mardi 13 mars 2012

ՔԱՌԱՍՆՕՐՅԱ ՊԱՀՔԻ ԵՎ ՈՒՏԻՔԻ ՄԱՍԻՆ

Սբ. Հովհան Մանդակունի


   Արդ, պահքի քառասուն օրերը կոչվում են մեկ օրվա [անվամբ]՝ ուրբաթ. այն Տիրոջ խաչելության և չարչարանքի [օրն է], այս աշխարհում չարչարվողների համար Տիրոջ չարչարանքներն իրենց համար օրինակ ունենալու, Տիրոջը չարչարակից եղողների և Տիրոջ պատվիրանները պահողների անձերի պահպանության առիթ, Տիրոջ խաչելությանը չարչարակից լինելու և Նրա հարությանը փառակից լինելու, մեղավորներին ապաշխարության կոչելու առիթ։
Փակեալ խորան Մեծ Պահքին
    Արդ, կարգ է օրենքը ստանալուց հետո այս քառասնօրյայում շաբաթ և կիրակի օրերը պահել ուրբաթ և չորեքշաբթի օրերի պես. այն քառասնօրյայում [Զատկից մինչև Համբարձում] կիրակին կոչվում է առաջին օր և հարության՝ աշխարհի ուրախության և արքայության ավետիսի օրերի սկիզբ. երբ արդարության պատվիրանները պահողները լի են ամենայն ուրախությամբ, օրենք է ուտել ուրբաթ և չորեքշաբթի օրերին, ինչպես շաբաթ և կիրակի օրերին։ Քանզի ինչպես որ Զատկից մինչև Տիրոջ համբարձում [ընկած օրերը] կիրակի են կոչվում, այդպես էլ [բուն] բարեկենդանից մինչև Զատիկ՝ ուրբաթ։
    Արդ, ինքդ քեզ հավանության բեր և զուգորդիր քավության այս քառասունն ու ուրախության այն քառասունը, համեմատի՛ր քառասունը քառասունի հետ, ուրբաթն ու չորեքշաբթին շաբաթի ու կիրակիի հետ և կգտնես ընդհանուրը՝ ո՛չ սրա մեջ հագեցում և ուրախություն, ո՛չ նրա մեջ պահք ու տխրություն։ Այս քառասունը՝ տարվա մեղքերը քավելու առիթ, այն քառասունը՝ տարվա ուրախությունների առիթ։
    Արդ, օրենք է բարեկենդանից մինչև Զատիկ հավասարապես պահել պահոց այս քառասունը, քանզի տարվա մեղքերի քավիչ ու թողիչ է կոչվում այն։ Եվ գինի, յուղ, ձու, ձուկ, պանիր, կարագ, կաղտի (թերևս` մածուն), բածին (աղած ձուկ), շճուկ, կաթ, կաթնասեր և ձկնամորե, այս ամենը ճաշակել օրենք չէ և վայել չէ, որ ճաշակի որևէ մեկը՝ մեծն ու փոքրը, արդարն ու մեղավորը։ Մեզ բավական են քառասուն օրերին թույլատրելի ուտելիքները՝ կանեփհատը, կտավատը, փոխինդը, հատիկները, սամթաջուրը։
    Արդ, այս քառասուն օրերին Տերը Իր հետ փորձության լեռ տարավ փորձչին՝ սատանային, որ բոլոր հավատացյալների հաղթության օրինակը եղավ. մի՞թե Աստված պահքի կարիք ուներ։ Մի՞թե մարդկանց օրինակ լինելու համար չէր անում այդ։
    Արդ, եթե չենք կարող, ինչպես Պողոսն է ասում, հանապազորդ մեռնել, այլ գոնէ այս քառասուն օրով ջանանք հաղորդակից լինել Տիրոջ չարչարանքներին։ Որպեսզի այս քառասուն օրերով մեր անձերից հեռացնենք տարվա ընթացքում մեր գործած մեղքերը։ Չգիտե՞ս, որ Տիրոջ հարությանը փառակից կարող են լինել միայն նրանք, ովքեր հոժար մտքով չարչարակից են լինում Քրիստոսին, որովհետև ասում է. «Ոչ միայն պետք է հավատալ Քրիստոսին, այլ նաև Նրա անվան համար պետք է չարչարանքներ կրել» (Փիլիպ. Ա 29)։
    Արդ, այս քառասունը Տիրոջ խաչելության ու չարչարանքերի [օրերն] են, իսկ այն քառասունը՝ Տիրոջ հարության, կենդանության քառասուն [օրերը]։ Այս քառասունը Տիրոջ չարչարանքների քացախն ու լեղին են, իսկ այն քառասունը՝ մեղրի խորիսխը, խորոված ձուկը՝ մասը Տիրոջ հարության։ Այս քառասունը զինվորների՝ Տիրոջ գերեզմանը կնիքով պահպանելն է, իսկ այն քառասունը՝ հրեշտակների՝ մարդկանց՝ Մարիամին ու նրա հետ եկողներին Տիրոջ հարության ավետիսը տալը։ Այս քառասունը միջնորդն է ապաշխարության, իսկ այն քառասունը՝ երաշխավորը թողության։ Այս քառասունը՝ հանցանքները քավող, այն քառասունը՝ մեղքերը թողնող։ Այս քառասունը լաց լինելու և արտասուքների, իսկ այն՝ ցնծության ու ուրախության։ Այս քառասունը ցավով և տրտմությամբ սերմանելու, իսկ այն քառասունը՝ փառքով ու գովությամբ հավաքելու։
    Այս քառասնօրյայով Մովսես մեծ մարգարեն ժողովրդին օրենքը տվեց, այն քառասնօրյայով քավեց Ահարոնի և ամբողջ ժողովրդի մեղքերը։ Այն քառասնօրյայով Եղիան գնաց Սինեական լեռը՝ Տիրոջից երկինք բարձրանալու հրաման ստանալու։ Այս պահքով երեք մանուկները փրկվեցին մահացու կրակի բարձրաբերձ բոցերից։ Այս պահքով նինվեացիները լուծեցին Տիրոջ հրամանով մահվան վճիռը. ընդունելի եղավ նրանց ապաշխարության պահքը և արագ ներվեցին նրանց մեղքերը։

Aucun commentaire:

Enregistrer un commentaire

Սիրելի՛ այցելու, եթէ այս թեմայի առընչութեամբ Ձեզ մօտ առաջացան հարցեր, խնդրեմ, գրառեցէ՛ք այստեղ, որոնց սիրով կը պատասխանենք: