lundi 26 mars 2012

ԹՈՒՂԹ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սբ. Հովհան Մանդակունի


Զղջում
    Բժիշկների դեղերն ու [բույսերի] արմատները առողջացնում են մարմնի ցավերը, իսկ ապաշխարության արտասուքները բժշկում են հոգու մեղքերի վերքերը, մանավանդ, երբ ապաշխարում են ողորմությամբ և տնանկներին գթալով: Քանզի բժիշկների դեղերին խառնված շատ արմատներ կան, որոնք դադարեցնում են հիվանդությունները, բայց կա [մի բան], որ առավել ազդեցիկ է ցավերը փարատելու համար: Այդպես նաեւ սրա` ապաշխարության դեղերի մեջ մեղքերը մաքրելու համար բազում ճգնություններ կան, բայց մեղքերը քավելու և վերքերը բժշկելու համար ամենակարեւորն ու ամենաազդեցիկը բոլոր առաքինությունների մեջ ողորմությունն է. [ողորմությունը] ողբերի, հառաչանքների ու գթագին արտասուքների հետ. չհապաղե՛նք դրանցից, շտապե՛նք ապաշխարությամբ դառնալ մեղքերից և մեր ունեցվածքից ողորմություն տալը չթողնենք վաղվա օրվան: Որովհետեւ գող է այն օրը, հափշտակող է վախճանի օրը, անտեսանելի է այս աշխարհից ելքը, հանկարծահաս է ու ստիպող, չի թողնում աղաչել ու խնդրել, լաց լինել ու ողբալ, ողորմություն տալ ու ապաշխարել: Բռնում է որոգայթի պես, հափշտակում է առյուծի նման և առանց ողորմելու գերեվարում է` որպես գերու: Հառաչում ես արտասվելով ու հեծեծում ես ողբալով, բայց օգուտ չես գտնում: Որովհետեւ ժամ առ ժամ [հապաղելով]` կորցրիր ապաշխարությանդ ժամանակը, որով կարող էիր թեթեւացնել մեղքերիդ բեռներն ու մաքրել անօրինություններիդ տիղմը, արդարներին երամակից, երկնավոր Հոր որդի և անանց բարիքների ժառանգորդ լինել:
    Եվ այժմ կա՛մ ըղձալի փափկության փափագով և կա՛մ ահավոր տանջանքների սպառնալիքների [սարսափով]` շտապե՛նք ապաշխարել: Բեռների վրա բեռներ չկապե՛նք ու ցավերի վրա ցավ չավելացնե՛նք: Թող մեզ չխաբի սատանան, թէ` երկար է այս կյանքը, թող մեզ պատրանքի մեջ չգցի երիտասարդության օրերին՝ [ներշնչելով], թե` ծերության ժամանակ կապաշխարենք: Չսպասե՛նք աններելի վախճանին և անողորմ պահանջողներին, անվաստակ չծուլանա՛նք ու անվարձ չգնա՛նք: Այլ քավե՛նք մեր հանցանքները և ապաշխարե՛նք մեր մեղքերը, նախանձողնե՛ր լինենք քաջերի քաջությանն ու առաքինիների առաքինությանը, որոնց սրտերը սրբված են, իսկ մտքերը` լուսավորված, որոնք ամեղ են մեղքերից և անարատ են անօրինություններից, որոնք մշտապես վերինն են խորհում ու հանապազ երկնայինի մասին են հոգում, որոնք հողեղեն մարմին ունեն և հրեշտակային կենցաղավարություն, որոնք կարիք չունեն վարդապետական գրքերի և ուղեցույց օրինակների, որովհետեւ գրքերից առավել է նրանց մտքի ուղղությունն ու վարքի առաքինությունը: Եվ արդ, եթե միմյանց հետ համեմատենք մեր ու մեր երանելի նախնիների գործերը, կտեսնենք մեր վատթարությունն ու առաջին սուրբերի քաջությունը: Նրանք իրենց անձերը նվիրեցին Քրիստոսի սիրո համար, արհամարհեցին իրենց ունեցվածքն ու հայրենիքը: Աստվածապաշտության համար նրանք թողեցին իրենց ծնողներին, կանանց և զավակներին, միայն թե չզրկվեն Աստծուց: Իսկ մենք, որ մեզ մի բան ենք կարծում, այդպիսին չենք. այլ մեր մարմնի հանգստության համար անում ենք ամեն ինչ. հարստանում ենք, մեր սիրած բաներն ավելի բարձր ենք համարում, քան Աստծու պատվիրանները: Եվ ի՞նչն ենք սիրելի համարում. այգու որթատունկն ու բանջարանոցի բույսերը, պարտեզի ծառերը, գինու կարասն ու չնչին անոթներն առավել հարգի ու պատվական ենք համարում, քան Աստծու սերը: Նրանք հալածվում էին, քարշ էին տրվում, նախատվում էին, բանտերի ու կապանքների էին մատնվում Քրիստոսի համար, իսկ մենք Քրիստոսի համար ո՛չ նախատինքներն են տանում, ո՛չ թշնամիների խոսքերին ենք համբերում և ո՛չ էլ եղբոր զայրույթն ենք հանգցնում քաղցրությամբ, այլ ավելի ենք գազանանում նրա դեմ: Դարձյալ` Քրիստոսի համար ժուժկալության կապանքներով չենք կապում մարմնական ոչ մի ցանկություն, Քրիստոսի համար մեր տան մեջ իսկ մեկ ամբողջ օր չենք բանտարկվում, ո՛չ արտասուքներով հանգցնում ենք մեղքերի բոցը և ո՛չ ժուժկալությամբ, իբրեւ երկաթե եղունգներով, մեզնից քերում ենք մեր անօրինության թարախը: Նրանք [իրենց] թշնամիներին էին սիրում, մենք [մեր] բարեկամներին էլ ենք ատում, նրանք իրենց հալածողներին էին օրհնում, իսկ մենք մեր բարերարներին ենք բամբասում, նրանք իրենց հայրերից ստացած ունեցվածքն էին բաժանում, իսկ մենք ջանում ենք ձեռք բերել, ինչ որ չունենք: Նրանք այս երկրավորից երկինք փոխվեցին` հրեշտակական կրոնավորությամբ կենցաղավարելով, իսկ մենք երկնավոր կենցաղավարությունից երկիր ընկանք և սանդարամետական եղանք: Նրանք, կատարելով Քրիստոսի պատվիրանները, իրենց մեջ Աստծուն բնակեցրին, իսկ մենք, զանց առնելով Նրա պատվիրանները, բանսարկու սատանայի բնակատեղի եղանք: Քանի որ ամբողջովին սանձակոտոր եղանք դաշտում, քաղցր լուծը հեռու նետեցինք մեր պարանոցից, թեթև բեռը սասանեցրինք մեր թիկունքից ու ամեհաբար ենք շրջում երկրում: Ո՜վ մեծ աղետ, ո՜վ վշտալի տարակուսանք, քանզի հեռու ենք ուղիղ ընթացքից և զուրկ ենք առաքինի վարքից, շեղված ենք թշնամու որոգայթներով ու շաղախված ենք հանցանքների տիղմով: Կարոտ ենք խրատի, վարդապետության և ուղեցույց օրինակների. թերեւս երկյուղենք ահավոր հրի սաստիկ սպառնալիքից ու իմանանք տարացույց օրինակների աղետներից, մարմնականով հոգեւորը ճանաչենք և երեւացողներով աներեւույթն իմանանք, ահեղ տանջանքների ահով ու անանց բարիքների փափագով զղջանք: Հոգու վերքերի ցավերի վրա ապաշխարելու համար պետք է օրինակ վերցնել մարմնական հիվանդությունների ցավերը, թե ինչպես է անձը մշտապես ցավագին ողբում մարմնի ցավերի նեղությունների համար, հանապազ դառնորեն լաց լինում ժամանակավոր հիվանդությունների սաստկացման համար, ահավոր աղետների տարակուսանքից հառաչում, անդադար հեծեծում, և նրա պաղատանքների ու վայերի ձայնը շարժում է [անգամ] անողորմների գութը:
    Քանզի ցավերի նեղության սաստկությունից ո՛չ բերկրում է սիրելիների սիրով, ո՛չ զայրանում է ատելիների թշնամանքից, ո՛չ հիշում է կյանքի փափկությունը և ո՛չ մտաբերում գեղեցկության վայելչությունը. տառապալից ցավերի պատճառով անտեսում ուրանում է այս աշխարհի ամբողջ պատիվն ու պայծառությունը: Այլ մշտապես սգում, արտասվում է և ողբագին պաղատում, միայն վշտերի նեղությունների համար է վշտագին պաղատում, որի պատճառով նրա մերձավորներից շատերը, նրան խղճալով, արտասվում են և շտապում են բժիշկներ ու դեղեր փնտրել` միառժամանակ ցավերը փարատելու համար, և ցավի պատճառած տագնապները փարատելու համար բժիշկներին վարձ են խոստանում ու դեղեր գնում:
    Այս բոլոր նեղությունները լինում են այս ապականացու մարմնի համար, որը թեև բժշկվում է, սակայն պետք է մեռնի: Իսկ ի՞նչ անենք գեհենի ահավոր կրակի մշտնջենավոր ցավերի համար, որ պատրաստ պահվում է մեր բազում վերքերով պատված հոգիների համար, որոնք միշտ հիվանդացել են մեղքերի մեջ և անբժշկելիորեն ընկել հանցանքների մահիճը. մեր մեղքերի անօրինությունները հանապազ խոցոտում ու վիրավորում են մեզ, մեր աղետների ցավերի տառապանքները առավել սաստիկ են չարչարում մեզ: Եվ չենք հառաչում, հեծեծում և հանապազ Աստծուն պաղատում, չենք ողբում մեր մեղքերի ցավերը, չենք լվանում մեր հանցանքների վերքերը և անդադար լաց լինելով` չենք արտասվում մեր անօրինությունների ու մշտնջենավոր տանջանքների արհավիրքների համար, այլ հանապազ վերքեր ենք ավելացնում և ապաշխարության սպեղանիով չենք դարմանում, ո՛չ բժիշկներ ենք փնտրում, ո՛չ դեղեր որոնում, ո՛չ մեր ունեցվածքն ենք ծախում, ո՛չ վարձ ենք խոստանում ծանր վերքերի և անօրինության սաստիկ ախտերի բժշկության համար, երբ ցավերի մեջ են ոչ միայն մեր աղիներն ու որովայնը, այլ մեղքերի վերքերի մեջ է մեր ամբողջ մարմինը: Մեր աչքերը վերքերի մեջ են` անպարկեշտ նայվածքով այսուայն կողմ դեգերելով, մեր ականջները ցավերի մեջ են` անվայելը ախորժելով, մեր լեզուները ցավերի մեջ են բամբասանքով ու երդմամբ, մեր սրտերը` չար ցանկությամբ ու պիղծ խորհուրդներով են ցավերի մեջ, մեր ձեռքերը` հափշտակելով ու զրկելով, մեր ոտքերը` թատերական խաղերի ու անպարկեշտ տեղեր գնալով. մեր ամբողջ մարմինը ջրգողել է մեղքերով և այտուցվել անօրինությամբ: Եվ այսպես, ցավերի ու մեղքերի վշտերի մեջ ենք մեր բոլոր անդամներով, չենք մոտենում հոգիների բժշկներին և չենք խնդրում ապաշխարության դեղ, չարչարվում ենք մեղքերի ախտերից ու ապաշխարության արտասուքներով չենք բժշկվում: Ո՛չ ողբով սրբում ենք մեղքերի դառը թարախը և ո՛չ արտասուքով լվանում ենք չար նեխածության փտությունը. եթե աղոթքներով, պահքով ու ողորմությամբ այստեղ չբժշկենք դրանք, այնտեղ մեր առջեւ է ահեղ հուրը և գեհենի բորբոքուն, անշեջ բոցը, պատրաստ են ու սպասում են հրահոսանք հրեղեն գետերը և խավարով լի, մութ տարտարոսները, դառը դահիճներն ու անողորմ չարչարանքները, աղետների բազում տառապանքները և աններելի տանջանքների ահագին արհավիրքները, որոնք պահվում են ահեղ դատաստանի մեծ Օրվա համար:
    Եվ արդ, մեզ սպասում են այս ամենը, իսկ մենք աներկյուղ զվարճանում, փափկանում ու մեղանչում ենք, ամբողջովին երկրավոր [կյանքի] մեջ թաղված` անհոգաբար անում ենք ամեն ինչ. ուտում ենք, խմում, անհոգաբար քնում, կուտակում ենք անմահների ու մշտնջենավորների պես և երբեք չենք մտաբերում այն Օրը. ո՛չ դատաստանի արհավիրքներն ենք հիշում և ո՛չ հավիտենական դառը ամոթը: Ամենևին չենք հիշում նաև, թե ինչ ենք կրելու մահվանից հետո, մեծ զգուշությամբ ու հանապազ երկյուղելով չենք մտաբերում պատերազմը ամենահնար սատանայի, որ անդադար գաղտնի մարտնչում է [մեզ հետ] և հարաժամ աներևույթ վիրավորում մեզ: Չենք զգում և չենք զգուշանում նրա դժնդակ նետերից, կարեվեր հարվածներից, այլ անհոգաբար վայելում ենք մեր ցանկությունները և առանց երկյուղելու հանգստանում: Այնպիսի ծուլությամբ ու անհոգությամբ ենք ապրում, կարծես ո՛չ տանջանք կա, ո՛չ գեհեն, ո՛չ ահավոր Դատավոր, ո՛չ անողորմ դատաստաններ, ո՛չ գործերի քննություն, և ո՛չ էլ հաշիվ պիտի պահանջվի մեր խորհուրդների, մեր վարքի ու դատարկ խոսքերի համար:
    Եվ այս ամբողջ ծուլությունը սատանայի չար հնարներից է [առաջ գալիս]. նա մեզ հետ է ընթանում մեր ամբողջ կյանքում ու մահվան որոգայթ է դնում այնտեղ: Որովհետև սատանան ոչ միայն չարիքով է չարչարում, այլ նաև ուղիղ վարքն է դեպի չարություն դարձնում, և երբ մարդուն տեսնում է բարի գործերի մեջ, նրա առջև մահվան որոգայթ է դնում: Ինչը որ փոքր ես համարում և չես շտապում ապաշխարել, նրանո՛վ էլ կորստյան է մատնում. քանզի կորստյան է մատնում [պահք] պահողին կեղծավորությամբ և ցուցադրաբար ճգնել [տալով], աղոթականին` Աստծու առջեւ արհամարհանքով կանգնե[ցնելով] եւ նրա մտքերը դրսում դեգերեցնելով, ողորմածներին` հիվանդներին տեսության չգնալով: Կորստյան է մատնում նաև վարդապետներին` կեղծավորությամբ ուսուցանել [տալով], որ մեծ երկյուղով չէ, որ ուսուցանում են Աստծու կամքը: Սատանան կորստյան է մատնում նաև սաղմոսերգուներին, եթե նրանք չեն զգուշանում սնափառության չար ախտից, այլ ցուցադրաբար ու գովեստի արժանանալու համար են ասում, Աստծու պատգամները չեն խոսում և Նրա օրհնությունները չեն երգում, ովքեր փառավորողների պես չեն պատվում [Աստծուն]: Սատանան կորստյան է մատնում նաև լսողներին` Աստծու պատգամներն ու վարդապետական խոսքերը ծուլությամբ և արհամարհանքով լսել [տալով]: Սատանան կորստյան է մատնում նաեւ աշխատողների տաժանելի չարչարանքը` տրտնջալ տալով և իրենց ծույլերից ավելի բարձր կարծել տալով, երբ իրենց արած ծառայությունները նշում ու բոլորին հայտնում են, թե ինչպիսի ճիգ է պահանջում իրենց կատարած գործը. նրանք վաստակավորների նման հանգիստ չեն գտնի, այլ կհանդիմանվեն, իբրեւ տրտնջացողներ ու դատապարտվածներ: Սատանան կորստյան է մատնում հարուստներին, որոնք միայն ժողովելիս են ժիր լինում եւ ոչ թե տնանկներին բաշխելիս, որոնք ոչ թե իրենց ինչքերով փրկվել պիտի կարողանան, այլ պիտի դատապարտվեն` իբրեւ անողորմներ ու ագահներ: Սատանան կորստյան է մատնում և աղքատներին` հեծեծել ու տրտնջալ [տալով] և գոհանալ չտալով Աստծուց, որ կամենում է մշտնջենավոր [հավիտյաններում] հարստացնել նրանց: Սատանան կորստյան է մատնում արհեստավորներին, եթե նրանք իրենց կատարած գործի համար առավել վարձատրություն են վերցնում և կամ նախանձով ու չարակնությամբ իրենց արվեստն ու տաղանդը չեն սովորեցնում նրանց, ովքեր սովորել են խնդրում, նրանք պիտի մեղադրվեն իբրեւ տաղանդապարտներ: Սատանան կորստյան է մատնում իշխաններին, որոնք ծանր իշխանություն են բանեցնում և գազանացած սրտով ահաբեկում են ռամիկներին և կամ մեծաշուք տեսքի ու կաշառքի համար գողանում են արդարների իրավունքը: Կորստյան է մատնում և նրանց, ովքեր [իր] իշխանության ներքո են, եթե իբրև Աստծու սպասաւորի չեն հնազանդվում ու երկյուղով պատիվ չեն հատուցում իրեն: Կորստյան է մատնում հարկահանների հարկապահանջներին, եթե արքունական հրամանից ավելին են պահանջում և նեղում են նեղվածներին… ու բոցավառում են գեհենի կրակը:
    Եվ արդ, սատանան այսպես մահվան որոգայթներ է պատրաստում բոլորի համար, հեռացնում ուղիղ կարգից ու աստուած[ահաճո] վարքից. չար պտուղն ու անօրեն վարձը, որով կարծում են, թե արքայությունը կընդունեն, դրանցով տանջանքները պիտի ժառանգեն: Սատանան այնչափ հափշտակեց ու հիմարացրեց մեզ, որ մինչև իսկ աղոթելիս, պահք պահելիս և ողորմություն անելիս է մեղանչել տալիս: Իսկ [մենք] չենք ջանում մեզնից թոթափել սատանայի թմբիրը ու պաղատանքներով, ապաշխարությամբ հաշտեցնել Տիրոջը: Քանզի ապաշխարությունը կարող է սպիտակեցնել մեղքերից սևացածին, մաքրել ցեխի մեջ թաթախվածին, լուսավորել մեղքերով խավարածին և ցրել անօրինության դեզերը: Այս իմանալով` սատանան մոտենում է նրան, ով կամենում է ապաշխարել, և ծանրացնում է նրա միտքը, որպեսզի չհոժարի սկսել ապաշխարել: Որովհետև գիտե, որ եթե սկիզբը ուղիղ լինի, ապա նաև ապաշխարության չարչարանքը քաղցր կդառնա, ուստիև ապաշխարության հենց սկզբում բոլոր տեսակի հնարներով զգուշանում է` ծուլացնելով և օրըստօրե հետաձգել տալով:
    Եվ մենք, իմանալով սա, շտապով փութա՛նք սկսել ապաշխարել: Միայն սկսելիս է այն ծանր թվում, հետո գործը հեշտանում է և ընթանում քաղցր ու ցանկալի: Ինչպես որ այբուբենը [նոր] ուսանել կամեցողը չի համարձակվում սկզբում դպրին հետեւել և կրկնել տառերի անուններն անգամ, այլ կմկմալով, ընդհատաբար և բեկբեկելով է [արտաբերում], բայց հետո գիրը գրի հետ կապելով վանկեր է կազմում, այդպես էլ ապաշխարությունն է. եթե միայն սկզբում համբերում են, խոստովանությամբ շնորհներ են ընդունում, իսկ շնորհներով մտքերը լուսավորվում են, և իմանում են տանջանքների երկյուղը. երկյուղով ստանում են արտասուք ու սուգ. սուգը պահք պահել է սովորեցնում. պահքը աղոթքների է տանում. աղոթքները հոժարեցնում են ողորմություն տալ. և սակավ-սակավ բարձրանում ես աստիճանից աստիճան, ու դյուրությամբ բարձրանում ես երկինք: Բայց կարող ես արդարանալ նաև սրանցից մեկով միայն, եթե կամենաս: Քանզի շատերը միայն ուղիղ խոստովանությամբ փրկվեցին, ոմանք փրկվեցին սգով ու տրտմությամբ, ոմանք քրձով ու մոխրով միայն ապաշխարեցին, ոմանք լաց լինելով ու արտասուքով հաշտեցրին Տիրոջը, ոմանք պահքով ու աղոթքներով ապաշխարեցին, ոմանք ողորմությամբ Աստծու ողորմությունն ընդունեցին, ոմանք մարդասիրությամբ և տկարներին ծառայելով ապաշխարություն գտան, ոմանք խոնարհությամբ ու հնազանդությամբ մեղքերի թողություն ընդունեցին: Քանզի ինչպես որ զանազան են մեղքերի ճանապարհները, այդպես էլ զանազան են ապաշխարության դեղերը, որոնցով կարող ես բժշկել մեղքերի բոլոր հիվանդությունները ո՛չ տարիների թվով ու երկար ժամանակով, այլ միայն ճշմարիտ դարձով և սրտով չարից հեռանալով կարող ես արդարանալ:
    Եվ արդ, իմանալով այս ամենը` ապաշխարությամբ քավե՛նք մեր մեղքերը, քանզի մեղքերի պղծությունները ոչ միայն ահեղ [դատաստանի] Օրն են դատապարտում, այլ նաեւ այստե՛ղ իսկ չարչարում են խղճմտանքով. [եւ ապրում է մարդը] գաղտագողի շրջելով ու մարդկանցից վախենալով, ծանոթներին կասկածելով, սիրելիներից ամաչելով, թշնամիների նախատինքներով, դատավորների սպառնալիքներով, բանտի և պատիժների վախով, Աստծու պատվիրաններից հանդիմանվելով ու ահավոր տանջանքների սարսափով: Իսկ այնտեղ գնալով՝ ո՞վ կարող է պատմել մշտնջենավոր անվերջանալի աղետների նեղությունները, ուր այրվում ու մաշվում են ամոթով և նախատինքներով: Մինչդեռ ապաշխարության պտուղները վայելում ես ոչ միայն երկնքում, այլ նաեւ այստեղ իսկ ընդունում ես հարյուրապատիկ ուրախությամբ, անհոգությամբ, պատուիրանների գովությամբ, անխղճմտանք մտքի ուրախությամբ, առանց մարդկանցից խրտնելու, առանց ծանոթներին կասկածելու, առանց թշնամիներից պարսավվելու, առանց սիրելիների առջեւ ամաչելու, համարձակ` հրապարակներում, առանց դատավորներից երկյուղելու, զերծ պատուհասներից, խաղաղ կյանք, հեշտ մահ, մշտնջենավոր և փափագելի փափկությունների ակնկալիք: Իսկ այնտեղի ուրախությունների ու անբավ բարիքների վայելչության մասին ո՞ր բերանը կարող է պատմել:
    Արդ, սա՛ է արդարության վարձը, սա՛ է ապաշխարության պտուղը: Ուստիև մի՛ վախեցիր մեղքերիդ բազմությունից մտնել ապաշխարության մեջ. միայն ընկի՛ր Աստծու առջեւ. դատավոր չէ, այլ Բժիշկ, սպանող դահիճ չէ, այլ գորովագութ Հայր: Ընդառաջ է ելնում քեզ, ինչպես անառակ որդուն, ընկնում է ապաշխարության դարձողիդ պարանոցով, երկնավոր Հայրը համբուրում է քեզ՝ բերանը աչքերիդ [հպելով], հրամայում է քեզ հագցնել առաջին` անմեղությանդ պատմուճանը, կոշիկներով կրկին ամրացնում է քեզ ընդդեմ թշնամու թույնի: Պատարագով Աստծու Որդու մարմնով ես կերակրվում, ընտիր ծառաները քեզ հետ վայելում են պատարագից, և բոլոր սուրբերը երգում ու պարում են քո` անառակությունից դարձի համար: Որի վրա հիացած` առաջին` թլփատված ժողովուրդը փոքր-ինչ նախանձում է, որ չմտավ Աստծու Որդու զենման ուրախության մեջ. Է Աստված մարմնով ելավ ու եկավ նրա մոտ` աղաչելու Հորը հաւատացող հրեային՝ հավատի կոչել ապաշխարող հեթանոսին և ուրախանալ իր անառակ եղբոր դարձով, միասին վայելել Աստծու Որդու զենումից ու ժառանգել անանցանելի բարիքների վայելչությունները Հոր, Որդու և Սուրբ Հոգու հետ. Նրան փառք և պատիվ հավիտյանս հավիտենից. ամեն:

Aucun commentaire:

Enregistrer un commentaire

Սիրելի՛ այցելու, եթէ այս թեմայի առընչութեամբ Ձեզ մօտ առաջացան հարցեր, խնդրեմ, գրառեցէ՛ք այստեղ, որոնց սիրով կը պատասխանենք: