mardi 3 avril 2012

ՊԱՆԴԽՏԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Սբ. Եփրեմ Ասորի


Սբ. Եփրեմ Խուրի Ասորի
   Հույժ տանջալից է պանդխտական կյանքը. դժվարին ճանապարհ է տգետների համար, անտանելի՝ պատանիների, վշտալի՝ դյուրահավատ մարդկանց համար։ Իմաստունների համար՝ սխրանք է, աղքատների համար՝ տառապանք, երևելիների համար՝ փառազրկություն, հարուստների համար՝ անարգանք։
    Պանդխտական կյանք ոտք դնողը պարտ է հրաժարվել սեփական անձից, թողնել անձնասիրությունը և ընտրել նվաստությունը. այդպես է պատվիրված և այդպես է պատշաճում։
    Հողը կլինի նրա մահիճը, բարձը՝ քարը. բուք ու բորանին, ապաստան փնտրելով, նա կբախի ամեն մի դուռ։ Երբ երկրի վրա բոլորը հագեցած են, նա մշտապես քաղցած կլինի, երբ ոչ մեկը ջրի պակաս չի ունենա, նրան կտոչորի ծարավը։ Երբ բոլորը գոհ կլինեն ու կհանգստանան իրենց տներում, նրա հոգին կտանջվի. ամեն ինչում նրան կծաղրեն որպես անպիտան մարդու, թեև ոչ մի վատ բան չի անի, նրան բոլորը կպարսավեն։ Մեկը կանվանի չարագործ, մյուսը՝ նենգ ծառա, մեկը՝ աղքատ, մյուսը՝ թափառելուն սովոր, մեկը՝ խաբեբա, մյուսը՝ հայրենիքի թշնամի, մեկը՝ այլոց գաղտնիքներն իմանալու սիրահար, մյուսը՝ տնաքանդ։ Մեկը նրան դիվահար կանվանի, մյուսը՝ անմիտ, մեկը՝ անհուսորեն հիմար, մյուսը՝ անխոհեմ։
    Պանդխտական կյանքում այդ և նման պարսավանք է սպասվում յուրաքանչյուրին։ Եվ ով ուզում է այդ կյանքը ոտք դնել, նա պետք է պատրաստ լինի ամեն մի վատ բանի, պետք է համբերի ամեն մի վշտի ու հարձակման։
   Բայց, եղբայրներ, սիրելի է պանդուխտը Քրիստոսի ծառաներին։ Ով այդ ճանապարհով է գնում, անկասկած, Աստծուն երկյուղածորեն պաշտողներից է. բարի համբավը նախորդում է նրան. եղբայրները դուրս են գալիս նրան ընդառաջ և խաղաղության ողջույն տալիս։
    Ճանապարհին գրկում են նրան, բոլորը ծնկում ու խոնարհվում են նրա առջև, տանում իրենց ուսերին, բերում իրենց կացարանները։ Նրա ոտքերն օծում են յուղով ու համբուրում, պատրաստում են կերակուր, առաջարկում ամենաընտիրը և հագեցնում քաղցը, զովացնում ծարավը, հանգստացնում հոգին։
    Ով փնտրում է Քրիստոսին, թող ոտք դնի պանդխտական կյանք և փնտրի Նրան, և նա իրապես կգտնի Աստծուն այդ կյանքում, Աստված ուրախությամբ կընդունի և չի լքի նրան։
    Ով կատարելություն է փափագում, թող ընտրի պանդխտական կյանքը. նրանում կգտնի կատարելություն, կճանաչի դեպի կատարելություն տանող ուղին։ Կմաքրվի աղտեղությունից, կազատվի ամեն տեսակ նենգությունից, կփոխի ընթացքը, կհանդերձավորվի զղջումով ու հեզությամբ։ Թեև նա դեռ երկրում է, բայց սիրտն արդեն երկնքում է։ Ով բարօրություն է ցանկանում, նա պետք է այդ ամենը սովորի իր հայրենիքից դուրս։ Այնտեղ՝ պանդխտական կյանքում, նա ձեռք կբերի իմաստություն, կսովորի լինել հեզ, կճանաչի բարի բարքը։

Aucun commentaire:

Enregistrer un commentaire

Սիրելի՛ այցելու, եթէ այս թեմայի առընչութեամբ Ձեզ մօտ առաջացան հարցեր, խնդրեմ, գրառեցէ՛ք այստեղ, որոնց սիրով կը պատասխանենք: