vendredi 15 juin 2012

ԵՐԱՆԻՆԵՐ

Սբ. Հովհան Ոսկեբերան


Սբ. Հովհան Ոսկեբերան
   «Եվ տեսնելով ժողովրդի բազմությունը՝ բարձրացավ լեռան վրա: Եվ երբ այնտեղ նստեց, նրա մոտ եկան Իր աշակերտները: Բացեց Իր բերանը և ուսուցանեց նրանց» (Մատթ. Ե 1-2):
 Տե՛ս [Տիրոջ] համեստությունն ու խոնարհությունը. նրանց Իր հետ չէր շրջեցնում, այլ երբ հարկ էր բժշկել նրանց, Ինքն էր գնում ամենուր և քաղաքների ու գավառների խնամարկու լինում, իսկ երբ մեծ բազմություն էր հավաքվում, նստում էր մի տեղում: Այն էլ ո՛չ քաղաքի և ո՛չ էլ հրապարակի մեջտեղում, այլ լեռան վրա և անապատում, որպեսզի մեզ խրատի՝ չգործել ցուցադրաբար՝ մարդկանց աչքի առջև, և հեռու մնալ բազմությունից, հատկապես երբ պետք է ու պատշաճ է զգաստանալ և խոսել կարևոր բաների մասին:
  «Եվ երբ այնտեղ նստեց,- ասում է,- նրա մոտ եկան աշակերտները»:
  Տեսնո՞ւմ ես՝ ինչպես էր աճել [նրանց] առաքինությունը. ինչպես էին միանգամից ազնվացել. որովհետեւ եկել և բազում հրաշքներ էին տեսել, ցանկանում էին նաև լսել մեծ ու բարձրագույն բաներ: Եվ հենց դա էլ Նրա ուսուցանելու և այս խոսքերն ասելու պատճառը դարձավ: Քանզի Նա բժշկում էր ոչ միայն մարմինները, այլ նաև ուղղում էր հոգիները, ապա հոգիներին խնամարկելուց վերադառնում էր մարմինները դարմանելուն՝ Իր վարդապետության պես-պես ու զանազան օգտաշահ խոսքերը խառնելով գործերին: Եվ փակում էր անամոթ հերձվածողների բերանները: Միաժամանակ դարմանում էր երկուսը, որպեսզի մերթ մեկը և մերթ մյուսը ուղղության բերելով` ցույց տա, որ ողջ կենդանության Արարիչն Ինքն է: Ինչպես որ արեց այդ ժամանակ:
    «Բացեց Իր բերանը,- ասում է,- և ուսուցանեց նրանց» (Մատթ. Ե 1-2):
     Եվ ինչո՞ւ «Բացեց Իր բերանը». որպեսզի իմանաս, որ խրատում էր, մինչ լուռ էր և ոչ միայն, երբ խոսում էր, այլ մերթ Իր բերանը բանալով և մերթ Իր գործերով էր խոսում: Իսկ երբ լսես, թե սովորեցնում էր նրանց, մի՛ կարծիր, թե միայն Իր աշակերտների հետ էր խոսում, այլ նրանցով՝ բոլորի հետ: Եվ քանի որ շատերը դեռ տգետ էին, անարգ ու երկրասեր, այդ պատճառով էլ աշակերտների գունդն Իր շուրջը բերելով՝ նրանց է ուղղում խոսքը: Որպեսզի նրանց հետ խոսելով՝ բոլոր մյուսներին, ովքեր խիստ կարիքն ունեն այդ խոսքերի, անձանձրույթ լսել տա իմաստության վարդապետութունը: Ղուկասը, սա նկատի ունենալով, ասում է. «Խոսքը դարձրեց Իր աշակերտներին», Մատթեոսը, նույնը ցույց տալով, գրում է. «Նրա մոտ եկան աշակերտները» և` «Ուսուցանեց նրանց», որպեսզի նաև ուրիշները հոժարեն լսել:
   Արդ, ինչի՞ց է սկսում, կամ ի՞նչն է դնում մեր նոր առաքինության հիմքում: Լսեցե՛ք ուշադիր. քանզի ասաց նրանց ու բոլորին, և գրվեց նրանց համար, ովքեր պիտի լինեին նրանցից հետո, ուստիև աշակերտներին նայելով՝ ասում է ամբողջ տիեզերքին, որպեսզի Իր խոսքերը հաստատի ոչ միայն նրանց մեջ, այլ բոլորին ուղղի երանիները: Քանզի չասաց, թե՝ երանի կլինի ձեզ, եթե աղքատանաք, այլ թե՝ երանի՜ աղքատներին: Թեև ասում էր նրանց մասին, բայց Նրա խոսքերը խրատ էին բոլորին: Երբ ասի, թե՝ «Ես ձեզ հետ եմ ձեր կյանքի բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը», նկատի պիտի ունենա ոչ միայն նրանց, այլ նրանցով ամբողջ տիեզերքը: Եվ երբ երանի տա նրանց՝ հալածվողներին, հանիրավի չարչարանքներով չարչարվողներին, պսակ է բոլորում ոչ միայն նրանց, այլ նաև բոլոր մյուսների համար, որ այդ ամենից հետո ուղղության կգան: Բայց որպեսզի ավելի պարզ լինի, և դու սովորես, որ ասվածները նաև քեզ են վերաբերում, լսի՛ր, թե ինչպիսի սքանչելի խոսքերով է սկսում.
  «Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մատթ. Ե 3):
   Ի՞նչ է նշանակում հոգով աղքատ, եթե ոչ խոնարհ և սրտով բեկված: Այստեղ հոգի ասելով՝ նկատի ունի շունչը և կամքը: Քանզի շատերը կան, որ խոնարհ են ոչ թե իրենց կամքով, այլ ակամա և ստիպողաբար: Թողնենք այդպիսիներին, քանզի գովեստն ու պատիվը նրանցը չէ, այլ նրանցը, ովքեր իրենց կամքով են խոնարհեցնում ու ցածրացնում իրենց անձը. նախ երանի է տալիս այդպիսիներին:
   Իսկ ինչո՞ւ չասաց՝ խոնարհներին, այլ՝ աղքատներին: Որովհետեւ սրանք նրանցից ավելի շատ են: Եվ այստեղ աղքատներ է անվանում նրանց, ովքեր երկյուղում են Աստծո պատվիրաններից: Սա նաև Եսայի մարգարեի միջոցով էր ասում. «Ո՞ւմ կնայեմ, եթե ոչ խոնարհներին ու հեզերին և նրանց, ովքեր դողում են Իմ խոսքերից»:
    Եվ քանի որ խոնարհության բազում օրինակներ կան, և մեկը ինչ-որ չափով է խոնարհ, մյուսը՝ ամենայն առաքինությամբ: Այս խոնարհությունը պատվելով՝ նաեւ մարգարեն է գովում և մտքի ցածությունը չէ, որ հաստատուն է համարում, այլ սրտի բեկումը՝ այդ մասին ասելով«Բեկված հոգին է Աստծո պատարագը, և բեկված ու խոնարհ սիրտն Աստված չի արհամարհում» (տե՛ս Սաղմ. Ծ 19): Երեք մանուկները, մեծ պատարագի փոխարեն հենց սա մատուցելով Աստծուն, հնոցի մեջ ասում էին. «Այլ բեկված աձամբ և խոնարհ հոգով ընդունելի թող լինենք»: Հենց սա է Քրիստոս երանում այստեղ: Քանզի չարիքների բազմությունները, որոնք ապականեցին ողջ աշխարհը, գոռոզությունից մտան. բանսարկուն, մինչ այդ այդպիսին չէր, այլ հետո դրանով բանսարկու դարձավ: Պողոսը նույնպես ասում է«Որպեսզի չհպարտանա և չընկնի սատանայի դատաստանի մեջ»: Քանզի առաջին մարդը, թշնամու սնոտի հույսով լցվելով, ամբարտավանացավ և մահկանացու դարձավ. կարծելով, թե աստված կլինի, կորցրեց այն ամենը, ինչ ուներ: Եվ Աստված, նրա անմտությունը նախատելով, հեգնելով ասում էր. «Ահա Ադամը եղավ իբրև մեկը մեզնից»: Եվ յուրաքանչյուր ոք, ով դրանից հետո կործանվում էր ամբարշտությամբ, տենչում էր Աստծուն հավասար լիներ:
    Եվ քանի որ սա է չարիքի սկիզբը, արմատն ու բխումը, ուստիև յուրաքանչյուր ախտի համար դեղ է պատրաստում. իբրեւ հաստատուն ու անսասան հիմք նախ այս օրենքն է դնում, որպեսզի երբ սա հաստատուն զգուշությամբ ամրանա ներքևում, ապա կառուցողը բոլոր մյուսները առանց խոչընդոտի կդնի դրա վրա: Իսկ եթե սա վերացնի, եթե անգամ առաքինացողը մինչև երկինք բարձրանա ու հասնի, ամբողջը հեշտությամբ կքանդվի, ցած կընկնի և կկործանվի: Եթե լինեն պահք, աղոթքներ, ողորմություն, զգաստություն և ուրիշ բարիքներ ժողոված լինես, առանց խոնարհության կխաթարվեն ու կկորչեն բոլորը: Դա պատահեց փարիսեցուն. նա հասել էր աստվածահաճո բոլոր գործերի գագաթին, բայց կորցրեց ամենն ու իջավ չարիքների հատակը, քանզի իր մեջ չուներ բոլոր բարիքների մայրը: Ինչպես որ բոլոր չարիքների աղբյուրը հպարտությունն է, այդպես էլ խոնարհությունն է սկիզբը ամենայն ցածության: Այդ պատճառով էլ սկսում է՝ լսողների մտքից արմատախիլ անելով ամբարտավանությունը:
    Իսկ ի՞նչ հարկ կար սա ասել աշակերտներին, քանզի նրանք ամբողջովին խոնարհ էին (ամբարտավանության պատճառ էլ չունեին, քանզի ձկնորսներ էին, աղքատ, աննշան ու տգետ մարդիկ): Նա ոչ թե աշակերտներին էր ասում, այլ նրանց, ովքեր այն ժամանակ այնտեղ էին, և նրանցից հետո պիտի ընդունեին:
  Տեսնենք ճառի միտքը. և որպեսզի դրանով չարհամարհեն նրանց, ասենք, թե առավելապես աշակերտներին էր վերաբերում. թեպետև ոչ այն ժամանակ, սակայն ավելի ուշ՝ նշաններից, սքանչելիքներից, ամբողջ աշխարհի կողմից պատվվելուց ու Աստծո առջև համարձակություն ունենալուց հետո, նրանց այնպիսի՜ զգուշություն էր անհրաժեշտ: Որովհետև ո՛չ մեծությունը, ո՛չ հարստությունը և ո՛չ անգամ թագավորությունը չէին կարող այնպես հպարտացնել, ինչպես նրանց ժամանակի դեպքերը:
  Դարձյալ՝ քանզի նշաններից առաջ նրանց կարող էր հպարտացնել մեծ ամբոխը. Վարդապետի շուրջ եկող ու կուտակվող բազմությունը կարող էր հիվանդացնել նրանց մարդկային ախտով: Ուստիև անմիջապես կանգնեցնում է նրանց այդպիսի մտքերը՝ ոչ թե խրատելով կամ հրամայելով, այլ ճառելով երանությունները, որպեսզի տաղտկալի չդարձնի Իր խոսքը և բոլորի համար ճանապարհ հարթի դեպի Իր ուսուցումները: Չի ասում, թե՝ երանելի են այսինչը կամ այնինչը, այլ թե՝ բոլոր նրանք, ովքեր կանեն այդ ամենը: Եթե ծառա ես, աղքատ կամ տնանկ, օտարական կամ շինական և նախանձախնդիր ես այսպիսի առաքինության, քեզ ոչինչ չի արգելում լինել երանելի:
    Արդ, սկսելով դրանից, սկզբում մատուցելով այն, ինչից առավել էր պետք խորշել, ողջ տիեզերքին իբրև պատգամ էր բերում մյուս պատվիրանը, որ հակառակ էր կարծվում. [այս աշխարհում] երանելի են համարվում ուրախացողները, իսկ տրտմության, աղքատության ու սգի մեջ եղողները համարվում են խղճալի ու եղկելի. Նա, նրանց փոխարեն ահա սրանց երանի տալով, ասում էր, թե՝ «Երանի՜ սգավորներին», ովքեր խղճալի են կարծվում բոլորի կողմից:
   Հենց դրա համար սկզբում նշաններ գործեց, որպեսզի երբ այսպիսի օրենքը դնի, հավատալի լինի: Եվ դարձյալ՝ այստեղ երանի է տալիս ոչ թե դատարկ բաների համար սգացողներին, այլ նրանց, ովքեր սգի մեջ են իրենց մեղքերի պատճառով. որովհետեւ խստորեն արգելված է այն սուգը, որ աշխարհի կյանքի համար է: Որը և Պողոսն է հայտնի դարձնում՝ ասելով«Աշխարհի տրտմությունը մահ է առաջ բերում, իսկ տրտմությունը, ըստ Աստծո ուզածի, ապաշխարություն է առաջ բերում փրկության համար, որը զղջում չի պատճառում» (տե՛ս Բ Կորնթ. Է 10):
   Արդ, Ինքն այստեղ երանի է տալիս նրանց, ովքեր այդպես են տրտմում. ոչ թե անխորհուրդ տրտմողներին, այլ նրանց, ովքեր մեծապես տրտմում են [իրենց մեղքերի պատճառով]: Այդ պատճառով էլ չի ասում՝ երանի՜ տրտմողներին, այլ՝ երանի՜ սգավորներին:
    Այս պատվիրանը զգաստության ուսուցիչ է. եթե նրանք, ովքեր սգում են իրենց կնոջ, որդիների կամ այլ հարազատների մահվան պատճառով, չեն ցանկանում ո՛չ ունեցվածք և ո՛չ էլ մարդու գեղեցկություն, քանի դեռ ցավն իրենց սրտում է, ո՛չ փառք են բաղձում, ո՛չ իրենց թշնամիների վրա են զայրանում, ո՛չ նախանձում են, ո՛չ էլ մեկ այլ ախտից այրվում, այլ միայն սգում են, ապա որքա՜ն առավել են զգաստանում նրանք, ովքեր, ինչպես արժան է, սգում են իրենց իսկ մեղքերի համար:
   Ապա, իբրեւ այդ առաքինության հատուցում, ավելացնում է«Որովհետև նրանք կմխիթարվեն»: - Արդ, ասա՛, որտե՞ղ կմխիթարվեն: Ե՛վ այստեղ, և՛ այնտեղ: Քանի որ հրամանը հույժ ծանր էր ու տաղտկալի, խոստանում է առավել չափով հատուցել: Այսինքն՝ եթե կամենում ես մխիթարվել, մտի՛ր սգի մեջ, մի՛ կարծիր, թե ասվածն այլաբանություն է: Քանի որ եթե անգամ բյուրապատիկ տրտմությունների փոթորիկներ թափվեն քեզ վրա, բոլորից վեր կլինես, եթե Աստված մխիթարի քեզ: Աստված քո չարչարանքից շատ ավելի մեծամեծ բաներ կտա: Ինչ որ այստեղ իսկ արեց. սգավորներին երանելի ասաց՝ ոչ ըստ նրանց արժանավորության, այլ ըստ Իր մարդասիրության: Քանզի իրենց մեղքերի համար սգացողներին բավական է հենց այն, որ արժանանան թողության և պաղատանքներ ու աղերսներ դնեն Իր առջև: Իսկ Ինքն այնքան մարդասեր է, որ իբրև պարգև՝ բավական չի համարում նրանց՝ տանջանքներից ու մեղքերից ազատվելը, այլ երանելի և մեծ մխիթարության արժանի էլ է դարձնում: Իսկ սգալ հրամայում է ոչ միայն սեփական անձի, այլ նաև ուրիշների համար, ինչպես սուրբերի հոգիներն էին՝ Մովսեսի, Պողոսի կամ Դավթի. քանզի նրանք և բոլոր նրանց նմանները բազում անգամ սգում էին ուրիշների չարիքների համար:
    «Երանի՜ հեզերին, որովհետև նրանք պիտի ժառանգեն երկիրը»:
   Ո՞ր երկիրը: Ոմանք ասում են, թե իմանալի երկիրը: Բայց այդպես չէ: Որովհետև Գրքում ոչ մի տեղ չենք գտնում, թե իմանալի երկիր ասվի: Ըստ խոսքի՝ նաև հատուցումն է ցույց տալիս: Ինչպես որ Պողոսն է, ըստ Հնի (պատվիրանի), ասում«Պատվի՛ր քո հորն ու քո մորը և երկար կապրես երկրի վրա» (Եփես. Զ 1): Եվ Ինքն իսկ՝ Տերը, ավազակին ասաց«Այսօր Ինձ հետ դրախտում կլինես»: Եվ այժմյան, այլ ոչ թե ապագա բարիքներով է հոժարեցնում՝ թանձրամիտ լսողների պատճառով, ովքեր հանդերձյալից առաջ խնդրում են այժմյանը:
   Ուստիև առաջ անցնելով՝ ասում է«Նախ հաշտվիր քո ոսոխի հետ», Նա նույնին ավելացնում է այդպիսի առաքինության հատուցումը«Գուցե, ասում է, ոսոխը քեզ մատնի դատավորին, իսկ դատավորը՝ դահճին»: Տեսնո՞ւմ ես՝ այստեղ վախեցնում է տեսանելի, այստեղ գտնվող, շատ մոտ և ոտքերիդ դիպչող բաներից: Դարձյալ ասում է, թե՝ «Ով եղբորը հիմար անվանի, պարտական կլինի դատաստանի»: Պողոսը նույնպես բազում տեսանելի հատուցումներ է սահմանում և հոժար է դարձնում մոտակա բաներին. այսպես՝ երբ խոսում է կուսության մասին, ոչինչ չի ասում երկնավոր բաների մասին, այլ այստեղինին է հոժարեցնում«Այն նեղության պատճառով, որ ներկայումս կա, ես պիտի խնայեի ձեզ և կամենում եմ, որ անհոգ լինեք» (տե՛ս Ա Կորնթ. Է 25, 28): Այդպես Քրիստոս հոգևոր բաներին խառնեց տեսանելի բաները: Քանզի այնպես է կարծվում, թե հեզը կկորցնի իր ամեն ինչը, դրա հակառակը խոստանալով՝ Նա ասում է, թե նա է, որ զգուշությամբ կունենա ամեն բան, ով չի լինի հանդուգն ու ամբարտավան: Իսկ հպարտ մարդը նաև իր հայրենի ունեցվածքից կզրկվի և հաճախ կթշնամանա իր հարազատների հետ անգամ:
   Դարձյալ՝ Հնում մարգարեն ասում է, թե՝ «Հեզերը պիտի ժառանգեն երկիրը». այն ժամանակ ընտանի և ծանոթ բաներին է խառնում իր միտքը, որպեսզի ամենուր օտարոտի ու այլալեզու չկարծվի: Սա ասելով՝ ոչ միայն ներկայում հաստատապես հատուցելու մասին է խոսում, այլ նաև ապագա պարգևի: Եթե հոգևոր բան է ասում, դրանով չի վերացնում ներկա կյանքի պարգևը և եթե այս կյանքում բան է խոստանում, միայն դրա մեջ չէ, որ հաստատում է Իր կարողությունը«Խնդրեցե՛ք, ասում է, Աստծո Արքայությունը և Նրա արդարությունը, և այս ամենը պիտի տրվի ձեզ ավելիով»: Դարձյալ ասում է«Եթե մեկը թողնի իր տունը, եղբորը, հորը կամ մորը, կնոջը, որդիներին կամ ագարակները Իմ անվան համար, հարյուրապատիկ պիտի ստանա այս աշխարհում և հավիտենական կյանքը պիտի ժառանգի»:
   «Երանի՜ նրանց, ովքեր քաղցն ու ծարավն ունեն արդարության»: Ո՞ր արդարության: Կա՛մ ասում է բոլոր առաքինությունների, կա՛մ դրանց մի մասի՝ ագահ չլինելու մասին: Քանի որ պատվիրան պիտի տար ողորմածության մասին, ցույց է տալիս, թե ինչպես է պատշաճ ողորմել. ո՛չ հափշտակածից և ո՛չ ագահաբար [ձեռք բերածից]: Երանի է տալիս նրանց, ովքեր արդարություն են փափագում: Եվ տե՛ս, թե որքան առավել է համարում նրանց. չասաց, թե` երանի՜ նրանց, ովքեր արդարության կողմնակից են, այլ թե՝ «Երանի՜ նրանց, ովքեր քաղցն ու ծարավն ունեն արդարության»: Որպեսզի ոչ թե հենց այնպես, այլ ողջ ցանկությամբ վայելենք նրա մեջ:
    Ագահ մարդկանց բնորոշ է ոչ այնքան կերակուր և ըմպելի, որքան շատ ունեցվածք և շքեղ հագուստներ ցանկանալը. արդ, որպեսզի հրամայի թոթափել ագահությունն ու այսպիսի ցանկությունը, դարձյալ սահմանում է տեսանելի հատուցում«Որովհետև նրանք պիտի հագենան»: Բազում մարդիկ կարծում են, թե շատերին է ագահությունը հարուստ դարձնում. Նա ասում է դրա հակառակը, թե արդարությունն է դա անում: Եվ արդ, երբ արդարություն գործես, մի՛ վախեցիր աղքատությունից, մի՛ վախեցիր սովից. հենց հափշտակողներն են, որ զրկվում են ամեն բանից, իսկ արդարություն ցանկացողներն ամեն բան ունեն ապահովաբար: Ովքեր չեն ցանկանում ուրիշի ունեցվածքը, այնպիսի մեծության մեջ կվայելեն, որքան նրանք, ովքեր իրենցն են բաշխում ուրիշներին:
(շարունակելի)

Aucun commentaire:

Publier un commentaire

Սիրելի՛ այցելու, եթէ այս թեմայի առընչութեամբ Ձեզ մօտ առաջացան հարցեր, խնդրեմ, գրառեցէ՛ք այստեղ, որոնց սիրով կը պատասխանենք: