samedi 10 mars 2012

ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՆՈՒՄ

Սբ. Բարսեղ Կեսարացի



Սբ. Բարսեղ Մեծ
    Շարունակ հետամուտ լինելով ոչնչության՝ գրեթե ողջ երիտասարդությունս վատնեցի՝ իզուր ջանալով նվաճել մի իմաստություն, որն ընդամենը հիմարություն է Աստծու առաջ: Հետո, մի օր, ասես խոր նիրհից արթնանալով, հայացքս հառեցի դեպի Ավետարանի ճշմարտության սքանչելի լույսը ու տեսա «կործանման սահմանված իշխանների» (Ա Կորնթ. Բ 6) իմաստության ունայնությունը: Ես դառնագին ողբացի իմ թշվառ կյանքը և աղոթեցի, որ օգնական մի ձեռք ինձ առաջնորդի դեպի բարեպաշտության նախասահմանները: Ի թիվս այլ հետապնդումների՝ ես փափագում էի սրբել ինձ. չէ՞ որ այնքան ապականված էի բազում ունայնամիտ մարդկանց մեջ: Կարդալով Ավետարանը և հասկանալով, որ կատարելության տանող լավագույն սկիզբը ունեցածը աղքատ եղբայրներին բաժանելն է, այս կյանքի նկատմամբ անհոգությունը և երկրավոր բաների հանդեպ անտարբերությունը, կամեցա գտնել կյանքի ա՛յս ճանապարհը նախընտրող մի եղբայրակցի, որպեսզի միասին անցնենք կյանքի փոթորկահույզ ծովերը:
  Գտա շատերին Ալեքսանդրիայում, Եգիպտոսի այլ վայրերում, Պաղեստինում, Միջագետքում: Ինձ զարմացրեց նրանց խստակեցությունը, նրանց աննկունությունը զրկանքների մեջ, ինձ ապշեցրեց նրանց հարատևությունն աղոթքների մեջ. ինչպե՜ս էին հաղթում նիրհին՝ չհանձնվելով մարմնի պահանջներին, իրենց հոգիների փափագները միշտ բարձր և կապանքներից ազատ պահելով՝ քաղցի ու ծարավի մեջ, ցրտի ու մերկության մեջ, երբեք ուշ չդարձնելով մարմնին, երբեք չկամենալով հոգալ դրա մասին՝ ասես մարմնից դուրս էին ապրում: Նրանք ինձ հիրավի ցույց տվեցին իրենց գործերով, թե ինչ է նշանակում քայլել իբրև օտարական այս աշխարհում և վայելել երկնքի քաղաքացի լինելու բախտավորությունը: Ես հիացա այդ ամենով: Այդ մարդկանց կյանքը ինձ երանելի թվաց, որովհետև իրենց գործերով ցույց էին տալիս, որ իրենց «մարմինների մեջ կրում են Հիսուսի մահը» (Բ Կորնթ. Դ 10): Քանի որ մեզնից յուրաքանչյուրի գաղտնիքները քողարկված են մնում, իմ պատկերացումներում համեստ հագուստը խոնարհության բավարար նշան էր, և կոպիտ թիկնոցը, գոտին ու անմշակ կաշվից ոտնամանները բավական համոզիչ էին ինձ համար: Շատերը փորձեցին ինձ հեռացնել այդ ճգնավորների աշխարհից, բայց ես չհանձնվեցի՝ տեսնելով, թե ինչպես են նրանք հրաժարման կյանքը նախապատվում մեղկության կյանքից: Ես նախանձում էի նրանց այդ արտասովոր ապրելակերպին: Աստծու գաղափարը, որ մանկուց ստացել էի իմ երանելի մորից ու մեծ մորից, պահել էի իմ մեջ, որպեսզի այն կարողանար ծիլեր արձակել: Ես այն չփոխանակեցի ուրիշներով, այլ լրացրեցի ինձ փոխանցված նախագիտությունը: Ծլարձակվող տունկը՝ սկզբում աննշան, մեծանում է, բայց նույնն է մնում՝ առանց փոխելու իր էությունը: Նույնպես և, ինձ թվում է, թե հավատն ինքը ծլարձակվում է աստիճանաբար՝ կյանքի առաջընթացին համաքայլ:

Aucun commentaire:

Enregistrer un commentaire

Սիրելի՛ այցելու, եթէ այս թեմայի առընչութեամբ Ձեզ մօտ առաջացան հարցեր, խնդրեմ, գրառեցէ՛ք այստեղ, որոնց սիրով կը պատասխանենք: