vendredi 11 mai 2012

ԱՍՏԾՈՒ ԹՇՆԱՄԻՆԵՐԻՆ ՉՍԻՐԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԵՏ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ ՉԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սբ. Հովհան Մանդակունի


Պատառիկ ձեռագրից
    Մշտապես, երբ խորհում եմ այս ահավոր հանցանքի մասին, զարհուրում եմ, խորհուրդներս փոթորկվում են անդադար, սիրտս ահից սարսափում է, որովհետև միշտ եմ վիրավորվում այս ախտից, որի՝ ընտելացած սովորություն դառնալու պատճառով վերքն այլևս վերք չի երևում: Չարաչար խոցոտվում ենք չարիքներից և անհոգ ենք առողջների պես. միշտ սարսափում ու զարմանում եմ և հանապազ սգում, որովհետև գիտեմ վերքի ծանրությունը, գիտեմ և վերքերից [ազատվելու համար ջանքեր թափելու] ծուլությունս: Ուստիև պետք է առավել սգալ դողալով և անդադար ողբալ մեր հիմարության ու կուրության համար, քանի որ գիտեմ, որ եթե այս աշխարհի թագավորների հրամաններն արհամարհողներին են սպասում ահավոր բանտ, մեծամեծ կապանքներ, զանազան տանջանքներ ու պատիժներ, ապա որքա՜ն առավել հուր ու ահավոր տանջանքների բազմություն են սպասում նրանց, ովքեր արհամարհում են Հոգու հրամանն ու Աստծու պատվիրանները և բարեկամ են դառնում Աստծու թշնամիներին, ովքեր իրենց անօրեն ընթացքով հանապազ հայհոյում և տրտմեցնում են Սուրբ Հոգուն, ետ չեն դառնում և չեն զղջում, այլ մշտապես մնում են նույնի մեջ: Հարկ է, որ աստվածապաշտներն ու Քրիստոսին սիրողները հեռանա՛ն նրանցից, ըստ Պողոսի այն խոսքի, որ ասում է. «Եթե եղբայր կոչված մեկը պոռնիկ լինի, կամ կռապաշտ, կամ ագահ, կամ բամբասող, կամ հարբեցող, կամ հափշտակող, այդպիսի մեկի հետ հաց էլ չուտեք» [Ա Կոր. Ե 11]:
    Եղբայր անվանվեց նա, ով լուսավորվեց Ավազանից ծննդյամբ և սուրբ Սեղանից հաղորդությամբ, բայց որովհետև անսուրբ վարքով ու անապաշխար անօրենություններով պղծեց և կորցրեց սուրբ Ավազանի մաքրությունը, հեռացավ ու բաժանվեց մեզնից և քրիստոնեության սուրբ հավատից. կա՛մ շնությամբ աղտեղի դառնալով՝ պղծվեց անօրենների հետ և կամ զազրելի ու գարշելի անկողիններում ամուսնությունը սրբապղծեց` խոզի նման ցեխի ու տիղմի մեջ թավալվելով: Այդպիսին, եթե անգամ եղբայր լինի և կամ քույր, որդի կամ դուստր, թող նզովվի՛ և մերժվի՛ մեր սիրուց, խնամքից ու բարեկամությունից: Այդպիսի մարդու հետ հաց անգամ չուտես, որովհետև նա ուրացավ Քրիստոսին, թքեց [մկրտության սուրբ] Ավազանի մեջ և հավատաց սատանայի անօրեն խաբեությանը:
    Արդ, ո՞ւմն են այս հրամանները, ո՞ւմն են այս պատվիրանները. մի՞թե Աստծու Միածնինը և թագավորների Թագաւորինը չեն, Ով առաքյալի բերանով Սուրբ Հոգով պատվիրեց: Իսկ այժմ անարգվում և արհամարհվում են Սուրբ Հոգու պատգամներն ու Աստծու պատվիրանները, որովհետև չենք հրաժարվում անօրենների սիրուց և անարժան խնամությունից, որ հանապազ պոռնկություն է: Եվ այժմ ի՞նչ ներման ու թողության պիտի արժանանանք մենք, որ ոտնահարեցինք Աստծու հրամաններն ու պատվիրանները. Նա մեզ չհրամայեց բարեկամություն անել ագահ և հարբեցող մարդու հետ, իսկ մենք բարեկամանում ու խնամանում ենք թե՛ հրեաների, թե՛ հեթանոսների և թե՛ հերձվածողների հետ: Ո՜ր խավարի մեջ պիտի գնանք կամ ո՜ւր պիտի սուզվենք մեր անսահման ծուլության ու վատ սովորությունների պատճառով, [այն պատճառով], որ արհամարհում ենք Աստծու պատվիրանները: Եվ կամ ի՞նչ պատասխան պիտի տանք ահեղ դատաստանի այն Օրը, երբ հանդիմանվենք ու կշտամբվենք տիեզերական հրապարակի առջև, ի՞նչ պիտի ասենք. պիտի ասենք, թե` երբևէ չլսեցի՞նք որևէ մեկից, կամ` ոչ մեկը չուսուցանե՞ց մեզ: Ահա Պողոսը բողոքում և ասում է. «Եթե եղբայր կոչված մեկը պոռնիկ լինի, կամ կռապաշտ, կամ ագահ, կամ բամբասող, կամ հարբեցող, կամ հափշտակող, այդպիսի մեկի հետ հաց էլ չուտեք» [Ա Կոր. Ե 11], այլ. «Ելե՛ք այդտեղից և հեռացե՛ք նրանցից, նրանց հետ հաց մի՛ կերեք և մի՛ մոտեցեք» [տե՛ս Ես. ԾԲ 11], որովհետև մշտապես Աստծուն անարգողներ են և Նրա պատվիրաններն արհամարհողներ: Պողոսից, մանավանդ Սուրբ Հոգուց ամեն ժամ այս ենք լսում, թե` «Աստծու թշնամիների հետ պետք չէ՛ բարեկամ լինել» [հմմտ. Բ Մն. ԺԹ 2]: Ահա նաև մարգարեն է ասում. «Քեզ ատողներին ատեցի, Տե՛ր, և Քո թշնամիների պատճառով մաշվեցի: Կատարյալ ատելությամբ ատեցի նրանց, և նրանք թշնամի դարձան ինձ, որովհետև չպահեցին Քո օրենքները» [Սաղմ. ՃԼԸ 21-22]: Ահա մարգարեն ուսուցանում է, թե հարկ է ատել Աստծու թշնամիներին, այլ ո՛չ թե բարեկամություն անել Աստծու թշնամիների հետ: Նաև մյուս մարգարեն է ասում. «Եվ այն պատճառով խորտակեց քո նավերը, որ Աստծու թշնամիներին բարեկամ եղար» [տե՛ս Բ Մն. Ի 37]: Ահա նա նույնպես բողոքում է, թե պետք չէ՛ բարեկամություն ու խնամություն անել Աստծու թշնամիների հետ և ատելի ու թշնամի լինել Աստծուն: Այս մասին և մեկ ուրիշ մարգարե է ասում, թե` «Ով ամբարտավան էր աչքով և ագահ` սրտով, նրա հետ հաց իսկ չկերա, անօրինություն գործողն իմ տան մեջ չբնակվեց» [Սաղմ. Ճ 5, 7]:
    Արդ, այս ամենն իմանալով` մենք նույնպես հեռանա՛նք Աստծու թշնամիներից, քանզի քրիստոսասերներն ու աստվածապաշտները պետք չէ սեր և բարեկամություն անեն Աստծուն ատողների ու Քրիստոսի թշնամիների հետ, այլ պետք է ատեն և իբրև թշնամի համարեն նրանց: Եթե մի որևէ կին տեսնի, որ անարգում են իր ամուսնուն, ոչ միայն կթշնամանա նրան անարգողի հետ, այլ նաև քեն ու ոխ կպահի նրա դեմ: Մենք Քրիստոսի համար երբեք չենք ատում և քեն չենք պահում ո՛չ գողերի, ո՛չ պոռնիկների, ո՛չ բամբասողների և ո՛չ Աստծու բոլոր թշնամիների դեմ, որոնք իրենց անօրեն ընթացքով ամեն ժամ բարկացնում են Նրան: Որդին անարգում ու թշնամի է դառնում իր հորն անարգողին, իսկ մենք սիրում ու պատվում ենք Աստծու` մեր Հոր թշնամիներին և բարեկամություն ենք անում նրանց հետ: Շատ ծառաներ մեռնում են իրենց տիրոջ համար, իսկ մենք Աստծու` մեր Հոր ու Արարչի համար չենք կամենում ատելի լինել Նրա թշնամիներին: Եվ ինչպե՞ս ենք անվանվում աստվածասերներ ու աստվածապաշտներ և հավիտենական կյանքի ակնկալիք էլ ունենում, և կամ ինչպե՞ս կսիրվենք Նրա կողմից մենք, որ սրտով չենք սիրում Նրան. «Որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նրանով եք դատվելու» [Մատթ. Է 2]: Քանզի ասում է. «Եթե ինձ Հայր եք անվանում, և չեք անում այն, ինչ ասում եմ, ես էլ որդի պիտի կոչեմ ձեզ, բայց իմ ժառանգությունից հեռու պիտի վանեմ»: - «Ինչո՞ւ, Տե՛ր, և ինչի՞ համար»: - «Որովհետև սիրեցիք իմ թշնամիներին և ինձ ատողներին ձեզ բարեկամ դարձրիք»:
    Իսկ այժմ շատերն են ոչինչ համարում այդ, այլ խառն ու առանց խտրություն դնելու ուտում ենք [Աստծու] թշնամիների` շնացողների, գողերի, պոռնիկների, ագահների, հափշտակողների, բամբասողների, զրկողների հետ և հարգանքով մեր տուն ենք ընդունում նրանց, պատվում ենք Աստծուն անարգողներին և վնասելով՝ կորստյան ենք մատնում մեր հոգին: Եվ բոլոր չարիքներից առավել մեծ անօրինություն և կռապաշտությանը հավասար է այն, որ քրիստոնյա լինելով` խառնակվում են անօրենների հետ, ամուսնանում էլ են [նրանց հետ] և անասնամոլներին հավասար են համարում իրենց անձերը, Սուրբ Հոգուն հալածում են իրենցից, իրենց տնից, իրենց ծնողներից, եղբայրներից, ազգատոհմից, և չեն իմանում, չեն զղջում, չեն դառնում ու չեն ապաշխարում: Եվ սատանան այն փոքր բան է կարծել տալիս, թույլ չի տալիս իմանալ, թե մահացու մեղք է այդ: Ուստիև պետք չէ՛ այդպիսի մարդկանց մոտենալ, նրանց հետ հաց ուտել, այլ ինչպես օձից` փախչել նրանց հետ հաղորդակցությունից, որպէսզի չլինի, թե մեկը ուսանի այդ գործերը: Եթե մեզ չի հրամայում հաց ուտել նախանձոտ մարդու հետ [տե՛ս Առ. ԻԳ 6], ապա որքա՜ն ավելի նրա հետ, ով չարիք է գործում, որով ապականվում են մեր հոգիները: Եթե հրամայում է հեռանալ պոռնիկ ամուսնուց [հմմտ. Ա Կոր. Ե 11], ապա որքա՜ն առավել՝ օտար պոռնիկից, որը մեզ Աստծուց է հեռացնում: Եթե մեզ հրամայում է փախչել դատարկապորտներից, նրանցից, ովքեր շրջում են անգործ, դատարկ ու անկարգ, ապա որքա՜ն առավել՝ բամբասողներից ու հարբեցողներից: Քանզի եթե չի հրամայում ապրել բարկացող մարդու հետ, որպեսզի չսովորեն նրա ճանապարհները, ապա որքա՜ն առավել պետք է հեռանալ նրանցից, ովքեր Աստծուն են անընդհատ բարկացնում:
    Ինչո՞ւ չարչարվենք այդ օտարի չարիքներով և դատապարտվենք ուրիշների մեղքերի համար: Տե՛ս, եթե մեկը մաքուր հագուստներ ունենա և շփվի տիղմի մեջ թաթախվածների հետ, մի՞թե չի կեղտոտվի նրանց հետ շփվելով: Այդպես էլ նա, ով սրբություն ստացած լինի, բայց սեր և բարեկամություն անի ագահների, հափշտակողների և բոլոր մեղքերի մեջ շաղախվածների հետ, իր մաքրությունը կապականի անմաքուրների պղծությամբ: Եթե մեկը տեսնի նեխած, փտած, գարշատոտ վերքերով պատված մեկին, չի կամենա նույնիսկ նրա մահճին մոտենալ, իսկ մենք խառնակվում ենք անօրենների, անկնունքների և հերձվածողների հետ, որոնցից նեխահոտից ու փտության [գարշահոտից] առավել բուրում է մեղքերի ծանրությունը, որ պղծում և ապականում է մեր մարմինն ու հոգին, դուրս է հանում արքայությունից, ժառանգակից է դարձնում սատանային ու դևերին, որոնք բարկացնում են Քրիստոսին` անօրեն անկողիններում պղծվելով: Իսկ քրիստոնյաները նրանք են, ովքեր հանապազ կատարում ու պահում են Քրիստոսի պատվիրանները:
    Իսկ մշտամեղ քրիստոնյաները, ովքեր անառականում են անօրենների հետ, հեթանոսներից առավել են դատապարտվում [համաձայն Տիրոջ այն խոսքի, թե]՝ «Այն ծառան, որ գիտե իր տիրոջ կամքը, բայց նրա կամքի համաձայն չի պատրաստի, շատ ծեծ կուտի» [Ղուկ. ԺԲ 47]: Իսկ Պողոսն ասում է. «Եթե եղբայր կոչված մեկը ագահ լինի կամ կռապաշտ, նրա հետ հաց անգամ չուտես» [տե՛ս Ա Կոր. Ե 11]: Ահա երանելի Պողոսը կռապաշտ է համարում նրանց, ովքեր իրենց կամքով հարաժամ պոռնկանում են անօրենների հետ և ամուսնություն են համարում այդ, պատվում են թլփատությունը և անարգում են Քրիստոսի Ավազանն ու լուսավորությունը և չգիտեն, որ նմանություն չկա լույսի ու խավարի, Քրիստոսի և սատանայի միջև, ոչ էլ հավատացյալը բաժին [ունի] անհավատի հետ: Արդ, եթե սիրում ես Քրիստոսին, ատի՛ր Նրա թշնամիներին, եթե բարեկամ ես Քրիստոսին, թշնամի՛ եղիր Նրան ատողներին, քանզի բոլոր նրանք, ովքեր անօրենություն են գործում, արհամարհում են Նրա պատվիրանները և թշնամի են Աստծուն. ով սրտով աստվածապաշտ է, մերժում և հեռանում է նրանցից, ինչպես թշնամուց, անգամ եթե շատ սիրելի են նրանք և ընտանիքի մտերիմ անդամներ:
    Մեծ առաքինություն է Աստծուն արհամարհողների դեմ կռվելն ու նրանցից հեռանալը, Նրան անարգողներին թշնամի լինելը: Դրանց համար կան մեծամեծ հատուցումներ, զանազան պարգևներ ու պատիվներ Աստծուն մերձ գտնվողների հետ: Լա՛վ, հարցրո՛ւ այս աշխարհի թագավորներին և տես, որ եթե տեսնեն իրենց ծառաներից [որևէ մեկին] թշնամացած իրենց թշնամիների դեմ, ինչպիսի վայելչությամբ ու պատվով կփառավորեն նրան իրենց մեծամեծերի առջև: Իսկ եթե լսեն, թե իրենց ծառան սիրում է իրենց թշնամիներին և բարեկամություն է անում նրանց հետ, մտածի՛ր, թե ինչպիսի ծեծերով, բանտերով ու զանազան տանջանքներով կմաշեցնեն և դժնդակ մահով կհեռացնեն այս աշխարհից: Իսկ մենք ինչպիսի՞ ներման ու թողության արժանի կլինենք, եթե սեր և բարեկամություն անենք Աստծո թշնամիների հետ, ովքեր իրենց անօրեն ընթացքով մշտապես հայհոյում ու անարգում են Նրան: Հարկ է մեծ երկյուղով զգուշանալ նրանց սեղանից ու սիրուց, քանզի անօրինություններից են կերակուրները հափշտակողների և գողերի, պիղծ են կերակուրները պոռնիկների և բամբասողների, հավիտենական տանջանքների առիթ են հարբեցողների խրախճանքները, մարդկային զոհերի արյունով են շաղախված ագահների սեղանները, և անմաքուր ու պիղծ են բոլոր անօրենների և Աստծու դեմ ապստամբողների կերակուրները. նրանցից Պողոսն էլ է պատվիրում հեռու մնալ, քանզի եթե պիղծ է մատուցողը, առավել պիղծ է նրա զոհը, և նրանք, որոնց վարքը մաքուր չեն` նաև նրա կերակուրները: Եվ դու, եթե սրտով ես աստվածապաշտ, մերժի՛ր և հեռո՛ւ մնա նրա սեղանից ու սիրուց: Տե՛ս, որ աշխարհի դատավորներն էլ ում որ գտնում են գողերի ու մարդասպանների հետ, նրանց հետ էլ դատում են, մանավանդ նրանց մտերիմներին ու օթևան տվողներին: Ուստիև մենք էլ հեռանա՛նք նրանցից, ում Աստված պիտի դատի, որպեսզի նրանց հետ չդատվենք [և չմատնվենք] գեհենի ահեղ հրին և անվերջանալի տանջանքներին:
    Արդ, այս ամենն իմանալով` հեռո՛ւ մնանք հրեաների, հեթանոսների, հերձվածողների, գողերի ու մարդասպանների, պոռնիկների և բամբասողների, հարբեցողների, ագահների և հափշտակողների բարեկամությունից, առավելապես նրանցից, ովքեր մնում են առանց ապաշխարելու՝ չարիքների մեջ և անօրենների հետ. հեռո՛ւ մնանք այդպիսիներից, որովհետև չկա՛ միաբանություն արդարի և անօրենի միջև, որովհետև արդարությունը թշնամի է անօրինությանը: «Ի՞նչ միաբանություն լույսի և խավարի միջև, կամ ի՞նչ առնչություն ունի հավատացյալը անհավատի հետ» [տե՛ս Բ Կոր. Զ 14], քանզի հավատացյալների «բաժինը Տերն է» [տե՛ս Սաղմ. ԺԵ 5, ՀԲ 26], իսկ անհավատների ժառանգությունը հուրն է [տե՛ս Մատթ. ԻԵ 41]: Եվ կամ. «Ի՞նչ նմանություն ունի Աստծու տաճարը մեհյանների հետ» [Բ Կոր. Զ 16], քանի որ քրիստոնյան Աստծու բնակության տաճար է, իսկ անօրենը` դևերի բագին: Այդպես նաև բոլոր մեղքով անօրինացածները սատանայի մեհյաններ են և դևերի բնակարաններ: Ահա սրանք են բաժինները, սահմաններն ու բաժանումները և զատում են մեզ անօրենների սիրուց: Որտե՞ղ է, որ աղավնիները բնակվում են ագռավների հետ, գառները մակաղում են գայլերի հետ, և կամ պիղծ դևերի միաբանությունները խառնվում են լուսեղեն հրեշտակներին: Այլ սուրբերը սուրբերին են փնտրում, և անօրեններն անօրեններին են հարում: Ասվում է, թե ամեն հավք իր երամի մեջ է իջնում, և ամեն մարդ իր նմանին է փնտրում: Այդ պատճառով էլ մենք սուրբերին փնտրենք, սուրբերին հարենք, սուրբերին պատվենք, առաքյալներին սիրենք և բարեխոս դարձնենք, չհեռանա՛նք շնորհներից, ողորմությունից ու աղոթքից և նրանց հետ արժանի՛ լինենք աստվածային խոստացված բարիքներին մեր Տեր Հիսուս Քրիստոսով, Որին փառք հավիտյանս. ամեն:

Aucun commentaire:

Enregistrer un commentaire

Սիրելի՛ այցելու, եթէ այս թեմայի առընչութեամբ Ձեզ մօտ առաջացան հարցեր, խնդրեմ, գրառեցէ՛ք այստեղ, որոնց սիրով կը պատասխանենք: