dimanche 6 mai 2012

ՆԵՐԲՈՂ ԱՍՏՎԱԾԸՆԿԱԼ ՍՈՒՐԲ ԽԱՉԻՆ

Սբ. Դավիթ Անհաղթ

    Մարգարեն ձայնում է. «Բարձրացրե՛ք մեր Տեր Աստծուն, երկրպագեցե՛ք նրա սուրբ ոտքերի պատվանդանին» [Սաղմ. 98, 5]: Ես նույնպես նույնն եմ քարոզում` Հոգու ազդմամբ ձայնելով: Որովհետև եթե այն սուրբ ու պատվական այրը, իբրև ճշմարտության օրինակ` Սիոն լեռը, մանավանդ այնտեղ լինելիք շնորհների մշտնջենավորությունը տեսավ` այն նմանեցնելով Աստծո ոտքերի պատվանդանի, և հորդորեց իսրայելյան ազգին` երկրպագել ու բաձրացնել Աստծուն, ապա նաև ինձ` անարժանիս, ոչ մի դատապարտոթյուն չի հասնի այժմյան խոսքերիս ստուգության պատճառով:
Երևումն Սուրբ Խաչի
    Քանի որ մեր առջև գտնվողը օրինակ չէ, այլ օրինակի ճշմարտություն, և ո՛չ խորհրդով պատվանդան միայն, այլ նաև տաճար, սեղան և աթոռ: Այս սրբությունն իսկապես Աստծո ոտքերի պատվանդան է, իսկ իմանալի սուրբ լեռը` դիտանոց. այդպես է թարգմանվում Սիոնը: Որի համար էլ սուրբ, կատարյալ հավատի բոլոր մանուկներին երկրպագության հորդոր ենք անում: Քանի որ ճշմարիտ աստվածօրհնությունն ու երկրպագությունն այս է. եղբայրնե՛ր, եկեք երկրպագե՛նք երիցս փափագելի ու քրիստոսազարդ այս սուրբ Նշանին: Քանի որ սա մեզ համար առիթ է` փոխվելու մահվանից կյանք. կյանք, որն անցավոր ու երկրավոր չէ, այլ անվախճան է, անճառելի ու անմատչելի: Որ առավել է, քան հրեշտակական բարերջանկությունը` ըստ Ավետարանի խոսքի: Քանզի սա մեզ մարմնի դյուրություններից և այն ամենից, ինչ աշխարհում կա, հետ է պահում առանց իղձի, և սա է մեր փրկության պատճառը այն ախտերից, որ հաստատվել են մեր հոգում:
    Արդ, մեր այսքան և այսպիսի բարիքների համար ինչպիսի՜գոհություն պիտի հայտնենք: Որքան մեր կարողությունն է, գովասանական երգերով միշտ խոնարհվելով` երկրպագե՛նք: Եվ երբ խոնարհվենք, հեռո՛ւ վանենք ծանր ու թմրեցնող ամեն մի խորհուրդ, հոգու հստակ տեսությամբ թեթևացած` արժանանանք երկնային խորհուրդի և դեպի բարձրագույնը բարձրանանք: Քանի որ ոչ թե փոքր բան կամ այդ տեսանելին է մեր առջև, այլ որ դրանով ու դրա մեջ մեծն ու հրաշալին է ծածկված, հիացնող ահավոր զորությունը: Քանի որ կրկնակի և ոչ թե մեկն է դրա զորությունը: Թեև հողից աճած բույսի տունկ` փայտ է երևում մեզ, սակայն նրա մեջ է այն, որ երկիրը, միաժամանակ նաև ամբողջ երկինքը կրելու զորություն ունի, որին մոտենալ կամեցողը հարկ է, որ հույժ մաքուր լինի: Քանի որ եթե երկնքի բուն Մաքրագույնի առջև սերովբեները թևերով երեսները ծածկած են կանգնում, ապա անարգներիցս և հողանյութներիցս որքա՜ն արժանավոր մաքրություն է պահանջվում:
    Սակայն ինձ փոքր չի թվում հիանալը անունների այլափոխությամբ, որ զանազանվում է չորս եղանակով` բնական, մասնավոր, ձևական և իմացական: Բնականն այն է, որ փայտը նույնանուն է ասվում, մասնավորն այն է, որ միայն իրեն է հատուկ, օրինակ` կիպարիս, ձևականը` որ խաչն իբրև սպանության գործիք է հաստատված, իսկ իմացականը` վեր, քան ամեն մի խոսք` աստվածախաչ է այն և կյանքի գործիք: Ո՞վ չի սքանչանա այս ասածներիս վրա, թե սպանման գործիքը միաժամանակ և կյանքի գործիք է: Սրա ձևը դեպի մահ է նայել տալիս, իսկ սրա զորությունը` դեպի կյանք: Որովհետև բնութենակից է այն տունկին, որով մահն է, թեև ոչ տեսակով, և կրում է այն տունկի զորությունը, որով կյանքն է, թեև ոչ բնությամբ: Քանի որ ճշմարիտ Կյանքը, մերձենալով սրան, վատթար զորությունը` մահը, փոխեց լավի` կյանքի, որովհետև կյանք է պարգևում այն ամենին, ինչին մոտենում է:
    Խավարի դեմ լույս ունեմ այդ, որով ճշմարտվում է Աստծո խաչ լինելը: Եվ աստվածախաչ անվանելով այդ, ո՛վ աստվածասերներ, մի՛ ամաչեք, քանի որ այն պարծանքների պարծանք է մեզ համար ըստ Պողոսի. «Ո՛վ Տիմոթեոս, ամոթ մի՛ համարիր վկայել մեր Տեր Հիսուսին, այլ մասնակի՛ց եղիր ավետարանելու Աստծո զորությունը, որ մեզ փրկեց» [Բ Տիմ. Ա 8]: «Որովհետև կորստյան մատնվածների համար խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ` փրկվածներիս համար` Աստծո զորություն» [Ա Կոր. Ա 18]: Եվ` «Ես ևս ամոթ չեմ համարում Աստծուն ավետարանելը, քանի որ այն Աստծո զորությունն է` ի փրկություն բոլոր հավատացյալների» [Հռ. Ա 16]: Ապա ուրեմն սա ոչ թե ամոթ է մեզ, այլ պարծանքների պարծանք, քանի որ մեր աստվածազոր փրկությունն է:
    Զվարթունը Տիրոջ գերեզմանի մոտ մարդկորեն խորհող տրտմած կանանց սփոփեց. «Փրկչի՞ն եք փնտրում, ո՛վ կանայք, խաչ ելածի՞ն, հարություն առավ» [Մարկ. ԺԶ 6]: Նրանցից, իբրև Աստծուն հույժ մերձ գտնվողներից ու վեհերից, մեզ պետք է ուսանել գիտություն և բարեպաշտություն` նրանցից օրինակ առնելով: Իսկ ո՞վ արդյոք առաքյալի պես սրան կասի զորություն աստվածային սուրբ զորությունից, քանզի հեթանոսները ոչ մի զորություն ճշմարիտ Աստծունը չեն համարում, նույնիսկ ձյան սառեցնելն ու կրակի այրելը, մինչդեռ միակ Ճշմարտի մեջ է ամենայն զորություն:
    Սա նշանն է Աստծո` մարդկանց հանդեպ սիրո. ինչպես աստվածային Գիրքն է ասում. «Աստված Իր` մեր հանդեպ սերը հայտնեց. մենք մեղավոր էինք, Քրիստոս մեզ համար մեռավ» [Հռոմ. Գ 8]: Եվ` «Աստված այնքան սիրեց մարդկանց, մինչև Իր Միածին Որդուն տվեց» [Հովհ. Գ 16]: Եվ՝ «Նրա` մեր նկատմամբ սերը նրանով երևաց, որ Իր անձը դրեց մեզ համար» [Եփես. Ե 2]: Եվ` «Ոչ ոք չունի այնպիսի սեր, որ իր անձը դնի իր բարեկամի համար, ինչպես որ ես եմ դնում իմ անձը» [Հովհ. ԺԵ 13],- վկայում է Տերը: Արդ, Նա, Ով Իր անձը դրեց, սրանո՛վ դրեց, սրա՛ վրա դրեց և տակավին սրա վրա է ու չի բաժանվում սրանից: Ուրեմն հիրավի, ինչպես ասվեց, Աստծո զորությունն է սա. թեև սրա վրա Գամվածը մարմնով իջեցվեց վրայից, սակայն Գամվածի զորությունը նաև այսօր է սրան միացած: Քանի որ ով հաճեց սրա վրա բնակվել, սրանից չբաժանվեց, այլ բնակվեց, բնակվում է և պիտի բնակվի:
    Այսուհետև արժանանա՛նք հաղորդվելու սրան` համբուրելով այն ոչ իբրև սոսկ խաչ, այլ իբրև նույն Իրեն` այստեղ գամված Աստծո ահավոր զորությունը: Որովհետև իսկապես այստեղ է Նա, որովհետև ով սրա վրա էր, այժմ էլ սրա վրա է և սրա վրա պիտի լինի մինչև հավիտյան: Եվ եթե Հնի ու օրինակի ժամանակ այսպես է ասում. «Այս է հանգստավայրն իմ հավիտյանս հավիտենից, սրա վրա պիտի բնակվեմ, որովհետև հավանեցի սա» [Սաղմ. ՃԼԱ 14], որքա՜ն ավելի Նորում և ճշմարիտում այսպես կլինի: Ասվում է. «Լեռը, որի վրա բարեհաճեց բնակվել Աստված, և Տերն իսկ բնակվելու է այնտեղ հավիտյան» [Սաղմ. ԿԷ 17]. այս խոսքը հեռու չէ իմ ասածից: Նույնը նաև սաղմոսի հաջորդ տողն է ցույց տալիս` անվանելով այն Աստծո կառք, որ ելավ բարձունքները` գերյալներին փրկելու. այն բնությունը, որ ոչ մի կառքի կարիք չուներ:
    Ասվում է, թե քառադեմ էր կառքը, այս կառքը նույնպես քառադեմ է` խաչակառք, որի վրա բարձրացավ Էմմանուելը և ստուգապես կառավարելով` ավար առավ գերվածներին: Սակայն չի ասվում, թե կառքը տեր չունի, այլ` որ Տերը սրա վրա է: Որպեսզի ցույց տա, թե Իր` երկինք ելնելուց հետո այս կառքը երբեք չդատարկվեց և թափուր չմնաց և հավիտյան թափուր չի մնալու, այլ լի և զեղուն ելնումով հավիտյան չի դատարկվելու: Որովհետև ո՛չ թե ժամանակավոր, այլ մշտնջենական պատարագին` սրա վրա Զոհաբերվածին է հավատում Եկեղեցին, ուստի Տիրոջից հրամայվեց զենման նույն խորհուրդը կատարել միշտ, անդադար, մինչև Նրա երկրորդ հայտնությունը:
    Ահա հարություն Առածի վրա մնում են մեխերի տեղերը, տեգի խոցվածքը: «Այդ ի՞նչ վերքեր են քո ձեռքերի մեջ» [Զաք. ԺԳ 6],- մարգարէի միջոցով հարցումին պատասխանում է. «Սրանք այն վերքերն են, որ ես ստացել եմ իմ սիրելիի տանը» [Զաք. ԺԳ 6]: Նաև Նրա` աշխարհ գալու մասին է ասվում. «Նայեցին, ում որ խոցեցին» [Յովհ. ԺԹ 37]. ուրիշ ի՞նչ, եթե ոչ այս սուրբ Պատարագի մշտնջենավորության ու հավիտենականության մասին է ասում այս խոսքը հավատացողներին: Քանի որ անմահ է հավաստի զոհը, անմահ է ու միշտ կենդանի: Քանի որ «Աստված Հոր մոտ է և առանց կասկածի մարդ է երկրում, և նույն` Աստված Հոր մոտ»: Եվ ինչպես որ ճշմարիտ Աստված է` անպարագրելի ու անբավ, որ մարմնով պարունակվեց Կույսի արգանդում և մարդկորեն ծնվեց. ըստ որում ծնողն Աստվածածին է, իսկ Ծնվածը` անպարագրելի ու անբավելի Աստված, այնպես էլ [հարկ] է Նրան համբույրով հաղորդվել և մարմնով Նրա մահվամբ մկրտվել:
    Որ այս խաչը Աստծո խաչ է, խաչ Ելածը` անմահ, անպարագրելի ու անբավ Աստված, ոչ մի տարակույս չկա: Քանի որ եթե առժամանակյա և ոչ անմահ զոհ պատարագվեր այստեղ, ապա ժամանակավոր կլիներ նաև Նրա` խաչ ելնելը: Ապա ուրեմն ճշմարտապես անմահի պատարագ, զոհի զոհաբերման տեղ և սեղան է այն: Եվ ո՞ւր արդյոք, եթե ոչ սրա վրա է Նա, Ում ահից դողում են երևելիներն ու աներևույթները, սարսափած փախչում են դևերն ու խավարի բոլոր իշխանությունները: Այսուհետև հոգու` իբրև մարմնի աչքերով հայտնապես տեսնելով` հավատացի. իբրև թե հենց այժմ Հոր Միածինը սրա վրա բազկատարած մեխված երևաց: Կարծես տակավին փրկական սուրբ արյան ցողը կենարար կողից մեր աչքերի առջև ցայտելով` աներևույթ հրաշքով փրկագործում է բանական հողը:
    Սակայն դեռևս ամեն ինչ չէ, որ տեսնում ենք հնազանդված Նրան, «Ով ամեն բան հնազանդեցրեց գործով» [Եբր. Բ 8]: Ուրեմն «մինչև ամեն բան լրվի» ասելով` հնազանդություն պետք է իմանալ, ուրեմն և` փրկություն: Եվ փրկություն ասելով` ամենքի փրկագործությունը, ինչպես գաղատացիներին ասաց. «Ձեր աչքերի առաջ Հիսուս Քրիստոս նկարագրվեց խաչը ելած» [Գաղ. Գ 1]: Դուք, որ չեք կամենում հետևել խաչին, այլ կերպ եք խորհում, քանի որ ուր խաչն է, այնտեղ է Խաչվածը, իսկ ուր խաչն ու Խաչվածն են, այնտեղ էլ խաչելությունն է:
    Արդ, եթե խաչելության մասին լսողը և հավատացողը ականատես է ասվում, ուրեմն ուր ականատեսի խաչն է, ինչպե՞ս նրա առջև չի լինի խաչելությունը նույն հավատով: Արդ, ուրեմն խաչ ասելով` այստեղ Գողգոթա ենք հասկանում, Գողգոթա ասելով` խաչելություն, խաչելություն ասելով` զոհաբերություն ենք հասկանում, իսկ սրանով` փրկագործություն: Գողգոթա-գագաթը կառափնատեղին է, և այնտեղ է թաղված առաջին մարդը: Եվ ամեն բան այնտեղ է, քանզի գագաթը ցույց է տալիս սրա բարձրությունը, և կառափնատեղին` սրա ձևը, դրա հետ միասին` նաև թաղումը, քանզի փայտով վիրավորված Ադամը նրանով իսկ ընկնելով` մեռավ: Եվ երկնային Ադամը, գթասիրաբար կամենալով նորագործել այստեղ թաղված ծառայի և նախահօր փրկությունը, հավիտենական արդարությունը բերեց` նման մարմնով լուծելով նրա մեղքը և մարմնով ճաշակելով մահը` սպանեց նրա մահը և Գողգոթա անվանվածը երկինքներից վեր բարձրացրեց:
    Եվ մեղքի պատճառ անսուրբ փայտը փրկության պատճառի ու սրբություն սրբոցի, սպանման տեղը` կենագործման տեղի, թաղումը` սքանչելի հարության փոխարկեց: Եվ փրկութեամբ մեղքի պատճառը վերացրեց, այն երկինքների երկինք ու փառքի աթոռ դարձրեց և հավիտյան այնտեղ բնակվեց: Սրա պատիվը արդարապես ճանաչելը հավատն է հանդերձեալի նկատմամբ: Իրենց բարեպաշտությունը ցույց տալու համար աստվածասեր թագավորներն ու մեծահարուստները, կամենալով զարմանալի ցույց տալ սրա պատիվը և որպեսզի մանկամիտ մարդկանց ձգեն` փափագելու այն, թանկագին քարերով զարդարեցին ու գեղեցկացրին այն` սրա պատիվը սոսկալի ու զարհուրելի ցույց տալով: Մինչդեռ սա գերագույն, աստվածային, երկնային փառքով է զարդարված և սպասավորվում ու պաշտվում է հրեշտակների յոթնարփյան դասերի կողմից, որոնք իրենց Տիրոջն են տեսնում սրա վրայ: Այն բազմաչյա սերովբեներով ու վեցթևյան քերովբեներով է է շրջապատված, որոնք իմանալի ձայներով անդադար երեքսրբյան սրբասացությունն են երգում սրա վրա բարձրացած Աստծուն: Քանզի բոլոր աներևույթներից հավատի հաստատուն նշան երևեցնող օրինակ է, Աստուծո ամենիմաստ առաջնորդ: Հին Օրենքի խորանում քերովբեներն Աստծո հրամանով պատվում էին քավության սեղանը և հովանի էին լինում նրան, որի վրայ անբան ողջակեզների արյունն էր հեղվում: Այնտեղ նախապես ակներև օրինակով սրա՛ պատիվը ցույց տրվեց:
    Երկնայինների սեղան այս խաչը երկրավորներիս կողմից խոստովանվում է ճշմարիտ քավարան: Եվ այս սեղան-խաչի եղջյուրները երկնային սուրբ Գառի` Աստծո Որդու դաստակների մեխերի փորվածքներից հոսած արյունից կարմիր ներկվեցին: Եվ մենք` երկրավորներս, սրա վրա այսպիսի փրկության համար մեր աղքատիկ խոսքով կցորդվելով մաքրագույն երջանիկ հոգիներին, մեր փրկության համար գովասանք հատուցենք այս փառավորեալ աստվածազոր սուրբ նշանին:
    Օրհնյա՛լ ես, աստվածազարդ քրիստոսապսակ սուրբ փա՛յտ, որ միակն ես անշունչների և շնչավորների, կենդանիների ու անկենդանների մեջ, որ անճառելի շնորհի հասնելով` փառավորվեցիր, որի համար էլ բանական էակներիս կամավոր երկրպագությունն ես պահանջում:
    Օրհնյա՛լ ես, քրիստոսապսակ սուրբ փա՛յտ, որ երկրի վրա բուսած լինելով` քեզ վրա իբրև պտուղ կրեցիր Անկրելիին և գերագույն երկինքների կամարների ծայրերը բարձրացար, լցրեցիր երկինքն իսկ, համայն երկնքի ու երկրի խորքերը, որ ծաղկեցիր իսրայելյան ազգի մեջ, և քո Պտղով լցվեց համայն տիեզերքը:
    Օրհնյա՛լ ես, աստվածազարդ սուրբ փա՛յտ, որ բուսելով երկրում` մեզ մոտեցրիր Եդեմում գտնվող և քերովբեների ու սերովբեների բոցեղեն սրերով շրջափակված փայտը և մահվան իշխանության տակ ընկածներիս համար ձրի կենդանություն ծաղկեցնելով` կյանքի փայտ դարձար:
    Օրհնյա՛լ ես, սո՛ւրբ փայտ, քանզի ինչպես առաջին փայտն իր գեղեցիկ ու քաղցր պտղով մահվան առիթ եղավ` հրապուրելով ադամածին կույսին, Կույսից ծնված [նոր] Ադամը քեզ վրա դառնություն ճաշակելով` կյանք պարգևեց մարդկանց:
    Օրհնյա՛լ ես, սո՛ւրբ փայտ, որ մեր գլորված նախահորը բարձրացնող ցուպ և հաստատող գավազան եղար: Որի համար էլ մարգարեն նրա անունով գոհության խոսքեր է ասում Փրկողին. «Քո ցուպն ու գավազանը կմխիթարեն ինձ» [Սաղմ. ԻԲ 4]: Իմաստունը նույնպես, իր հոգու աչքերը նրան հառելով, ասում է. «Կենաց փայտ է նրանց համար, ովքեր ապավինում են նրան և վստահութեամբ հենվում նրա վրա» [Առ. Գ 18]:
    Օրհնյա՛լ ես, կենա՛ց փայտ, իմանալի տապա՛ն, որ այս կենցաղի խեղդող ծովի ծփացող ալիքների միջից քեզ ապավինած հոգիներին թեթևորեն դեպի երկինք ես բարձրացնում` բաց ունենալով Քո վերնատան դուռը` սուրբ և տերունական կողը, որի վրա Տերդ արձակված հրեշտակի` շյուղաբեր աղավնու փոխարեն բացված իմանալի ձեղունով մարդկային սուրբ բանական հոգին Հորը ավանդեցիր բարբառովդ, որը ձիթենու ճյուղը` որդեգրության պայմանն առած` բերում է մարդկային ազգին:
    Օրհնյա՛լ ես, աստվածազարդ սուրբ փա՛յտ, ճշմարիտ տո՛ւնկ, որ քեզնից կախված գառով ոչ միայն Իսահակը, այլ Ադամի բոլոր ծնունդները փրկվեցին մահից:
    Օրհնյա՛լ ես, կենա՛ց փայտ, դեպի երկինք տանող իմանալի սանդո՛ւղք, որով զվարթունների դասերը մշտապես երկիր են իջնում ու ելնում, և Տերը քեզ վրա հաստատվեց, որը Հակոբը հեռվից տեսավ ու հրաշքից սոսկալով` Քո տեղը երկնքի դուռ, իսկ Բեթելը Աստծո տուն անվանեց:
    Օրհնյա՛լ ես, սո՛ւրբ փայտ, որ քո խորհրդով Եգիպտոսում մորթված գառնուկների արյունով պատած դռներով, որպես դեպի երկինք տանող մուտքով, իբրև օրինակ տիեզերքի անդրանկի` Ադամի, փրկվեցին Իսրայելի անդրանիկները: Որից հոգիներն [առավել] քան մարմինները վերցնելով` ողորմեցիր [և դարձրիր] դեպի Քո ժառանգությունը, ուր կաթ ու մեղր է բխում:
    Օրհնյա՛լ ես, սո՛ւրբ փայտ, որ քո խորհրդով [Մովսեսը] ջրից վերցված գավազանով ջրերին հարվածելով` փոխեց դրանց բնույթը և կարծրացրեց դրանք, և ժայռին հարվածելով` հոսեցրեց այն, և բազուկներն իբրև խաչ տարածելով` մարտում հաղթեց Բելիարին:
    Օրհնյա՛լ ես, սո՛ւրբ փայտ, ամպանման սյուն, որ անտանելի լույսին ու հրին քեզ վրա կրելով` քեզ հետևողներիս մշտապես դեպի երկնային քաղաք ես առաջնորդում և լուսավորված պահում:
    Օրհնյա՛լ ես, սո՛ւրբ փայտ, իմանալի տապանա՛կ, երկնային մանանայով լցված ոսկյա սափոր, հրաշաբեր գավազան` ծաղկով պայծառացած: Միաժամանակ և իրար հարմարեցված երկու տախտակ, քեզ վրա դրոշմվեց անճառելի Բան Աստված, և դու քեզ վրա վերցնելով` կրեցիր Աստվածութեամբ միավորված տերունական սուրբ մարմինը:
    Օրհնյա՛լ ես, սո՛ւրբ փայտ, իմանալի քարեղեն և քառանկյուն տախտա՛կ, որի վրա ոչ թե մատներով տասնաբանյան դրոշմեց Աստված, այլ Սինայի փոխարեն Սիոնից Ինքը` անպարագրելի Աստված, ամբողջ աշխարհին շնորհեց ճշմարիտ աստվածաճանաչողությունը:
    Օրհնյա՛լ ես, սո՛ւրբ փայտ, իմանալի գավազա՛ն, որ չոր լինելով` նույն պահին դալարեց ոչ թե արքայական կաղնին, այլ ամենքի Թագավորը, որ անթառամ և երկնային ծաղիկ ծաղկեցրիր, և ոչ միայն այս, այն նաև փրկական ջրի ու արյան կենդանի աղբյուր բխեց քո ծայրից, որով լցվեց ամբողջ տիեզերքը:
    Օրհնյա՛լ ես, սո՛ւրբ փայտ, քեզ Հիսուս Ինքը Իր վրա վերցրեց, որպեսզի մինչև արեգակի մայր մտնելն իսպառ սպանի թագավորող մեղքը, և կախվեց քեզնից` թևավորիցդ, որին գիրը երկճյուղ է անվանում:
    Օրհնյա՛լ ես, սո՛ւրբ փայտ, որ Հաելի փոխարեն Կույսի Որդին քեզ վրա մեխեց ծնոտը, որով [առաջին մարդը] ճաշակել էր դառնությունն ու մահը, որին զգետնելով` սպանեց:
    Օրհնյա՛լ ես, սո՛ւրբ փայտ, որ այս կյանքի հորձանուտի մեջ պտտվողներիս կարթի նման բռնելով` մահվանից կյանքի ձգեցիր, որ իմանալի վիշապին կորցնող կարթ եղար` նրա քիմքի մեջ ընկնելով:
    Օրհնյա՛լ ես, սո՛ւրբ փայտ, իմանալի աշտանա՛կ` ամեն մի ոսկուց պատվական, որ իմանալի Լույսին քեզ վրա ունենալով` յոթ ճառագայթների փայլմամբ աշխարհի լույս եղար:
    Օրհնյա՛լ ես, սո՛ւրբ փայտ, որ սեղան եղար հրեղեն հացին, որին բարձրացնելու համար սերովբեն ունելիի կարիք ուներ:
    Օրհնյա՛լ ես, սո՛ւրբ փայտ, որ վերագույն մորենու` Կույսի մեջ բնավորվեցիր հրաշքով: Եվ նրա մարմինն ու զգայարանները դիմացան հրին` հրաշալի ցամաքություն հանդես բերելով. այն հյութի և դալարագեղ թփի դիմանալը աննյութական հրին պատկառանքի ու զարմանքի տեղիք է տալիս: Իսկ քո հույժ դյուրակեզ չորությունը իմանալի բորբոքուն քուրայից հրագույնն առավ, հրախառն սուրբ արյան հոսմամբ իջավ քեզ վրա, իսկ դու անկեզ պահվեցիր, առավել բարձր ես հրաշքից: Որի համար և նա` Կույսը, ով իր որովայնում կրեց այդ հուրը, կամավորապես քեզ երկրպագեց: Քանզի անտանելի, արյունոտ հրի ահավորությունից այն ժամանակ բոլոր տարերքները, միաժամանակ նաև երկիրն իր վրա գտնվողներով հանդերձ, երկինքը և նրանք, որ երկնքում են` հրեշտակները, սասանվեցին, մինչև իսկ կքակտվեին, եթե չնայեին, չկրեին ամեն բան կրող Հրին:
    Լուսինը, ավելի ցած գտնվելով, ներքևում գտնվողներին երևութապես իր արյունը բերեց, իսկ Անփոփոխի անվանակիրը` արեգակը, իմանալի ծայրագույն պատվով հնար մտածեց չբերել իր հուրն ու լույսը, նա պատկառանքի քող գցեց, որովհետև ճշմարտությունը թագավորելու ժամանակ պիտի լռի ամեն մի կարծեցյալ զորություն, որ հույժ համբավված է այս աշխարհում:
    Ո՜վ փայտի շնչի հրաշք. իսկ դու Լիբանանից մի ձողիկ, չոր փայտ կրելով ամենը` արյունը, հուրն ու լույսը, և նույնությամբ ամբողջ պահելով, ելքդ, փա՛յտ, մի կողմ չդրեցիր:
    Ո՜վ հրաշք, երկնքում անմարմնասեր լուսատուն` արյուն, երկրավոր և մարմնասեր արյունը քեզ վրա` լույս և հուր, որ նշանակում է Աստվածությունը` երկրում, և մարդիկ` երկնքում, և հրի ու արյան` երկնքի` երկիր փոխադրության այս ահավոր հրաշքը նախապես ցույց տվեցիր մարգարեին:
    Ո՜վ հրաշք, երկնային հուրն ի վերուստ նայելով քեզ` ցայտող հրալից արյունիդ, կիզվելով հանգավ: Իսկ դու, փոքր-ինչ խռիվ չոր փայտ, քեզ վրա նույն հուրն ընդունելով` անկեզ մնացիր:
    Ո՜վ հրաշք, այդ ահավոր հրիդ երևույթից հաստակառույց երկիրը հիմքից սասանվեց դղրդալով, իսկ արձագանքը, ճեղքելով ժայռերը, պատռեց դրանք: Իսկ դու տունկի մի ճյուղ, չոր փայտ, մանավանդ եղեգի մի ծիղ, առանց ջախջախվելու ու անսասան մնացիր, հույժ բյուրապատիկ առավել ես հրաշքից:
    Օրհնյա՛լ ես, սուրբ փայտ, իմանալի հնձան, քանի որ քեզ վրա երկնային ողկույզը ճզմվեց, Նա, ով մեր կյանքի թշնամուն հնձանի պես կոխկռտեց և նրա մաղձը դուրս թափեց:
    Օրհնյա՛լ ես, սուրբ փայտ, իմանալի կամուրջ, որ մարդկանց մահվանից դեպի կյանք անցկացրիր:
    Օրհնյա՛լ ես, սուրբ փայտ, իմանալի մագաղաթ, քանզի քեզ վրա անջնջելիորեն գրվեց մեր ազատության ու որդեգրության կտակը, ոչ թե թանաքով ու  մատներով, այլ որ անպատմելի է` Աստծո Որդու արյունով:
    Օրհնյա՛լ ես, սուրբ փայտ, կենարար սուրբ Հովվի իմանալի գավազան, քանի որ քեզնով ընտրվելով են զատվում Եկեղեցու անարատ գառները` ապականողից աներկյուղ, գազանից ապահով, ճակատին արված նշանով ազատվելով ապագա օրից և աստվածային բարկության սրից:
    Օրհնյա՛լ ես, սուրբ փայտ, անձայն բարեխօ՛ս, հրեշտակների նախատի՛պ, սրբություն Տիրոջ իմանալի փառքի՝ Եկեղեցու փառք, առաքեալների պարծանք, մարգարեների հանդիսադիր, մարտիրոսների պսակ, քահանաների շնորհաբաշխություն, վարդապետների հավատի սահման, թագավորների հաղթանակ, իշխաների քաջության հույս, քրիստոսասեր զորքերի առաջապահ, առաջամարտիկների քաջալերություն, նահատակների զորավիգ, վտանգվածների օգնական, պարտվածների ապավեն, հալածվողների ապաստան, փախչողների պատսպարան, շվարածների խաղաղարար, նեղվածների լիացուցիչ, վշտացողների մխիթարություն, ցնծացողների գոհություն, մեծատուններին զգաստացնող, աղքատների անկողոպտելի գանձ, անզգամների զգաստություն, անկարգների խրատ, երիտասարդների պահապան, մանուկների դաստիարակ, ծերերի ժողովարան, ճանապարհորդողների առաջնորդ, հոգնածների հանգիստ, նավողների նավահանգիստ, մոլորվածների դարձ, տառապողների ապավեն հարկ, այրիներին հոգ տանող, որբերին խնամող, միայնացածների պարիսպ, ճգնավորների ժուժկալություն, ապաշխարողների իղձ, հիվանդացածների բժշկություն, դևերին սարսափեցնող, հավատացյալների անձեռակերտ զենք, մեղավորների քավարան, անմեղների պահապան, ողջերի փրկարան, մեռածների հիշատակի հույս:
    Արդ, ամեն բանով ամեն բանում օրհնյա՛լ ես, սո՛ւրբ փայտ, որ ամենի նորոգման ժամանակ, երբ ամեն բան հրով փոփոխվի, երբ ավարտվի այն ահեղ, մեծ ու երևելի Օրը, ուշացող Փեսայի երևալու ժամանակ` վերջին գիշերը, դու երկնայինների առջևից ընթացող կարապետ և հրավիրակ, ավետիսը կբերես երկնավոր Թագավորի գալստյան: Այնժամ անմատույց լույսով լուսավորելով աշխարհի չորս ծագերը` ճառագայթարձակ կծագես արևելքից` իսպառ լռեցնելով լուսատուների կարծեցեալ ճաճանչները: Անտանելի փառքի լույսն այնժամ քեզ վրա կերևա` ի հանդիմանություն անհավատների և ի պարծանք հավատացյալների, ի դատապարտություն անսուրբների և ի գովություն բարեգործների: Եվ հարություն առած սուրբերին Քրիստոսով կենդանիների` Փեսայի լուսազգեստ բարեկամների հետ միասին հարսանեաց հանդես կհրավիրես: Իսկ մոլորվածների ու ծույլերի համար, որոնք չեն երկրպագում քեզ, անլույս ու հարակեզ հնոց կդարձնես հուրը, որով աջ ու ձախ կողմերի պիտի բաժանվեն: Եվ երբ ամեն ոք, ով մաքրութեամբ իրեն արժանի դարձրեց, պսակվի, և նա, ով անփույթ գտնվեց իր փրկության նկատմամբ, օգնության կարիք ունենա, երբ կհասկանան, որ Համագոյակցի` ամենքի Հորը հնազանդվելը Որդու մարդեղությունն է քեզ վրա հնազանդվելու չափ, Աստված կլինի ամեն բան ամեն բանում:
    Երբ ամեն բան ավարտվի, այնժամ բոլորի կողմից պիտի խոստովանվես փրկության մեն միակ գործիք` քրիստոնյաների պարծանքի և Քրիստոսի փառքի համար: Այստեղ մեր Տիրոջ և Փրկչի` Հիսուս Քրիստոսի այս պայծառացյալ ու պատվական սուրբ նշանով ավարտում եմ խոսքս. Նրան փառք հավիտյանս. ամեն:

Aucun commentaire:

Enregistrer un commentaire

Սիրելի՛ այցելու, եթէ այս թեմայի առընչութեամբ Ձեզ մօտ առաջացան հարցեր, խնդրեմ, գրառեցէ՛ք այստեղ, որոնց սիրով կը պատասխանենք: