմ ես` ինչպիսի զորություն ունի ողորմությունը և ինչ համարձակ երեսով է կանգնեցնում Աստծու առջև. մանավանդ երբ սրտանց են կերակրում քաղցածներին: Ինչպես Եսային է ասում. «Քաղցածների՛ն բաժանիր քո հացը ու անօթևան աղքատներին տա՛ր քո տուն. եթե մերկ մարդ տեսնես, հագցրո՛ւ նրան և քո ազգի տառապյալից երես մի՛ դարձրու: Այն ժամանակ պիտի կանչես, և Աստված պիտի լսի քեզ. մինչև դու խոսես, նա պիտի ասի, թե` «Ահա հասել եմ» [Ես. ԾԸ 7-9]: Այսպես արագաթև ողորմությունը բարձրանում է դեպի Աստծու լսելիքը և փութապես խոնարհեցնում է այն` օգնելու ողորմածին: Եվ Աստված ոչ միայն այստեղ է օգնում և փրկում ողորմածին, այլ երբ այս կյանքն ավարտվում է, և փոխվում ենք հանդերձյալի մեջ, ողորմածին բազմապատիկ առատությամբ վերադարձնում է նրա տված ողորմությունները: Ինքը` Տերը, ասում է. «Աղքատներին տված ողորմության պարտապանը ես եմ» և` «Նրանց փոխ տվածի փոխատուն ես եմ»: Քանզի. «Ով ողորմում է աղքատին, փոխ է տալիս Աստծուն» [Առ. ԺԹ 17], որ անանցանելի բարիքներով մեկի [փոխարեն] հարյուրապատիկ է վերադարձնում, նաև քավում է նրա մեղքերը և փրկում ահավոր տանջանքներից. «Երանի նրան, ով մտածում է աղքատի ու անօթևանի մասին. փորձանքի օրը կփրկի նրան Տերը» [Սաղմ. Խ 1]:
    Իսկ ի՞նչ է [նշանակում] մտածել աղքատի ու տնանկի մասին: [Նրա մասին] մտածել [նշանակում է] հիշել նրա տառապանքները` [ասելով]` նա իմ եղբայրն է, իմ անդամն ու մարմինը, և ինձ նման կարիքներ ունի: Կարոտ է ինչքերի և բնակարանի, քաղցած մնալու վտանգից այս ու այն կողմ է ընկնում և շրջում է անհանգիստ: Տոթից շոգում է, ցրտից դողում, որովայնը դատարկ է, մարմինը` մերկ, մազերը թաղիք են դարձել, դեմքը դեղնել է ու թոշնել, ամբողջ մարմինը հալվել, մաշվել ու խեղճացել է. թափառում է, վարանում, դռների մոտ երերալով ու կանգնելով` պաղատում, գորովագին կարեկցություն է արթնացնում իր աղետալի վշտերի հանդեպ և իմանալով, որ խիստ դաժան են մեր մտքերը, առանց ամաչելու ցուցադրում է իր խեղված անդամները, որպեսզի մեզ` անողորմներիս, խոնարհեցնի` գթալու իրեն: Հանդգնում է, համարձակվում և մեծ չարչարանքով փոքր-ինչ կերակուր է գտնում. դռները, գավիթներն ու տներն է մտնում երկյուղելով, քանի որ տների մոտ վախենում է շներից, երկնչում անասուններից, որովհետև ձիերն աքացի են տալիս, եզները` պոզահարում, շները` վիրավորում, իսկ չար ու անողորմ մարդիկ չարախոսում են, անարգում ու խոցոտում` ինչպես նետով, մանավանդ երբ [տեսնում են] խեղանդամի, կույրի կամ ցավագարի: Եվ նա քաղցի պատճառով վարանում է ու արկածախնդրության դիմում, գնում հասնում է անողորմների` իբրև գազանների մոտ, որոնց կողմից անարգվում է, ապա եթե կարողանում է ինչ-որ բան ստանալ, այն էլ մեծ չարախոսություններով:
    Արդ, աղքատի ու տնանկի մասին մտածած կլինես, երբ մտաբերես այս ամենը, քաղցր խոսքերով ու գթագին ողորմելով` մխիթարես կարոտյալներին, հեծեծես և հոգոց հանես նրանց համար: Մարգարեն երանի է տալիս այդպիսիներին, նրանց, ովքեր այդպիսի գթով ու խղճով են ընդունում աղքատներին. չարի օրը նրանք պիտի փրկվեն:
    Իսկ ո՞րն է անողորմների և մեղավորների չար օրը: Ահեղ դատաստանի Օրն է այդ, երբ երկինքը պիտի սասանվի, երկիրը դղրդա, երբ արեգակը պիտի խավարի, և լուսինն ու աստղերը կորչեն, երբ արհավիրքները պիտի զարկեն, և ահավոր սոսկումը սաստկանա, երբ փողի ձայնը սաստկանա ու զարհուրեցնի, և հրեշտակների ձայները հիացնեն, երբ շարժվեն զորություննեը, իշխանություններն ու պետությունները, և հրեշտակների գնդերը երկիր իջնեն, երբ աթոռներն ընկնեն, և Քրիստոս Արքային իջած տեսնենք, երբ փառքերի Թագավորի ահից սարսափեն սերովբեներն ու քերովբեները, երբ ժայռերը պատռվեն, և գերեզմանները բացվեն, բազմահույլ ննջեցյալները հարություն առնեն, անթիվ ողջերը նորոգվեն, սուրբերի դասերը ցնծան, արդարների ժողովները պայծառանան, ամբողջ աշխարհը հավաքված` կանգնի, և հուրը տարածվի ողջ տիեզերքում, այնժամ խավարային մեգով պատած հրապարակ կբերեն [իրենց] մեղքերով կապված և [իրենց] անօրինությամբ շղթայված մեղավորներին, ծաղրուծանակով ու անտանելի ամոթով ի ցույց կդնեն աշխարհին, [ապա] կկանգնեցնեն սոսկալի բեմի, մեծ ու ահավոր Դատավորի առջև, որի հուրը կայրի, կտոչորի և բորբոքվելով` կբարձրանա, կայծակների ու կրակե հրահոսան գետերի հնոցը, ուր վառված կրակն է, ցած կիջնի, վառվող կայծակները կտարածվեն ներսում, ուր խավարային գբերն են, մութ տարտարոսները, չարատանջ գեհենը, դառնաթույն որդերը, որոնք սպառնում են և պատրաստված են բոլոր մեղավորների համար` վրեժ առնելու վերջին ահեղ Օրը:
    Արդ, սա՛ է մեղավորների չար Օրը, որից որորմած մարդուն փրկում է նրա` աղքատներին տված ողորմությունն ու տնանկներին գթալը. նրանց Ինքն իսկ` Փրկիչն է երանի տալիս` ասելով. «Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն» [Մատթ. Ե 7], և` «Ողորմածությունը բարձրագլուխ պարծենալու է դատաստանի ժամանակ: Քանի որ անողորմ դատաստան է լինելու նրա հանդեպ, ով ողորմած չի եղել» [Հակ. Բ 13]: Անողորմ են նրա դատախազները, անողորմ են տանջանարանները, անողորմ է հնոցի կրակի այրոցը, անողորմ է տապի խորովելը, անանցանելի և անվերջանալի են ահեղ աղետներն ու չարչարանքները: Սրա՛նք են անողորմների անողորմ դատաստանն ու անվերջանալի տանջանքները, որոնք ընդունեց նաև այն անողորմ մեծատունը [տե՛ս Ղուկ. ԺԶ 19-26]` ահեղ հրի խորովումը, անվերջանալի տապակումը, որովհետև ողորմություն չտվեց քաղցածներին, մերկերին ու հիվանդներին, դրա փոխարեն էլ անողորմ հատուցումը ստացավ:
    Եվ արդ, այս ամենը լսելով` չհապաղե՛նք ողորմել տառապող աղքատներին, առավելապես խեղանդամներին ու հիվանդներին, որբերին և այրիներին, վշտացողներին, օտարականներին, հյուրերին ու ծերերին, բոլոր անհրաժեշտ պետքերի կարիք ունեցողներին, որի միջոցով կարողանան վաստակել և այս աշխարհում ապրելու միջոցը ձերք բերել: Եթե աստվածապաշտ ես, նրանց հոգաբարձո՛ւ ու վերակացո՛ւ եղիր. եթե կամենում ես մեղքերդ փարատել, կերակրի՛ր և հագցրո՛ւ նրանց. եթե կամենում ես համարձակ երեսով տեսնել Քրիստոսին, մի՛ տրտմեցրու տառապողների ու կարոտյալների երեսները. եթե կամենում ես սուրբերի խորաններն ու օթևանները մտնել և ժառանգել անբավ բարիքները, օթևան ու ասպնջակա՛ն եղիր օտարականներին, կարոտյալներին, հիվանդներին ու վշտացողներին, նրանց հանգստացրո՛ւ և մխիթարի՛ր երկրավոր պիտույքներով, որպեսզի նաև դու հանգստանաս ու վայելես հոգևոր կերակուրները և անանց փափկությունը: Քանզի այն է աստուածպաշտություն, երբ առատ ողորմությամբ օգնում են տառապողներին ու նեղության մեջ եղողներին. այնպիսին ոչ թե ողորմություն է անում, այլ ստանում է անանց բարիքների վայելչությունը, նաև այստեղ է բազում բարիքներ գտնում, երբ բարիք է անում: Եթե երկրում չլինեին աղքատներ, ո՞վ կարող էր թեթևացնել իր մեղքերի բազմաթիվ բեռները և կամ փրկվել իր ալեկոծվող ու ծովի պես ծփացող անօրինություններից: Աղքատներին տրված ողորմությունը մեզ անցկացնում է այս աշխարհի սահող ու ալեկոծ կյանքի միջով և հասցնում խաղաղության նավահանգիստ: Իսկ տառապողների համար արվող աղոթքները արմատախիլ են անում, հանում են մեր մեղքերի փուշը, մաքրում ու սրբում են մեր պիղծ մեղքերի թարախը, բժշկում և առողջացնում են սատանայի [հասցրած] վերքերը, ցրում ու թեթևացնում են մեր անօրինությունների ծանրությունը և մեզ երկինք են ուղարկում քավված ու արդարացած: Այսպիսին է ողորմության զորությունը. այն մեզ դուրս է հանում դառը կապանքներից` հանցանքների խորքերից, փոքր-ինչ դրամի միջոցով, որ տալիս ենք աղքատներին:
    Դու մի՛ տրտմիր, որ պակասում է ունեցածդ, որովհետև դրա հետ միասին մեղքերդ են պակասում: Եվ երբ հանեցիր քեզնից արծաթդ, նրա հետ հանեցիր նաև մեղքերդ, սրբեցիր պիղծ գործերիդ աղտեղությունը: Ինչպես [Տերն] է ասում. «Ողորմություն տվեք, և ձեր ամեն ինչը սուրբ կլինի» [Ղուկ. ԺԱ 41]: Որովհետև ողորմությամբ սրբվում է ողորմածի մարմինը, սրբվում է նաև նրա հոգին, օրհնվում է ունեցվածքը, և հաջողվում են նրա գործերը: Շատանում են նրա անասունները, բազմանում են խաշները, պտղաբերում են անդաստանները, եթե միայն Աստծու կամքով ողորմություն է տալիս. որովհետև տնանկներին ողորմելով` փոխ է տալիս Աստծուն: Իսկ Աստված փոխարենը ողորմածներին հատուցում է ոչ միայն այն, ինչ վերևում ասացինք, այլև շնորհում է արքայությունը, փրկում է թշնամու որոգայթներից և ազատում դժոխքի ձեռքից: Թեև կուսությունը մեծ սրբություն է, բայց ողորմածն ավելի պատվական է. թեև մեծ է ամուր պահեցողությունը, և մեծամեծ են բազում առաքինություններ, բայց ավելի մեծ, կարևոր և Աստծու կողմից ընդունելի է ողորմությունը. մեծ և պատվական է ողորմած մարդը: Աստվածաշունչ Գրքերը մարդ իսկ չեն անվանում նրան, ով ողորմություն չի տալիս, այլ անվանում են շուն, խոզ և միայնակեր գազան: Որովհետև այդպիսիներն անլույս ճրագ են, չտեսնող աչք, անջուր աղբյուր և գոսացած  (չորացած) ծառ, որոնք միայն անուն ունեն և ոչ մի օգուտ չեն տալիս:
    Արդ, ինչպե՞ս իմանանք, թե անողորմը մարդ է. ինչպես որ աղբյուրն է ջրի պատճառով աղբյուր անվանվում, ճրագը լույս տալու պատճառով ճրագ ասվում, այդպես էլ մարդն իր արած ողորմությամբ է իբրև մարդ ճանաչվում, [այն բանով], որ հանապազ խոնարհեցնում է իր սիրտը` աղքատի սիրով և գթով, ձեռքերը գործածում է` կարոտյալներին ողորմություն տալու, և քաղցած աղքատների միջոցով կերակրում է Քրիստոսին: Որովհետև Քրիստոս աղքատներին արված ընդունելությունը Իրենն է համարում` ասելով. «Քաղցած էի, և կերակրեցիք ինձ, ծարավ էի, և հագեցրիք ինձ, անօթևան էի, ընդունեցիք ինձ, հիվանդ էի ու բանտում, այցելեցիք ինձ» [Մատթ. ԻԵ 35-36]:
    Եվ արդ, եթե հավատում ես Աստծու անսուտ խոսքին, ճշմարտապես հիշի՛ր, որ երբ կերակրում ես քաղցածներին, Քրիստոսի՛ն ես կերակրում. եթե ծարավածին ջուր ես տալիս խմելու, Քրիստոսի՛ն ես խմեցնում, եթե հյուր ես ընդունում, Քրիստոսի՛ն ես ընդունում, և եթե օտարականին օթևան ես տալիս, Քրիստոսի՛ն ես հյուրընկալում, եթե հիվանդին տեսության ես գնում, Քրիսոսի՛ն ես տեսնելու գնում, եթե սփոփում ես նեղվողներին, Քրիստոսի՛ն ես մխիթարում. եթե օգնում ես անօգնականին, Քրիստոսի՛ն ես օգնական լինում, եթե ծառայում ես տկարներին, Քրիստոսի՛ն ես ծառայում, և ամեն բան, որ տալիս ես քաղցածներին, Քրիստոսի ձեռքն ես տալիս, որ բազմապատիկ հատուցելու է քեզ վերջին Օրը, ուր ո՛չ ամբարած ինչքեր կան, ո՛չ սիրելիներ ու ծանոթներ, ուր ո՛չ սուրբերը կարող են օգնել, և ո՛չ արդարները կարող են փրկել, ուր ո՛չ հայրերն են գթում, և ո՛չ եղբայրները` ողորմում, այլ օգնում են միայն աղքատներին արված ողորմություններն ու բարի վարքը:
    Արդ, չսպասե՛նք վախճանին ու ագահ չլինե՛նք, աղքատներին կարիքի մեջ չթողնե՛նք և Քրիստոսին չտրտմեցնե՛նք, այլ կերակրե՛նք որբերին, այրիների մասին հո՛գ տանենք, պանդուխտներին հավաքե՛նք, քաղցածներին կերակրե՛նք, մխիթարե՛նք Քրիստոսին. այս աշխարհում առատ տուրքերով մարդասիրությամբ սերմանե՛նք ու երկնքում ողորմություններ հնձե՛նք, երկնային խորաններ բարձրանա՛նք ու անանց ուրախությունները վայելե՛նք մեծապայծառ բերկրությամբ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, Որին փառք և պատիվ հավիտյանս հավիտենից. ամեն:

Aucun commentaire:

Enregistrer un commentaire

Սիրելի՛ այցելու, եթէ այս թեմայի առընչութեամբ Ձեզ մօտ առաջացան հարցեր, խնդրեմ, գրառեցէ՛ք այստեղ, որոնց սիրով կը պատասխանենք: