Սբ. Բարսեղ Կեսարացի
ՍՈՒՐԲ ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԽՈՐՀՐԴՈՎ
Ավագ Հինգշաբթի օրը` Ընթրյաց Պատարագի ժամանակ
Սուրբ Երուսաղեմ |
Լսեցեք ինձ, իմ սիրելի՛ որդիներ, և ես աննախանձաբար Տիրոջ երկյուղը
կուսուցանեմ ձեզ` իբրև հարազատ որդիների. որովհետև պարտականություն է դրված
իմ վրա, և վա՛յ է ինձ, եթե ձեզ հանապազօր չավետարանեմ, որպեսզի թերևս
կարողանամ ճանաչել տալ ձեզ, թե ի՛նչ է Աստծո կամքը` բարին, հաճելին ու
կատարյալը:
Որովհետև Եզեկիել մարգարեն Աստծո խոսքով հանապազ
զարհուրեցնում է ինձ` քահանաների վերաբերյալ այսպես ասելով. «Մարդո՛ւ որդի,
քեզ այդ ժողովրդի վրա տեսո՛ւչ եմ նշանակել. եթե տեսնես, որ սուրը գալիս ու
վրա է հասնում, և փողով չազդարարես, ու նրանք չզգուշանան, և սուրը գալով
որևէ մեկին անպատրաստ գտնի, նա կմահանա իր անօրենության մեջ, ու նրա արյունը
քո ձեռքից կպահանջեմ»: Արդ, սուրը գեհենի սպառնալիքն է, իսկ փողը`
Աստծո պատվիրանը, որն այսօր զեկուցում եմ ձեզ բեմի վրա: Ես, ո՛վ
եղբայրներ, ձեզ նման մարդ եմ և առավել ևս ծանրաբեռնված եմ մեղքերով, բայց
քանի որ ձեզ տեսուչ ու խրատող կարգվեցի, ուստի արտասուքներով և սրտի բազում
հառաչանքով` սիրով ձեզ եմ ներկայացնում Աստծուն հաճելի բաները:
Ոչ
թե ինչ-որ նորաձայն, մտացածին խոսքերով ձեզ վտարանդի դարձնելով, քանզի ես
ստուգապես հաշիվ եմ տալու ձեզ համար կենդանի Աստծո առջև. որի պատճառով
սուրբ հայրերի վաղուց անտի դրոշմված կանոնը դյուրալուր խոսքերով ձեզ եմ
մատուցում. բայց նախ սա՛ իմացեք, որ քահանայության պատիվը չվստահվեց
հրեշտակներին, քանզի անմեղ են, այլ` մարդկանց. որպեսզի ինչպես որ մենք ենք
մեղանչում և հույս ենք դնում Քրիստոսից թողության վրա, նույնպես և ձեզ տանք
թողության ու ապաշխարության հույսը:
Արծաթե սկիհ |
Եվ արդ, աղաչում եմ ձեզ
բոլորիդ` համբերությամբ լսել ինձ: Ահա բացվում է երկինքը, և Քրիստոս
իջնելով բազմում է սուրբ սեղանի վրա. և երկնքի ողջ զորքերն աներևութապես
երկրի վրա են ծավալվում` սպասավորելու Աստծո Որդուն, և բոլորվում են սեղանի
շուրջ. և Սուրբ Հոգին առատապես շնորհներ է բաշխում սրբությամբ
մերձեցողներին: Արդ, դուք, իմ եղբայրնե՛ր, բազում զգուշությամբ ու երկյուղով
ձեր սրտերում դրեք հետևյալը` չնկատել միայն տեսանելի հացն ու գինին, այլ
այն մեծ խորհուրդը, որ ծածկված է մարմնավոր աչքի տեսությունից, որ միայն
հոգու աչքով է երևում նրանց, ովքեր սրբությամբ փնտրում են այն. որից
ճաշակելով ուրախանում են աստվածային ցնծությամբ, որովհետև Աստված այն կարող
է վերածել հում մսի և արյան, ինչպես եղավ սուրբերից մեկի հետ: Սակայն քանի
որ զգայուններս չենք կարող տանել հում միսն ու արյունը, այդ պատճառով
Աստված հացով ու գինով տպավորեց. սակայն մի նայեք որպես հացի, և ոչ էլ
որպես գինի նկատեք, քանզի սա՛ է Աստծո Որդու ճշմարիտ Մարմինն ու Արյունը.
որևէ մեկն արհամարհանքով, սովորական ընդունելությամբ թող չմերձենա՛ որպես մի
ինչ-որ կերակրի, որովհետև մեղավորներին այրող ու սպառող կիզիչ հուր է,
ուստի նախ ապաշխարության միջոցով պետք է սրբվել մեղքերից, որպեսզի մեղքերի
բազմությամբ չկիզվենք հրի մեջ. որովհետև սպառվում են հոգիները նրանց, ովքեր
նախապես չեն բաժանվում մեղքերից, այլ բևեռված են մնում նրանց վրա: Եվ
դարձյալ թող ոչ ոք անհույս կերպով չհեռանա և սնոտի երկյուղ առաջ չբերի,
որովհետև դա երկյուղ չէ, այլ արհամարհանք, քանզի սա՛ է երկնքի արքայության
դուռն ու նույն ինքը արքայությունը, որ է Քրիստոս` Աստծո Որդին և մեր
Աստվածը. և սրբությամբ մերձեցողներին գրանցում է որպես երկնավոր Հոր
անջնջելի որդեգիրներ: Այլ պետք է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր հարազատ
որդի իր մեջ հոր կերպարանքի նմանությունն է կրում. և դո՛ւ, երբ ասում ես`
«Հայր մեր, որ երկնքում ես», և խնդրանք ես մատուցում, պետք է նույն
նմանությունը քո մեջ ունենաս, որպեսզի լսելի լինի. ապա եթե չունենաս
բարերար ու մարդասեր երկնավոր Հոր նմանությունը, Նա չի լսի քեզ և չի
խոնարհվի դեպի քո աղաչանքները, այլ քեզ կլսի նա, որի գործի կերպարանքն
ունես, և որն անդունդներում է: Արդ, այս լսելով, ձեր անձերից ի բաց
փարատեցե՛ք չարությունն ու ամեն տեսակի խարդախությունը, յուրաքանչյուրդ ի
սրտե ներեցե՛ք ձեր եղբոր հանցանքներն ու ամեն տեսակի անհամաձայնություն, որ
ունեք միմյանց հետ, որպեսզի և դուք, թողություն գտնելով երկնավոր Հորից,
արժանի լինեք այս զենմանը: Ձեզանից ամենքդ ի բաց մերժեցե՛ք անհավատությունը,
արատավոր խիղճն ու թերահավատությունը: Սրբեցե՛ք ձեզանից նախանձը,
նենգությունը, չարությունը, կեղծավորությունը, հպարտությունը,
ամբարտավանությունը, սնապարծությունը, մարդահաճությունը, հակառակությունը,
ոխը, վաշխառությունը, տոկոսատվությունը և բոլոր չարիքների արմատ
արծաթասիրությունը, ագահությունը, այլև կանացի դյութանքներն ու կախարդիչ
հրապույրները և ամեն տեսակի չարախոսությունները, թշնամությունը, ցանկության
ցավերը, մանավանդ սրբեցե՛ք ձեր բերանից տգեղ ու տխեղծ հայհոյիչ խոսքերը,
որով միմյանց եք նախատում, նաև անօրեն կռապաշտությունը և անկարգ ու անառակ
մոլորությունը, որոնց հիշելն ապականում ու գարշեցնում է նախ իր, ապա`
լսողների միտքը, քանզի դատաստանի օրը որդնալից են լինելու գարշելի
բերանները նրանց, ովքեր չեն բաժանվում դրանցից. որովհետև Տերն ասաց, թե նա,
ով իր եղբորը հիմար է անվանում, դատապարտվելու է գեհենի հրին. արդ, պետք է
մեզանից արմատախիլ անել այդպիսի չարիքները. թող ոչ ոք չլինի շուն, պոռնիկ,
արվագետ, գող, հափշտակող, ցանկասեր, որովայնամոլ, հարբեցող, չարակամ,
կռվարար, սպանող, խռովարար, բարկացող, անողորմ, բանսարկու, պիղծ,
թշնամացող, երդմնազանց, ուխտադրուժ, անօրեն, անիրավ, բամբասող և ուրիշ
մեղքերով ծանրաբեռնված. որովհետև կան մեղքեր, որ մահվան հավասար են, որոնք
այստեղ հիշելու իսկ արժանի չեմ համարում: Եվ այս ասելով պատվիրում եմ, որ
հին մարդն ամբողջովին դեն նետե՛ք իր բոլոր չար գործերի հետ միասին: Այլ
զգաստանալով ամենքդ զգեստավորվեցեք պարկեշտ, սուրբ, բարեմիտ, հեզ, քաղցր,
անոխակալ, խաղաղարար վարքով` հիվանդների ու վշտացածների նկատմամբ ողորմած,
տնանկների, աղքատների ու կարոտյալների հանդեպ գթացող, զարդարված ամեն
տեսակի արդարությամբ, սիրով, հավատքով, հույսով. կատարյալ սեր ունենալով առ
Աստված և դեպի մարդիկ, քանզի բոլոր արդարությունների լրումը սերն է` սուրբ
սրտից և անկեղծ հավատքից: Պատվեցե՛ք ձեր հայրերին ու մայրերին. տղամարդի՛կ,
սիրեցե՛ք ձեր կանանց ձեր անձերի նման. և դուք` կանայք, հնազանդ եղե՛ք ձեր ամուսիններին.
միասին երկյուղ ունեցե՛ք Աստծուց, պատվեցե՛ք կիրակի օրը: Երիտասարդներ և
կույսեր, սրբություն սիրեցե՛ք, որպեսզի, այս սրբությունն ընդունելով,
լուսավորվեք ինչպես լուսափայլ հայելին, երբ արեգակի շողերը ճառագայթում են
նրա վրա. և աճելով առաքինությունների մեջ` ապրեցե՛ք արդարությամբ և
չդատապարտվեք ըստ առաքյալի խոսքի, որովհետև արդարև մահտարաժամներն ու
անտանելի ցավերի բազում հոգնությունները, բորոտություններն ու մնացած ամեն
ինչ անարժան հաղորդությունից են լինում: Որևէ մի կեղծավոր թող ներսում
չմնա` կարծիք ստեղծելով դրսում կանգնածների մեջ, թե իբր հաղորդվողներից է,
որովհետև անարժանն ու երկմիտն Աստծուց ոչինչ չեն ստանում, քանզի Աստված չի
փորձվում. մարդկային ամոթը պատճառ մի՛ բերեք, որովհետև այս ամոթը ոչինչ է,
այլ ա՛յն է մեծ ամոթը, որը տիեզերական հրապարակի վրա է. այն, որ այժմ
թաքցնում ես ինձանից և չես խոստովանում ու ապաշխարում, այնտեղ` մեծ
դատավորի առջև հրապարակվելով կբացահայտվի. և այլևս չես կարող թաքցնել քո
գործերը, որովհետև քո հոգին քեզ դատախազ կլինի: Արդ, ահա այս բոլորն
աննախանձաբար ասացի ձեզ. այսուհետև անպարտ եմ. ձեր արյունը` ձեր գլուխը.
քավված եմ ես ձեր արյունից, որ մինչև հիմա ինձ վրա կար: Սակայն գիտեմ, որ
ձեր մեջ կան ոմանք, որ արհամարհում են ասածներս. ուստի ձեզ ի վկայություն
եմ դնում այս խոսքերը, որոնք այսօր բեմի վրա խոսեցի ձեզ. դատաստանի օրը`
Քրիստոսի ահավոր բեմի առջև ձեզ դեմ-հանդիման կբերեմ Սուրբ Ավետարանի
վկայությամբ. ապա այն ժամանակ այլևս արհամարհողը չի կարող արհամարհել, այլ
կշտամբվելով պատուհասակոծ կլինի և կուղարկվի դեպի գեհեն` դեպի հուրն
անշեջ: Այժմ խոսքիս ավարտումն անեմ, որովհետև խորհրդի մասին ամեն ինչ ասացի
ձեզ համառոտ ու պատշաճ կերպով: Արդ, նրանք, ովքեր արժանավորաբար են
հաղորդվում` զարդարված բարի գործերով, Պետրոսի և մյուս սուրբ առաքյալների
հետ պսակվում են մեր Աստծուց` Քրիստոսից. և ովքեր ըմբոստությամբ են
հաղորդվում, կրկին խաչ են հանում Աստծո Որդուն. և ովքեր լիրբ երեսով ու
անարժանությամբ են հաղորդվում, մատնիչ Հուդայի և խաչողների մասն ու բաժինն
են ստանում: Ձեր օգուտը դուք գիտեք: Այլ Սուրբ Հոգին, որ սուրբերի բնակարան է
և ամենայն բարիքների աղբյուր, թող մաքրի ձեր հոգիներն ու մարմինները և
փրկական խորհրդի հաղորդությունը թող ձեզ համար մեղքերի թողության վերածի:
Որին Հոր և մեր Տիրոջ` Միածին Որդի Հիսուս Քրիստոսի հետ փառք հավիտյանս.
ամեն:
ԱՂՈԹՔ ՅՈՒՂԻ ԵՎ ՋՐԻ ՎՐԱ
Ավագ Հինգշաբթի օրը` Ոտնլվայի արարողության ժամանակ
Ոտնլուայ ի Վերնատունն |
Մեր
Տեր Հիսուս Քրիստոս` սքանչելագործ Աստված, հզոր և փառավորված, անիմանալի,
վերացած ու բարձրացած` քան բոլոր փառքերը, Դո՛ւ, որ նստում ես քերովբեական
կառքիդ մեջ և վերնային սրբասաց սերովբեների կողմից դավանվում ես որպես մեկը
Սուրբ Երրորդությունից, որի համար Քեզ, Հոր և Սուրբ Հոգու հետ, սոսկալի
ձայնով երեքսրբյան փառաբանություն են մատուցում իրենց հրեղեն բերաններով`
սարսափելով Քո աստվածության Աթոռի առջև, ասելով` լի է ողջ երկիրը Քո
փառքով: Դո՛ւ, Տեր, տեղի տալով Քո մարդասիրությանը, չկարողացար անտեսել Քո
արարածներին` հողից ստեղծվածներին, այլ բարեհաճեցիր նաև մեր բնությունից
փառավորվել` մեր հողեղեն ու ստորակա բնությունը խառնելով վերնական, հոգեղեն
ու հրեղեն աննյութական բնության հետ. աշխարհ եկար Հոր և Սուրբ Հոգու
կամքով, ծառայի կերպարանք ստացար սուրբ և անարատ կույս Մարիամից, և Հոր
ճշմարիտ խոսքդ` անեղծ ու անապական, նոր ու անճառելի խառնումով մարմնանալով և
կատարելով բոլոր ստվերատիպ օրենքները, եղար օրենքի ու մարգարեների լրում`
ճշմարիտ օրենսդիր, իմ Աստված Հիսուս Քրիստոս: Եվ ամեն ինչի ավարտին եկար
խորհրդի վերնատուն, կատարեցիր նաև սա` նոր փրկագործության մովսիսադիր,
ստվերատիպ, գառնազեն խորհուրդը, որը նախ Եգիպտոսում պատկերվեց. և արդ, Դու
Ինքնին սուրբ քահանայապետդ` խորհուրդի կատարողն ու Աստծո գառը, որ վերցնում
ես աշխարհի մեղքը, մեկ անգամվա պատարագով սիրով հատեցիր Քո մարմինը`
բաշխելով Քո ընտրյալ աշակերտներին. և նրանց հրամայեցիր մեզ համար եղած Քո
կամավոր չարչարանքներն ու մահը պատմել մինչև Քո մյուս անգամվա երկրորդ ու
փառավոր գալուստը: Բայց նախքան այս բոլորը, անճառելի խոնարհությամբ մեկ
կողմ դնելով հանդերձները, դաստառակով զգեստավորվեցիր` Դո՛ւ, որ լույսը
հագած ունես որպես վերարկու. և Դո՛ւ, Ում ծնրադրում են երկնավորներն ու
երկրավորները, հողեղեն ոտքերը լվանալու նպատակով տնօրինական մարդեղությամբ
խոնարհվելով աշակերտների ծնկների առջև և մասնավորապես սուրբ ավազանի
խորհուրդը պատկերելով, միայն ոտքերը լվանալով ճանաչել տվեցիր. իսկ
կատարյալ խոնարհությունդ հայտնապես ուսուցանեցիր ու ավանդեցիր` ասելով, թե`
մի օրինակ տվեցի ձեզ, որպեսզի ինչպես որ ես ձեզ արեցի, դուք էլ միմյանց
անեք: Եվ արդ, բարերա՛ր Տեր, մենք` Քո մեղավոր ծառաներն ու Քո արոտի հոտը,
սուրբ առաքյալների միջոցով մեզ ավանդված Քո աստվածային օրենսդրության
համաձայն սուրբ եկեղեցու գավիթում հավաքվածներս, աղաչում ենք Քեզ,
արքունական աթոռից ուղարկիր Քո էակից և Քո ծնողին փառակից Սուրբ Հոգուդ,
որպեսզի գալով հանգչի մեր հավաքատեղիում և սրբի այս ջուրը` մեր մեղքերի
թեթևության և ամեն տեսակի բարի ճանապարհների ընթացքի համար, որպեսզի սրանով
զորացնելով մեր գարշապարները, խաչով զգեստավորված` անխափան ընթանանք Քո
պատվիրանների հավիտենական ճանապարհով և արժանի լինենք հասնելու սուրբերի
ժառանգության բաժնին` լույսի մեջ, և գոհանալով փառավորենք ամենասուրբ
Երրորդությունդ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
* * *
Տէրունական Ընթրիք |
Դարձյալ
երկրպագում և աղաչում ենք Քո ամենագութ ողորմությանը, քավի՛ր մեր հոգիների
ախտն ու անօրենությունն այս ջրի միջոցով, ինչպես ողջ երկրի անօրենությունը
Նոյի օրոք` հեղեղի ջրով, և ինչպես Նեեման Ասորու բորոտությունը` Հորդանանի
ջրով, և ինչպես զանազան ախտերը` Սելովմի ջրերի հուզվելու միջոցով, և
ինչպես ողջ աշխարհի մեղքը` վերստին ծննդյան սուրբ ավազանի միջոցով. և
ինչպես որ այն ժամանակ, հաստատելով Քո ճշմարիտ մարդեղությունը, տնօրինաբար
խոնարհվեցիր և լվացիր Քո երանելի առաքյալների ոտքերը` զորացնելով նրանց
գարշապարները ողջ տիեզերքում Քո Ավետարանով ընթանալու, ինչպես և աներկյուղ
համարձակությամբ թշնամու զորությունները կոխոտելու համար, նույնպես և մեր
մեջ հրաշագործիր, մարդասեր Տե՛ր, Քո աներևույթ գալստյամբ, որպեսզի և մենք,
Քո շնորհներով զորացած, անխափան ընթանանք Քո պատվիրանների շավիղներով, որով
և փրկության հասնելու արժանանանք Քո բոլոր սուրբերի հետ, և գոհանալով
փառավորենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս. Ամեն:
ԱՂՈԹՔ ՄԻԱՅՆ ՅՈՒՂԻ ՎՐԱ
Ավագ Հինգշաբթի օրը` Ոտնլվայի արարողության ժամանակ
Ամենքի
գլուխ մեր Քրիստոս Աստված, Քո մեծ ողորմության պատճառով յուղի օծումն
ընդունեցիր պոռնիկ կնոջից և նրա հիշատակն ավանդեցիր ողջ տիեզերքում` Քո
քարոզության սուրբ Ավետարանի միջոցով: Ուստի սուրբ առաքյալները, օրհնության
նույն յուղը Սուրբ Հոգու տվչությամբ ընդունելով, ավանդեցին Քո բոլոր
հավատացյալներին, որպեսզի քահանայական խորհրդակատարությամբ պաշտվի Քո Սուրբ
Եկեղեցու մեջ: Արդ, մենք, ըստ այն յուղի օրինակի, օրհնում ենք այս յուղը
Քո հավատացյալների ոտքերի օծման համար և խնդրում ենք Քո մարդասիրությունից`
ուղարկի՛ր մեզ մոտ Քո շնորհների նույն Հոգին, որը գալով թող մեր մեջ
բնակվի և բժշկի մեր հոգիների մեղքերը: Որպեսզի միշտ և ամեն ժամ գոհանալով
Քո ամենառատ գթությունից, կատարենք Քո Աստվածային խոնարհության հիշատակը և
փառավորենք Քո սքանչելի տնօրինությունների զորությունը, ըստ որի փառավորված
ես բոլոր արարածներից, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս, Հոր և Սուրբ Հոգու
հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Aucun commentaire:
Enregistrer un commentaire
Սիրելի՛ այցելու, եթէ այս թեմայի առընչութեամբ Ձեզ մօտ առաջացան հարցեր, խնդրեմ, գրառեցէ՛ք այստեղ, որոնց սիրով կը պատասխանենք: