Սբ. Եփրեմ Ասորի
Եկե՛ք բոլորդ, եղբայրնե՛ր, ինձնից՝ մեղավոր ու տգետ Եփրեմիցս խորհուրդ
լսեցե՛ք։ Քանի որ մեզ հասավ այն ահավոր ու մեծ օրը, իսկ մենք, սիրելինե՛ր,
դեգերում ենք զվարճանքների մեջ՝ չհիշելով, որ կարճ է այս ժամանակը, և
չհոգալով Աստծուն հաշտեցնելու մասին։ Ահա երազի և իրիկվա ստվերի պես են
անցնում օրերը, ամիսներն ու տարիները, և շուտով կլինի Տիրոջ ահավոր ու մեծ
գալուստը։ Իսկապես ահավոր է այդ օրը մեղավորների համար, նրանց համար,
ովքեր չկամեցան կատարել Աստծո կամքը և փրկվել։
Դրա համար էլ
աղաչո՜ւմ եմ ձեզ, հարազա՛տ եղբայրներ, եկեք դեն նետենք երկրավոր բաների
մասին հոգսերը, որովհետև ամեն բան անցնում է, ամեն ինչ վերջանում, և ոչինչ
մեզ չի օգնի այն ժամին, բացի բարի գործերից, որ այստեղ ունենք։ Որովհետև
ամեն ոք իր գործերն ու խոսքերը պիտի բերի Աստծո ահավոր դատաստանի ատյանի
առջև։ Սիրտը կդողա, երիկամները կայլայլվեն, երբ այնտեղ հայտնի դառնան
գործերը, խորհուրդներն ու խոսքերը։ Մեծ սարսափ է, եղբայրնե՛ր, մեծ դողումն
է, սիրելինե՛ր։ Ո՞վ արդյոք չի զարհուրի, ո՞վ չի դողա, չի սգա և լաց լինի,
քանի որ այնտեղ պիտի հայտնի դառնա, ինչ որ մենք արել ենք ծածուկ ու խավարի
մեջ։ Իմացե՛ք այս, որ ձեր սիրո համար եմ ասում ձեզ։
Տաթևի վանքի Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու «Ահեղ դատաստան» որմնանկար (Ժ դար) |
Պտղատու
ծառերն իրենց ժամանակին իրենց ներսից տերևների հետ միասին պտուղներ են
տալիս։ Որտեղի՞ց են ծառերը զարդարվում վայելչությամբ, եթե ոչ իրենց ներսից
Աստծո հրամանով պտուղ են տալիս՝ ըստ իրենց տեսակի։ Նույնպես և այն ահավոր
Օրը մարդկային բոլոր մարմիններն իրենց միջից դուրս պիտի հանեն այն ամենը,
ինչ արել են՝ բարի թե չար, և յուրաքանչյուր ոք ահավոր Դատավորի ատյանի
առջև պիտի բերի իր գործերը՝ իբրև պտուղ, և իր խոսքերը՝ իբրև տերև։
Արդարները կբերեն գեղեցիկ, վայելուչ պտուղներ, սուրբերը՝ բարի պտուղներ,
քաջ նահատակները կբերեն իրենց՝ համբերությամբ կրած տանջանքների ու
չարչարանքների պարծանքը, աշխարհից հրաժարվածները՝ իրենց ճգնությունը,
ժուժկալությունը, պաղատանքը։ Իսկ մեղավորները, ամբարիշտներն ու
անմաքուրները ամոթով, լալով և ողբով այնտեղ կբերեն վատթար և ապականված
պտուղներ՝ անշիջանելի հրի անքուն որդը։
Սարսափելի է այնտեղ
դատաստանը, եղբայրնե՛ր, քանի որ վկաների միջոցով չէ, որ հայտնի է դառնալու
ամեն բան՝ [մեր] գործերն ու խոսքերը, խորհուրդներն ու մտքերը, երբ մոտ
կլինեն հազարները հազարներից և բյուրերը բյուրերից, քերովբեներն ու
սերովբեները, արդարները, սուրբերը, մարգարեները և առաքյալները։
Ուրեմն
ինչո՞ւ ենք ծուլանում. ժամանակը հասել է, և Օրը մոտեցել, երբ մեր բոլոր
գաղտնիքները դուրս պիտի հանի ահավոր Դատավորը։ Եթե իմանայինք, թե ինչ է
մեզ սպասում, լաց կլինեինք ամեն ժամ՝ գիշեր-ցերեկ աղաչելով Աստծուն, որ
փրկի մեզ այն ամոթից ու հավիտենական խավարից։ Ատյանի առջև պիտի կարկամի
մարդու բերանը, պիտի դողան բոլոր արարածները, նաև նրանք՝ սուրբ հրեշտակների
գնդերը Նրա գալստյան փառքից։
Ի՞նչ պիտի ասենք Նրան դատաստանի
Օրը, եղբայրնե՛ր, եթե այս ժամանակն անցկանցնում ենք ծուլությամբ։ Որովհետև
Նա համբերատար է և մեզ բոլորիս կոչում է դեպի Իր արքայությունը, բայց
մեզնից հաշիվ պիտի պահանջի այս կարճ ժամանակվա մեր անհոգության համար և
մեզ պիտի ասի. «Ձեզ համար մարմնացա, ձեզ համար մարմնով երկրի վրա քայլեցի,
ձեզ համար տանջվեցի, ձեզ համար թուք ընդունեցի, ձեզ համար ապտակվեցի, ձեզ
համար խաչվեցի, ձեզ համար [խաչա]փայտի վրա քացախ խմեցի, որպեսզի ձեզ
երկնային և սուրբ դարձնեմ։ Իմ արքայությունը ձեզ շնորհեցի, Իմ դրախտը ձեզ
պարգևեցի, ձեզ բոլորիդ Իմ եղբայրներն անվանեցի և Հորը ընծայեցի ձեզ,
ուղարկեցի Հոգին. սրանից առավել ի՞նչ պիտի անեի, որ չարեցի ձեզ համար,
որպեսզի դուք փրկվեք։ Միայն չեմ ուզում բռնանալ ձեր կամքի վրա, որպեսզի
ձեր փրկությունը ստիպողաբար չլինի։ Ասացե՛ք, մեղավորնե՛ր և բնությամբ
մահկանացունե՛ր, դուք Իմ՝ ձեզ համար չարչարված Տիրոջս համար ի՞նչ
չարչարանքներ կրեցիք։ Ահա պատրաստել եմ արքայություն և կյանք, հանգիստ և
ուրախություն, նաև արտաքին խավարի մեջ՝ հավիտենական տանջանքներ։
Յուրաքանչյուր ոք իշխանություն ունի գնալու, ուր ուզում է»։
Եկեք
բոլորս երկրպագենք Նրան, լաց լինենք մեր Տիրոջ առջև՝ ասելով. «Տե՛ր, այդ
ամենն իբրև Աստված համբերեցիր մեզ համար, բայց մենք՝ մեղավորներս, ամեն
ժամ անարգում ենք Քո բարերարությունները։ Աստված ես անսկիզբ բնությամբ՝
անհասանելի, անչարչարելի, անկարոտ. Քեզ հաճո թվաց խաչի չարչարանքներով
փրկել մեղավորներին, որ Քեզ չէին ճանաչում, նրանց պարգևեցիր գիտությանդ
լույսը։ Արդ, մեղավորների ազգը ի՞նչ տա Քեզ՝ անհասանելի Աստծուդ, Բարուդ և
բոլորի հանդեպ Գթածիդ, որոնք ամբարիշտ են իրենց կամքով և ո՛չ բնությամբ,
քանի որ նախքան մեր ապրելը բոլոր ազգերն ամբարիշտ էին, և դարձյալ հետո
մենք մեղավոր ենք մեր կամքով։ Իսկ Դու, Տե՛ր, նույնն ես ամեն ժամ՝ բարի և
բազմագութ, ահավոր և փառավորյալ, հավիտյանների Արարիչ և Քո մեծ գթության
պատճառով, որ ցույց տվեցիր մարդկանց որդիներին, վերացնում ես մեր սկզբի
դժվարությունները։ Աստվա՛ծ, հաղթվեցիր Քո սիրուց և սուրբ գթությունից ու
մերձեցար խաչին ամբողջ աշխարհի փրկության համար։ Քո շնորհից սովորեցինք Քո
փառքի առջև այս ասել. որ եթե չհաղթվեիր գութիցդ, Քրիստո՛ս, Քեզ չէիր
մատուցի՝ մեղավորներիս համար մորթվելու և պատարագվելու։
Տե՛ր,
Քո ծառայի միտքը լցվեց Քո շնորհի և սիրո քաղցրությունից, որոնք հարաժամ
քաղցրանում, լուսավորվում, հաճախապես հաստատվում են։ Հարաժամ անարգվում են
և դեպի դառնություն փոխվում՝ չախորժելով միշտ ունենալու իրենց Տիրոջ
քաղցրությունը։
Հիսո՛ւս Միածին, ճառագա՛յթ Հոր՝ անմատույց,
անմերձենալի և անհասանելի լույսի մեջ բնակվող, որ շնորհներով լուսավորեցիր
ամբողջ աշխարհը, շնորհներով լուսավորի՛ր նաև ինձ, իմ խավարած աչքերը,
որպեսզի ապականիչը չխավարեցնի այն։ Տե՛ր, քանի որ մեր մարմինները
նմանվեցին նոր տնկված ծառերի, որոնք կարիք ունեն հարաժամ ջրվելու, մեր
տկար մտքերն էլ անընդհատ կարոտում են Քո շնորհով հաստատվելուն և
լուսավորվելուն։
Քո խոսքը, Տե՛ր, թող բանա իմ կուրացած աչքերը։
Մորից [կույր] ծնվածի համար մեծ սքանչելիք եղավ Սելովամում. կույրը տեսավ՝
լուսավորվեց մարմնավոր աչքերով, նաև ներքուստ՝ մտքի աչքերով և սկսեց առանց
երկյուղի քարոզել իր Բժշկին [տե՛ս Հովհ. Թ 7-27]։ Իմ Փրկի՛չ Աստված, լուսավորի՛ր մեր սրտի աչքերը՝ սիրելու Քեզ և միշտ սիրով կատարելու Քո կամքը։
Ահա
Քո ահավոր արյան բաժակը լի է լույսով և կյանքով։ Շնորհի՛ր մեզ
իմաստություն և լուսավորություն, որպեսզի հավատով, սիրով և սրբությամբ
մոտենանք նրան, և այն մեզ համար լինի մեղքերի թողություն և ո՛չ դատաստանի
Օրը դատապարտություն։ Որովհետև ովքեր անարժանաբար են մոտենում աստվածային
[խորհրդին], նրանք իրենք իրենց են դատապարտում՝ առանց իրենց սրբելու՝
իրենց հարսնարան ընդունելով Թագավորին։ Մեր հոգին անմահ Փեսայի սուրբ
հարսն է, և հարսանիք է, երբ մաքուր հոգով ենք ուտում և խմում աստվածային
Խորհուրդը։ Ուրեմն նայի՛ր քեզ, քո հարսնարանը միշտ անաղտ պահիր և փափագիր
ընդունելու երկնային Փեսային՝ Քրիստոս Թագավորին, որպեսզի Տերն Իր գալստյան
օրը Իր Հոր հետ օթևանի [այնտեղ]։ Արժանացրու քեզ հրեշտակների ու
հրեշտակապետների առջև գովության, որ մեծ փառքով և ցնծությամբ մտնես դրախտ։
Քանի որ ի՞նչ է քեզնից խնդրում Աստված, ո՛վ մարդ, բացի քո փրկությունից։
Եվ եթե դու հապաղում ես, չես գնում Աստծո ուղիղ ճանապարհներով և չես
ուզում Նրա պատվիրանները կատարել, դու ինքդ քեզ ես սպանում ու դուրս հանում
երկնային հարսնարանից։ Սուրբ Աստված՝ առանց մեղքի, Իր Միածին Որդուն
չխնայեց քեզ համար, իսկ դու, թշվառակա՛ն, չես խղճում ինքդ քեզ։ Սթափվի՛ր
քնիցդ, բա՛ց քո բերանը, աղաչի՛ր Նրան, մեղքերի ծանրությունը հեռացրո՛ւ
քեզնից, գթա՛ քեզ, հաճա՛խ պաղատիր, անընդհատ արտասվի՛ր, փախի՛ր
թուլությունից, ատի՛ր ծուլությունը, հեռացի՛ր չարությունից, փափագի՛ր
ժուժկալել, ճգնի՛ր հանդարտության մեջ, սովորի՛ր սողմոսերգել։ Շտապի՛ր,
եղբա՛յր, քանի դեռ ժամանակ կա, քո ամբողջ սրտով սիրի՛ր Աստծուն, ինչպես որ
Նա քեզ սիրեց։ Դարձի՛ր Աստծո տաճար, և Բարձրյալը կբնակվի քո մեջ, քանի որ
այն հոգին, որն իր մեջ ունի Աստծուն, Աստծո սուրբ և մաքուր տաճարն է
դառնում։ Քանի որ երբ Աստված բնակվում է քո մեջ, երկնային հրեշտակները
ցնծում են և միշտ շտապում պատվել. հրեշտակները շտապում են պատվել այն
հոգուն, որի մեջ իրենց Տերն է բնակվում, որովհետև այն իրենց Տիրոջ տաճարն
է։
Երանի՜ այն մարդուն, ով Քեզ սիրում է իր ամբողջ սրտով և ատում
է աշխարհն ու այն ամենը, ինչ նրանում կա, որպեսզի միայն ունենա Քեզ՝
սուրբ Տիրոջդ։ Եթե որևէ մեկն այսպես անկեղծ սիրի Աստծուն, նրա միտքը երբեք
չի լինի երկրի վրա, այլ միշտ վերևում, որտեղ Նա է, Ում ինքը սիրեց,
բաղձաց և ծարավեց մտքով։ Այնտեղ է նա քաղցրություն զգում, այնտեղ է
լուսավորվում, այնտեղ է հագենում քաղցրությամբ ու Աստծո սիրով։ Երանի նրան,
ով ճաշակեց նրանից և չհագեցավ Աստծո սիրո քաղցրությամբ, որի մասին ո՞վ
կարող է արժանապես ասել։ Պողոս առաքյալը, որ ճաշակեց նրանից և հագեցավ
նրանով, աղաղակում է ու ասում. «Ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ
իշխանությունները, ո՛չ այլ բաներ, որ այժմ կան, ո՛չ գալիքները և ո՛չ
զորությունները, ո՛չ բարձրություն, ո՛չ խորություն և ո՛չ մի ուրիշ արարած
Աստծո սիրուց չի կարող բաժանել այն անձին, ով ճաշակեց Նրա սիրուց» [տե՛ս
Հռոմ. Ը 38-39]։ Աստծո սերը հուր է, որը զորանում է այն հոգում, ով
փափագում է Նրան, պայծառացնում է նրա զգայությունները. նա բարձրանում է
երկրից, ատում է երկրավորը և միայն Նրան է տեսնում, Ում սիրեց։
Սուրբ
մարտիրոսները, որոնք ճաշակեցին նրանից և հագեցան նրանով, մեզ սովորեցնում
են և ասում. «Ինչքա՜ն նուրբ են Աստծո սիրո կապանքները, արդարև լի են
սքանչելիքներով, սուրը չի կարող կտրել դրանք, և ոչ էլ հուրը՝ քանդել«։
[Նրանց] ջարդված անդամները չէին կտրում սերը, այրվում էին անդամներն ու
կապկպվում, սակայն սիրուց չէին բաժանում։ Սուրբերի մարմինները ընկղմվում
էին, բայց նրանց սերը չէր ընկղմվում։ Կապանքներ էին դրվում անդամների վրա,
սակայն սերը չէր կապվում։
Ո՞վ չի զարմանա սիրո կապանքների վրա,
որոնք երբեք չկտրվեցին և չքանդվեցին։ Եթե մեկը երբևէ ճշմարտապես սիրի
Աստծուն, այդպիսի սեր կստանա։ Այդպիսի սեր Տերը տվեց Իր Եկեղեցուն և այդ
սիրով զարդարեց նրան։ Այդ սերը Աստծո գրավականն է հոգում. սերը սյուն և
հաստատություն է գտնում սուրբ անձերում։ Նույն սերը մեզ մոտ իջեցրեց Աստծո
Միածին Որդուն, նույն սիրով Աստված մարդացավ, նրանով Անմարմինը
մարմնացավ, նույն սիրով կապվեց զորավորը, նույն սիրով հոգին եղավ Փեսայի
հարսը, որպեսզի իր մեջ արտացոլի Նրա վայելչությունը, նրանով չարչարվեց
անչարչարելի Փեսան։ Սակայն եթե մարդ հեռու է այդ սիրուց, երկնավոր Տերը չի
հաճի նրան, չի կամենա բռնադատել հոժարությունը, որովհետև մի անգամ
ընդմիշտ նրան իշխանություն տվեց՝ ապրելու իր կյանքը, ինչպես ինքն է
ուզում։ Ո՞վ կարող է, կամ ո՞վ ուժ կգտնի փառավորելու Փրկիչ Աստծուն այն
բոլոր շնորհների համար, որ բոլորս ընդունեցինք Նրա ողորմածության շնորհիվ։
Փա՜ռք և գոհություն Նրա բարեհաճությանը։
Լսեցե՛ք, եղբայրնե՛ր,
անարգիս գեղեցիկ խորհուրդը և շտապեցե՛ք, քանի դեռ ժամանակ ունենք, մաքրվենք և
արժանի դառնանք Աստծուն, որպեսզի Սուրբ Հոգին բնակվի մեր մեջ, Աստծո սերը
շատանա մեզանում՝ մշտապես Նրա կամքը կատարելով։ Ուրիշ հոգս չունենանք,
եղբայրնե՛ր, բացի նրանից, թե ինչպե՛ս պետք է մեր հոգիները լույսի մեջ
գտնվեն։ Չկապենք մեր անձերը երկրավոր իրերի, ստացվածքների և ունեցվածքի
հետ, այլ զարդարենք դրանք աղոթքներով ու պահքով, տքնությամբ և
արտասուքներով, որպեսզի մեր անձը փոքր-ինչ համարձակություն գտնի ահավոր
Դատավորի ատյանի առջև, երբ ամեն մի հոգի կանգնած կլինի սարսափով, երբ
կլինի ընտրվածների բաժանումը մեղավորներից, երբ ոչխարները կկանգնեն աջ,
իսկ ուլերը՝ ձախ կողմերում։
Իմացե՛ք, եղբայրնե՛ր, որ մոտեցել է
Տիրոջ գալուստը, և Նա պիտի հատուցի յուրաքանչյուրին ըստ իր գործերի. Իր
ընտրյալներին պիտի ընդունի հավիտենական լույսերի մեջ, ու պիտի պատժի
մեղավորներին, որոնք զայրացրին Իրեն։ Երանի՜ այն մարդուն, ով
համարձակություն կունանա այն ժամին և կլսի այն երանելի ձայնը. «Եկե՛ք, իմ
Հոր ընտրյալնե՛ր, ժառանգեցե՛ք արքայությունը»։ Այնժամ յուրաքանչյուր ոք
իրեն կտեսնի լույսի մեջ, կնայի իր աներևակայելի փառքին և սքանչանալով՝ իր
մտքում կասի. «Մի՞թե սա ես եմ, ինչպե՞ս ես՝ անարժանս, այստեղ հայտնվեցի»։
Մեծ ուրախությամբ կմոտենան հրեշտակները՝ սուրբերին փառավորելու, և կպատմեն
նրանց առաքինությունները՝ ճգնությունը, ժուժկալությունը, տքնությունը,
աղոթասիրությունը, կամավոր աղքատասիրությունը, կատարյալ աղքատությունը,
ծարավին համբերելը, ժուժկալելը, երկար աղոթելը, հանուն Քրիստոսի կատարյալ
սիրո՝ մերկության մեջ ուրախանալը։ Հրեշտակները մեծ ուրախությամբ այս ամենը
պիտի ասեն արդարներին, իսկ արդարները նրանց պիտի պատասխանեն. «Երկրի վրա
երբեք բարի գործ չենք արել»։ Դարձյալ հրեշտակները կհիշեցնեն նրանց տեղն ու
ժամանակը և, հիանալով նրանցով, Աստծուն կփառավորեն՝ տեսնելով, որ սուրբերի
մարմինները երկնքում փայլում են ավելի պայծառ, քան լույսը, [որովհետև]
նահատակվեցին երկրի վրա և համբերությամբ ծածկեցին իրենց մեջ գեղեցիկ
մարգարիտն ու անաղտ պատմուճանը, քանի որ գտան հանդում թաքնված մարգարիտը և,
վաճառելով երկրի վրա իրենց ամբողջ ունեցածը, ձեռք բերեցին այն։
Փոքր
է ճգնության ժամանակը, եղբայրնե՛ր, և մեծ է հանգիստը, ժամանակավոր է
ճգնության չարչարանքը, և հավիտյանս հավիտենից է հանգիստը փափուկ դրախտում։
Եթե մեկը գիտակցում է, որ Աստծո դեմ մեղք է գործել և թուլանում է՝
ախորժելով այն, նա իր կամքով հանցանք է գործում. թող սիրով արտասվի,
անընդհատ լաց լինի, որպեսզի արտասուքներով դեպի իրեն ձգի շնորհները, ստանա
զղջում, իր մարմինը լվանա արտասուքներով և հառաչանքներով։
Ունե՞նք
արդյոք արտասուքի փորձ, եղբայրնե՛ր, ձեզնից որևէ մեկը լուսավորվե՞ց
ուրախությամբ այն արտասուքներով, որ Աստծո համար են։ Իմացե՛ք, եղբայրնե՛ր,
երկրի վրա ավելի քաղցր բան չկա, քան այդ պահի ուրախությունն ու հանգիստը,
երբ մեկը աղոթքներով խնդրում է Աստծուն իր սրտում, միշտ փափագում է Աստծո
հետ [լինել]։ Եթե ձեզնից որևէ մեկը հմուտ լինի, քաղցրանա արտասուքի մեջ,
սիրով պաղատի, կբարձրանա երկրից, ամբողջովին դուրս կլինի մարմնից։ Ինչո՞ւ
եմ ասում մարմնից. այս ամբողջ հավիտենից դուրս կլինի, երկրի վրա չի լինի,
Աստծո հետ կխոսի այնպիսինն, Քրիստոսից կլուսավորվի, Սուրբ Հոգով միշտ
կսրբվի։ Մեծ հրաշք է, եղբայրնե՛ր, որ հողեղեն մարդն իր սուրբ Աղոթքի մեջ
Աստծո հետ է խոսում։ Երանի՜ այն մարդուն, ով ամեն ժամ Աստծո առջև
ապաշխարություն ունի։ Զղջումն անձի բժշկություն է, հոգու լուսավորություն,
ապաշխարանք, մեղքերի թողություն, Սուրբ Հոգուն է ձգում դեպի մեզ,
ապաշխարությունը Միածին Հիսուսին է ամբողջացնում մեր մեջ, ամեն ժամ Նրան
ենք ցանկանում։
Կամենում եմ ասել ձեզ, եղբայրնե՛ր, արտասուքների
զորության մասին։ Աննան արտասուքներով Աստծուց ստացավ Սամուել մարգարեին՝
իր սրտի բարձրությանն ու պարծանքին։ Սիմոնի տանը մեղավոր կինը Քրիստոսից
ստացավ մեղքերի թողություն՝ լաց լինելով և թրջելով Նրա ոտքերը։ Մեծ է
արտասուքների զորությունը, եղբայրնե՛ր, մեծապես զորանում են արտասուքներն
Աստծո մոտ, միշտ լվանում են մեր անձերը մեղքերից և մաքրում են
անօրինություններից։ Աստծո համար արտասուքները հարաժամ համարձակություն են
տալիս Աստծո մոտ, պիղծ խորհուրդները չեն կարողանում մոտենալ այն հոգուն,
ով զղջում ունի։ Դրանից ավելի ի՞նչ քաղցրություն կգտնվի, ի՞նչն է
փափագելի, քան նման երանությունը, երբ հոգին տեսնում է Աստծուն՝ Նրան
աղոթելով։ Երբ հոգով ցանկանա, պաղատանքներում միշտ Նրան կտեսնի, Նրա հետ
կխոսի ցերեկը և գիշերը։ Անկողոպտելի գանձ է Աստծո սերը, անճառելի
ուրախություն. բերկրում է այն հոգին, որն ունի այդ սերը՝ ոչ թե մեկ օրվա,
այլ որ շարունակվում է ամբողջ կյանքում՝ գիշեր թե ցերեկ։
Գութը
մաքուր աղբյուր է, եղբայրնե՛ր, որ ոռոգում է հոգու պտղաբեր տունկը.
պտղաբեր տունկը բարեգործություններն ու առաքինություններն են, որոնք միշտ
ոռոգվում են արտասուքներով ու աղոթքներով։ Քո հոգում միշտ տնկի՛ր գեղեցիկ,
պտղաբեր, ծաղկուն տունկը և ոռոգիր այն արտասուքներով ու պաղատանքներով։
Արտասուքներով և աղոթքներով ոռոգված տունկը տալիս է քաջազվարճ պտուղ՝
պիտանի հոգուն։ Մի՛ լինիր ինձ՝ թույլիս և մեղավորիս նման, որ ամբողջ օրն
ասում և երբեք չեմ անում. ծույլ եմ հոժարությամբ և թույլ՝ հորդորմամբ,
չունեմ մաքուր աղոթքներ, քանի որ իմ մասին գիտեմ, որ ամեն ժամ մեղավոր եմ,
սարսափում եմ գալիք դատաստանից ու պատասխան չունեմ իմ մեղկ հանցանքների
համար։
Արդ աղաչո՜ւմ եմ ձեզ, Աստծո երկյուղն ունեցողնե՛ր, որ
ամեն ժամ կատարում եք Նրա կամքը, բարեխոսեցե՛ք Նրա մոտ իմ՝ տկարիս համար,
որպեսզի ձեր աղոթքներով իմ վրա գա Նրա սուրբ շնորհը, և փրկվի իմ հոգին
այն ահավոր ու մեծ Օրը, երբ Քրիստոս գա՝ հատուցելու յուրաքանչյուրին։
Փա՜ռք
միակ, անմահ և գթած Աստծուն, Ով Իր շնորհով շարժեց մեր լեզուն՝ խոսելու
դատաստանի, սիրո ու զղջման մասին՝ հոգիների լուսավորության, սրտի և
խորհուրդների օգուտի համար, որպեսզի ամեն հոգի, լսելով այս ամենը, քաղցրանա
և ուղղվի դեպի հավիտենական կյանք՝ դեպի Հիսուս Քրիստոս՝ մեր Տերը, Որին
փառք հավիտյանս. ամեն։
Aucun commentaire:
Enregistrer un commentaire
Սիրելի՛ այցելու, եթէ այս թեմայի առընչութեամբ Ձեզ մօտ առաջացան հարցեր, խնդրեմ, գրառեցէ՛ք այստեղ, որոնց սիրով կը պատասխանենք: