vendredi 20 avril 2012

ՃԱՌ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ

Հակոբ Սրճեցի


Զի՞ խնդրէք զկենդանին ընդ մեռեալս...
    - Մարդի՛կ, լսեցե՛ք մեզ, ու մենք ճշմարտությամբ կասենք, և թող ձեր ականջին սուտ չլինի այս մեծ պատմությունը։ Երբ մեր պահակության ժամանակ տևապես աշխույժ էինք, մեր բանակը զգաստ էր և առանց երկյուղի։ Եվ երբ խավարի մեջ զգուշորեն արթուն հսկում էինք ու մտածում՝ մի՞թե մեկը կկարողանա բացել Հիսուսի գերեզմանը ու գողանալ նրան, հանկարծակի մեծ ցնցում եղավ և սարսափեցրեց մեզ, և մեզ հասան հրեշտակների թևերի որոտը, ու մեր սրտերը կտրատվեցին, երբ հրեշտակները բարձունքներից իջան հրեշտակապետի հետ, որը գլորեց քարը գերեզմանից և նստեց նրա վրա։ Այդ տեսարանից, որը տեսանք, այնքան սարսափեցինք, որ սոսկումից մեռյալի նմանվեցինք։
    Ո՞վ տեսավ հրեղեն այրերին, որ մենք տեսանք, և բնական բոցեղեն պատկերները, որ ըմբոշխնեցինք։
    Ո՞վ կարող էր նայել նրանց վրա և չզարհուրել կրակի կայծակներից, որ ճառագում էին նրանց երեսներից։
    Ո՞վ մոտեցավ գերեզմանին և արագ չայրվեց լուսափայլ բոցից, որ երևում էր նրա մեջ։
  Ո՞վ ուներ տոկունություն կամ զորություն այն ահավոր ժամին, երբ Թագավորը հրեշտակների դասերով դուրս եկավ գերեզմանից։
    Ո՞վ տեսավ նրանց մաքրամաքուր թռիչքները, որ պարուրել էին Նրան, և կարողացավ պատմել Նրանց վեհության կերպի մասին։
    Նրանցից մեկը կար, որ թռչում էր ոչ թե տկարաթև թռիչքի նման, այլ մինչ ոտքերը հողի վրա էին, կարող էր բարձունքներ հասնել: Կար մեկը, որ խոյանում էր ոչ թե սոսկ արծվի նման, այլև մի ակնթարթում բովանդակ երկիրն էր անցնում. մեկը որոտում էր բազում զորքերի ձայնի նման. մեկը երբ սլանում էր, նմանվում էր հրեղեն կայծակի. ոմանք էլ երգեր էին երգում իրենց ձայների հրեղեն եղանակներով։ 
    Եվ նրանց օրհնաբանությունից որոտում էր երկիրն ու նրա հետ՝ երկինքը։ Մարդու բերանը չի կարող ճառել այն ժամանակ մեր տեսած փառաբանության մեծության մասին։ Ո՞ր բերանը կամ լեզուն կարող է պատմել անքննելի Թագավորի մասին, որ փառաբանվում էր նրանց դասերից։ Մեզ համար հանդգնություն է, եթե խոստանանք պատմել այն ամենը, ինչ տեսանք։ Որովհետև թեպետ և կամենանք այդ անել, մեր լեզուն չի բավականացնի։ Նրանցից, ովքեր միաբան գոչում էին, լսեցինք. «Տերը հարություն առավ, լսեցե՛ք մեռյալներ և ողջեր, երկինք ու երկիր և բոլոր արարածներ»։
   Տե՛ս, Կայիափա, մի՞թե Նա չէ, որի գալստյան ու հայտնության մասին մարգարեները կանխապես քարոզեցին։
  Տե՛ս, Կայիափա, մի՞թե Նա չէ, որին Երեմիա մարգարեն անվանեց Արդարության ճառագայթ, որ ծագեց երկրի վրա (Երեմիա ԻԳ 5)։
   Տե՛ս, Կայիափա, մի՞թե Նա չէ, որի չարչարանքների, մահվան և հարության մասին երգեց Դավիթ արքան։
  Կայիափան ու նրա աներ Աննան միաբան պատասխանեցին զինվորներին՝ խոսքը բացատրելով սուտ հարցումներով.
   - Մի՞թե երազ տեսաք, ո՛վ մարդիկ, և զարհուրանքով վախ ընկավ ձեր սիրտը, ինչպես որ ասացիք։ Մի՞թե ձեր վրա քունը տիրեց, եղբայրնե՛ր, որ Նրա պատճառով Թագավորի ու Նրա սպասավորների կերպարանքը տեսաք։ Մի՞թե, մինչ դուք քնած էիք, Նրա աշակերտները ճրագները վերցրին և եկան ու խավարի մեջ ձեզ կայծակների նման երևացին։
  Այն ժամանակ զինվորների գունդն ասում է Աննային և Կայիափային` ժողովրդի գլխավորներին.
    - Եթե Նրա մահվան ժամին արեգակի խավարումը երազ էր, ապա երազ էր և այն լույսը, որ ծագեց Նրա Հարության ժամին։ Եվ եթե երազ էր, որ Նրա սպանվելու ժամին երկիրը ցնցվեց, ապա երազ էր և դժոխքի դողալը Նրա փառքի ժամին։ Եվ եթե երազ էր, որ Նրա ձայնը պատռեց տաճարի վարագույրը, ապա երազ էր, որ Նրա գոչյունը խորտակեց դժոխքի պարիսպները։ Եվ եթե սուտ է այն, որ Նրա հրամանը բացեց մեռյալների գերեզմանները, ապա ճշմարիտ չէ և այն, որ Իր փառքով հարություն առավ գերեզմանից։ Եվ եթե սուտ է այն, որ բացեց ձեր կույրերի աչքերը, ճշմարիտ չէ և այն, որ բացեց ձեր մատանիով կնքված գերեզմանը։ Եթե սուտ է այն, որ հարսանքատանը գինի ստեղծեց, ճշմարիտ չէ և այն, որ Հարության ժամին բազմապատկեց փառաբանությունը։ Եթե այս բոլորը, որ կատարեց Հիսուս, սուտ են, ապա ճշմարիտ չեն Նրա մասին մեր վկայությունները։ Եվ եթե իրապես ճշմարիտ են այն գործերը, որ դուք տեսաք, նույնպես արդար և իրավ են այն բոլորը, որ մենք տեսանք։
    Կայիափան այս բոլորը լսեց պահակներից ու զարհուրեց և այլ զենքերով զգեստավորվեց ու կամենում էր մերժել նրանց խոսքերը։ Կայիափայի գնդերը, հակառակ նրանց խոսքերի, զրահներ հագան և կամենում էին քողարկել այն բոլորը, որ նրանք պատմեցին խոսքերով։ Սուրբ Գրքի խոսքը շրջեցին ընդդեմ պահակների ու ասացին.
   - Մարդի՛կ, լսեցե՛ք մեզ և մի՛ տագնապեք ձեր մտքերով։ Քնով էիք հափշտակված և չիմացաք ու համարեցիք, թե ձեր երկյուղի մեջ բան եք տեսել։ Ձեր մարմինների վրա քունը ծանրապես տիրեց, քանզի անքնությունից տկարացել էին անդամները։ Ձեր քնած ժամանակ աշակերտները մտել ու գողացել են Նրա մարմինը, և իմաստունների մեղադրանքը ձեր հանդեպ անտեղի է, որովհետև չիմացաք։
   Պահակները քահանայապետին շփոթված տեսան և ծովի նման սաստիկ ալիքներից տագնապած։ Դարձյալ նրանց քահանայապետների ականջները լցրեցին զարհուրելի բաներով՝ քաղված բնությունից ու Գրքերից, և այսպես ասացին.
- Դպիրներ եք և գիտեք, որ դպիրներն ավելի շատ գիտեն, քան տգետները, և իմաստունն ավելի հեշտ է ուսուցանում, քան հիմարը։ Բայց, արդարև, այն ինչ ասացինք և ասում ենք, ճշմարիտ են, և չստեցինք այն, ինչ տեսանք։ Մի՛ խաբեք մեզ. ոչ թե Սավուղի նման Սավուղի քունը մեր վրա եկավ, և ոչ էլ Ադամի նման Ադամի հանդարտությունը մեր վրա սփռվեց, այլ հարթմնի հրաշալի եղելությամբ զարմացանք ու մեր աչքերով տեսանք հրեշտակաց դասերին։ Ոչ թե Նոյի նման մենք խմեցինք և հարբեցինք, այլ առանց գինու հրեշտակների տեսքից զարհուրեցինք։ Ոչ թե Ղովտի նման հարբեցողությամբ հափշտակվեցինք, այլ առանց խմելու զմայլվեցինք փառքի մեծությամբ։ Ոչ թե Սիսարայի նման մենք պատերազմեցինք և փախանք, այլ հրեղեն կառքերի ու բոցեղեն հեծյալների հանդիպեցինք։ Ոչ թե մադիանացիների զորքի նման մենք տկարացանք, այլ Գեդեոնի և իր զորքի նման արթուն մնացինք։ Իսկ եթե, ըստ ձեր խոսքերի, Նրան գողացել են մեր քնած ժամանակ, ապա մեր երեսների գույնը ո՞վ դարձրեց մեռյալի նման։ Մեռյալի կերպարանք ունենալը վկայում է, որ սարսափելի էինք մեր տեսած հրեղեն լեգեոններից և ոչ թե այնտեղ ձկնորս Զեբեդեոսի որդիներին էինք տեսել։
   Եկե՛ք, արդ ելե՛ք և տեսե՛ք գերեզմանը, որ կնքեցինք. թերևս այնտե՞ղ լինի Հիսուսի մարմինը, և ինչ որ տեսանք երա՞զ էր։ Մեզ ոչ թե բաց և դատարկ քսակ հանձնեցիք, այլ լիքը և կապված քսակ տվեցիք։ Մեզ ոչ թե դատարկ գերեզմանի վրա կարգեցիք, այլ մեր պահպանությունը Հիսուսի մեծ գերեզմանի վրա եղավ: Սակայն ո՞վ է տեսել, որ գանձը թռչի քսակից, որի բերանը կապված է և մատանիով կնքված, որին ամենևին չի դիպել դրսեցիներիս ձեռքը։
    Ո՛վ այրեր, եկե՛ք և տեսե՛ք ծածուկ խորհուրդները և մի՛ զրպարտեք մեզ բազում խոսքերի դատաստաններով։ Թող ձեզ հետ գնան Հրեաստանի նախնիները և տեսնեն մատանիները, ինչպես և Պարսից նախնիները գնացին Դարեհ արքայի հետ, իսկ եթե Դանիելի պես այնտեղ լինի, մատանիները կվկայեն (Դան. Զ)։ Եվ եթե եղել է, բայց գերեզմանը կնքված է, ապա Նա Աստծու Որդի է։ Եթե լոկ մի հրեշտակ էր, որ իջավ Դանիելի մոտ և բարձրացավ ու այդուհանդերձ գուբի վրա կնքված մնաց թագավորի մատանու կնիքը, ապա որքա՜ն ավելի Հիսուս՝ Դանիելի Տերը, գերեզմանից դուրս եկավ և չընկավ վիմաժայռի մատանին, որով կնքեցիք այն։
    Աննան և Կայիափան այս լսեցին զինվորներից, և նրանց սրտերը շատ նվաղեցին նրանց խոսքերից։ Եվ նրանց ամոթ ու զարմանք տիրեց, և չգիտեին, թե ինչ ասեն։ Եվ կարծես նետահար էին լինում երկու կողմից. չէին կարող խուսափել նրանցից և վախենում էին իրենց գործերից, որովհետև նրանք ժողովրդին հավաստիացրին Հիսուսի մահվան մասին։ Եվ խիստ ամաչում էին՝ գնալ զինվորների հետ, որովհետև նրանց սուտ էին համարում։ Մինչդեռ նրանք իրավացի էին։
    Ելան Կայիափան ու նրա աները՝ Աննան, խաչ հանողների` ժողովրդի հովիվների հետ միասին, որոնք հափշտակող գայլեր էին։
    Ելան որոմները մեծ վախով ու գնացին Իսրայելի բովանդակ արտի երեսին ամոթ բերելու։
   Ելան փշերը՝ դառն որթատունկի որդիները, և գնացին Կայիափայի այգուն չորություն բերելու։
    Գերեզման եկան ու տեսան մատանիները, և զարմանք պատեց նրանց։ Ապշահար եղան անակնկալ տեսածից, խաչ հանողները մոտեցան պահակների հետ, միասին տեսան մատանու կնիքն ու դատարկ գերեզմանը և տապալվեցին։ Տեսնելով այս բաները՝ իրենց երեսը կոծեցին ձեռքերով և վա՛յ տվեցին իրենց անձերին այն հրաշքների պատճառով, որոնց ականատես եղան։

Aucun commentaire:

Enregistrer un commentaire

Սիրելի՛ այցելու, եթէ այս թեմայի առընչութեամբ Ձեզ մօտ առաջացան հարցեր, խնդրեմ, գրառեցէ՛ք այստեղ, որոնց սիրով կը պատասխանենք: